HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

Ճարտարապետական նորմերը խախտում են հենց պաշտոնյաները

Բնակարանային ֆոնդը յուրաքանչյուր պետության հարստությունն է: Սակայն բնակարանային ֆոնդի պահպանության հարցերին պետական կառույցների պատասխանատու օղակները, տեղական ինքնակառավարման մարմինները մատների արանքով են նայում։ Պետությունն իրենից թոթափել է բնակֆոնդի պահպանության ծանր «բեռը»' այն փոխանցելով սեփականատեր-բնակիչներին, որոնցից շատերը հիմնովին քանդում-վերակառուցում են հին ու նոր շենքերը' դրանք դարձնելով բիզնեսի վայր: Մինչեւ հիմքերը քանդել-շինելու գործընթացից մայրաքաղաքի կենտրոնի գրեթե ոչ մի շենք զերծ չի մնացել' անկախ նրանից, թե նոր սեփականատերը իբրեւ բնակարան է վերակառուցել, թե առեւտրի կամ սպասարկման օբյեկտի է վերածել գնված անշարժ գույքը:

«Պապլավոկ» սրճարանի հարեւանությամբ գտնվող Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքը կառուցվել է 1957 թվականին։ Բնակելի շենքի վրա, 5 տարի առաջ, մեկ սենյականոց բնակարանի նոր տերը' Երեւանի քաղաքապետարանի կադաստրի բաժնի նախկին պետ Սարգիս Աղաբեկյանը, նույն ինքը' «Էսկո» կոնցեռնի նախագահը, «Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ի պատասխանատուներից մեկը, առանց համատիրության գիտության եւ, բնական է, նաեւ առանց համաձայնության, կառուցել է երեք հարկանի նոր համալիր: Էլիտ-համալիրը կառուցվել է երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով, ունի քոթեջների համար նախատեսված լողավազան, սաունա, մարզասրահ, ձմեռային այգի եւ տասնյակից ավել սենյակներ:

Բնակելի շենքին երկրորդ փորձությունը վրա է հասել մեկ տարի անց' 2000թ.-ին, երբ կառուցված համալիրի ուղղությամբ, որպես արվեստանոց ստացած եւ անհատույց սեփականաշնորհած նկուղը ճարտարապետ Գագիկ Երանոսյանը, հատակի նիշը բարձրացնելու նպատակով, փորել է հիմքերը' 60 սմ գրունտային շերտից իջնելով ցած: «Մոսկովյան 8» համատիրության վարչության անդամ Էդուարդ Թումանյանը պատմում է. «Քանդողն ինքը հենց ճարտարապետ է, ապօրինությունների դեմ պայքարում էլ ումի՞ց ակնկալենք զորակցություն: Մեզ մնում էր բողոքների հեղեղ ուղղել պատկան մարմիններին, ինչն էլ որ արել ենք: Ցավոք, համատիրությունը, բազմաբնակարան շենքերի կառավարման կառույց լինելով' պատժամիջոցներ կիրառելու իրավասություններ չունի»:

Արձագանքելով շենքի բնակիչների դիմում-բողոքներին' եկել են «Հայսեյսմշին»-ից, նայել են «փաստաթղթերը»: Պարզվել է, որ «ճարտարապետի» թղթերում բացակայում են սեյսմիկ եզրակացությունը, համատիրության համաձայնությունը, թաղապետարանի թույլտվությունը: «Եկան, տեսան, գնացին, մենք էլ սփոփվեցինք սին խոստումով, որ Գագիկ Երանոսյանը անհապաղ ամրացում է կատարելու»,-պատմում են բնակիչները։ Անցել է 5 տարի, սակայն որեւէ ամրացում դեռեւս չի կատարվել:

Բնակիչներն ասացին նաեւ, որ «Մոսկովյան 8» շենքին ավելացված եռահարկ համալիրը համատիրության նախկին նախագահի թողտվությամբ է կատարվել: Իրենք ընդդիմացել են, թույլ չեն տվել, որպեսզի բակ ներխուժած հսկա կռունկը մարդկանց, երեխաների ներկայությամբ աշխատի, սակայն «նախագահը» հայտարարել է, որ միայն ինքն է թույլ տալիս կամ արգելում։ Նա ավելացրել է նաեւ, որ ապօրինության հեղինակը ամենակարող հովանավորներ ունի, ուստի ինքն անզոր է նրա դեմ պայքարելու:

Համատիրությունից հույսները կտրելով՝ բնակիչները դիմել են Կենտրոն թաղապետարանի նախկին ղեկավարությանը, սակայն ապարդյուն: Պարզվել է, որ համատիրության նախագահի հոխորտանքը ճիշտ է. «կառուցապատողը» հզոր մեջք ունի, ուստի նրա դեմ հետագա պայքարն, իրոք, պետք է վերածվեր «հողմաղացների դեմ պայքարի»:

Նշենք, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճարտարապետաքաղաքաշինական նորմերի աղաղակող խախտումներով ինքնակամ շինությունների հեղինակները իշխանության ամենաբարձր օղակներից են. դատաիրավական համակարգ, ոստիկանություն, ԱԺ, կառավարություն, ՀՀ Նախագահի ապարատ:

Մոսկովյան 8 շենքի բնակիչներից մեկը, մատնացույց անելով Մոսկովյան փողոցի դիմացի շենքը, ասաց. «Հենց հիմա մարզերից մեկի նախկին դատախազը, որը, ըստ մեզ հասած լուրերի, տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազություն' նոր աշխատանքի, փորում է 30-ականներին կառուցված շենքի հիմքերը:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունից փորձեցինք պարզել, թե հիմնավերանորոգումների մասով ներկայումս ի՞նչ պարտադիր ընթացակարգ է գործում: Քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչության պետ Ալեքսանդր Մովսիսյանն ասաց. «Շենքեր կան, որ 50-60-ական թվականներին են կառուցվել եւ չեն համապատասխանում 1960-ականների վերջին կառավարության կողմից հաստատված «Շինարարական նորմերին»: Այդ «նորմերը» հետագայում՝ 1981-95թթ.-ին, վերանայվել են: Մինչեւ 1960 թվականը կառուցված շենքերի սեյսմակայունությունը հաշվարկված է 7 բալանոց երկրաշարժի համար, եւ ցանկացած հիմնավերանորոգում միայն թուլացնում է հիմքերը' իջեցնելով ցնցադիմացկունության ցուցանիշը: Մեր գնահատումներով, առանց շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության, ընդհանրապես չի կարելի ձեռք տալ 50 եւ ավելի տարիք ունեցող շենքերին, որովհետեւ դրանց հիմքերում հնարավոր է առաջացած լինեն ճեղքեր, ձեւափոխություն: Եթե շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության արդյունքում տրվում է դրական եզրակացություն, ապա միայն դրանից հետո կարելի է սկսել նախագծային աշխատանքներ: Նմանատիպ նախագծերն արվում են արտոնագիր ունեցող հատուկ կոնստրուկտորային-նախագծային ինստիտուտների մասնագետների կողմից: Այնուհետեւ նախագիծն անցնում է փորձաքննություն»:

Խորհրդային տարիներին նախագծային լուծումների համապատասխանության ապահովումը ՀՀ օրենսդրության եւ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին իրականացվում էր արտագերատեսչական փորձաքննության պետական մարմնի կողմից: Անկախացումից հետո ստեղծվել են նման փորձաքննություն անցկացնելու արտոնագիր ունեցող մի շարք ընկերություններ: «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ավագյանն ասում է, թե իրենք պատվիրատուների պակաս ունեն, այն պարագայում, երբ մայրաքաղաքի կենտրոնը վերածվել է մեծ շինհրապարակի: Ըստ Սերգեյ Ավագյանի՝ կառուցապատողները նախընտրում են գործ ունենալ փորձաքննություն իրականացնող մասնավոր կառույցների հետ, որովհետեւ վերջիններս առաջարկում են ցածր սակագներ, աչք են փակում նորմատիվային խախտումների առջե ւ : Պրն Ավագյանը տեղեկացրեց, որ 2002թ. ՀՀ կառավարության թիվ 96 որոշմամբ սահմանված է նորմատիվային փաստաթղթերի փաթեթը, որում ընդգրկված են շենքի հիմքից մինչեւ ջերմաֆիզիկական պայմանները կառուցապատողին ներկայացվող պարտադիր պահանջները: Որոշ պահանջներ, որոնք մարդկանց կյանքի, առողջության տեսանկյունից վտանգ են ներկայացնում, տրված են նույնիսկ քանակական թույլատրելի շեմերով:

Այսպես՝ օրենսդրության առումով, կարծես, պակաս տեղ չկա, սակայն Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի վտանգված սեյսմակայունության ապահովման հարցը մինչ օրս չի լուծվում: Բնակիչները չեն հոգնել դռներ թակելուց: «Կենտրոն» համայնքի թաղապետարանից ստացված պաշտոնական պատասխանից հետո' «...Վերոհիշյալ հասցեի 1-ին մուտքի նկուղում կատարված հողային աշխատանքները եւ նույն մուտքի տանիքում գտնվող մանսարդային հարկը կառուցվել է տարիներ առաջ, եւ այն ապամոնտաժելու համար հարկավոր է դիմել դատական մարմիններին», բնակիչները որոշել են դիմել դատարան:

Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի տագնապահարույց վիճակի մասին ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչության պետի տեղակալ Մուշեղ Հովհաննիսյանն ասում է. «Թող բնակիչները քաղաքաշինության նախարարի անունով դիմում գրեն: Ապօրինությունները կատարվել են նախկինում, ուստի ընդհանուր վերահսկողության բաժնի աշխատակիցները կգնան տեղում կճշտեն կառուցապատողի գործողությունների օրինականության հարցը, շենքին հասցված վնասի չափը եւ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն, ընդհուպ մինչեւ պատժամիջոցների կիրառումը»: Նա պարզաբանեց նաեւ պատժամիջոցների էությունը, որոնք սահմանված են օրենքով. «Եթե ահազանգը Երեւանից է, որպես կանոն՝ դիմում ենք քաղաքապետին' տեղեկացնելով, որ նշյալ հասցեում այսինչ քաղաքացու կողմից կատարվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ: Որից հետո, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն' քաղաքապետարանը պատժամիջոցներ է կիրառում: Պայքարի այս ձեւը ոչ միայն ամենաարդյունավետն է, այլեւ ամենակարճը», - հավաստիացրեց պարոն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter