HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սպառողը շահեց դատը

Արարատ Դավթյան
Նատաշա Հարությունյան

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, մի քանի անգամ հետաձգվելուց հետո, փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հ. Շամախյանի հայցի քննությունը ընդդեմ «Նոր վերելք» ՍՊԸ-ի:

Հիշեցնենք` բժիշկ Հովսեփ Շամախյանին դատարան էր հասցրել «Նոր վերելք» ՍՊԸ-ին պատկանող «Ֆիլիպս» խանութից գնած «Ռայփուլ» («Whirlpool») ֆիրմայի սառնարանը: Դատավոր Հրաչ Հովհաննիսյանը, կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով, քաղաքացիական գործի վարույթը կարճեց:

Ըստ կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնության` պատասխանող կողմը` ի դեմս «Նոր վերելք» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Ասլանյանի, պարտավորվել է 40 օրվա ընթացքում անհատույց վերանորոգել սառնարանը եւ վերանորոգման օրը լրացնել երաշխիքային կտրոնը` 6-ամսյա ժամկետով:

Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Նունե Սարգսյանի հետ դատարանում էր նաեւ «Ֆիլիպս» խանութի վաճառող Աշոտ Ավետյանը: Մինչ գործի դատարան հասնելը Հ. Շամախյանի հետ համաձայնության չգալը Աշոտ Ավետյանը հիմնավորեց տնօրենի` քաղաքից բացակայությամբ, վարպետների վատառողջությամբ ու նմանատիպ պատճառաբանություններով: Ա. Ավետյանը հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք «Նոր վերելք» ՍՊԸ-ն «Ֆիլիպս» ֆիրմայի ներկայացուցի՞չն է:

Ռուսաստանի Դաշնությունում «Ֆիլիպսի» լրատվության կենտրոնի խորհրդատու Ալեքսեյ Բարանովի աջակցությամբ մենք պարզել ենք, որ ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Սայաթ-Նովա 24 հասցեում գտնվող «Սամգիռա» ՍՊԸ-ն է: Այս եւ «Նոր վերելք» ՍՊԸ-ին պատկանող նույն` «Ֆիլիպս» անունը կրող երկու խանութներն իրարից բաժանում է ընդամենը մեկ պատ: Ժամանակին այս բաժանումը չի եղել. գործել է մեկ խանութ, բայց մի քանի տարի առաջ խանութը կիսվել է, ու ձեւավորվել են վերոհիշյալ երկու ՍՊԸ-ները:

«Սամգիռա» ՍՊԸ-ին պատկանող խանութի մենեջեր Արմեն Վարդանյանի խոսքերով` իրենք Արեւելյան Եվրոպայի ու Կովկասի երկրները սպասարկող եվրոպական «ֆիլիպսի» (կենտրոնը գտնվում է Պրահայում) ներկայացուցիչն են, եւ այնտեղից միայն իրենք են «Ֆիլիպս» ֆիրմայի ապրանքներ ներկրում Հայաստան: Առանց կոնկրետացնելու` նա նշեց, որ շատ խանութներ այսօր Դուբայից Հայաստան են բերում տարբեր ֆիրմաների, այդ թվում` «Ֆիլիպսի» ապրանքատեսակներ եւ, վճարելով հարկերը, իրացնում դրանք առանց խոչընդոտի:

Ֆիրմայի ներկայացուցիչը լինելու առավելությունը, ըստ նրա, այն է, որ նախ` ապրանքը հաստատ կեղծ չի լինում, հետո` ֆիրման պարտավորվում է ապահովել անհրաժեշտ արտադրամասերը: Նշենք, որ «Սամգիռա»-ին պատկանող խանութում եւս «Ֆիլիպսից» բացի այլ ֆիրմաների ապրանքներ են վաճառվում: Ա. Վարդանյանը դա բացատրեց նրանով, որ իրենք պայմանագրեր ունեն նաեւ այդ ֆիրմաների հետ: Նա չթաքցրեց, որ իրենք եւս երբեմն որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերում Դուբայից. «Էականն ավելի շատ ոչ թե այս կամ այն ֆիրմայի ներկայացուցիչը լինելն է, այլ սպառողների առջեւ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կատարելը` սկսած երաշխիքային, վերջացրած հետերաշխիքային սպասարկմամբ»:

Դատարան դիմած բժիշկ Շամախյանը «Նոր վերելք» ՍՊԸ-ի հետ հաշտության համաձայնության կնքումն ինչ-որ չափով հաղթանակ է համարում, բայց բարոյական հարթությունում. «Ավելին չէի էլ սպասում. նրանք կհասկանան, որ բռիությունն ու լկտիությունն ամեն տեղ չի անցնում, ու սա նրանց համար դաս կլինի»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter