
Թիվ 132 դպրոցի ուսուցիչը մեղադրում է տնօրենին կաշառք պահանջելու և ստանալու մեջ (տեսանյութ)
Թիվ 132 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հակոբ Թադևոսյանն ահազանգել է «Հետքին»՝ հայտնելով, որ նույն դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն իրենից 70 հազար դրամ կաշառք է պահանջել՝ բացակայությունները հաշվի չառնելու համար։
Հակոբ Թադևոսյանը 1988թ-ին ոտքից հրազենային վիրավորում է ստացել Աֆղանստանի պատերազմում, այնուհետև 1992-ի մարտի 29-ին՝ արցախյան պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել ողնաշարի շրջանում։ Նա այս տարվա ապրիլի 3-14-ը Պաշտպանության նախարարության ուղեգրով մեկնել է պարտադիր ֆիզիոթերապևտիկ վերականգնողական բուժման։ Նշված օրերին իր հաշվին բացակայության թույլտվություն ստանալու նպատակով՝ ռազմագիտության ուսուցիչը դիմում է ներկայացրել դպրոցի փոխտնօրենին, քանի որ տնօրեն Վիկտորիա Սուքիասյանը գործուղման է եղել։ Թադևոսյանի դիմումը դպրոցի ղեկավար անձնակազմից որևէ մեկը չի մակագրել, իսկ տնօրեն Սուքիասյանը գործուղումից վերադառնալուց հետո Հակոբ Թադևոսյանին հորդորել է թողնել բուժումն ու վերադառնալ աշխատանքի։ Վերջինս, սակայն, վերադարձել է աշխատանքի՝ բուժման ավարտից հետո։
Դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանը ռազմագիտության ուսուցչին ասել է, որ նրա բացակայությունն անհիմն է, ինչը կարող է աշխատանքից հեռացման պատճառ հանդիսանալ։ Հակոբ Թադևոսյանը տնօրենին ցույց է տվել բժշկի տեղեկանքը, որում նշված է եղել, որ բացակայած օրերին նա բուժվելիս է եղել, որից հետո բացատրություն է գրել և շարունակել աշխատել։
Ըստ Թադևոսյանի՝ փոխտնօրենն իրեն փոխանցել է, որ տնօրեն Սուքիասյանը որոշել է իր բացակայությունը հաշվի չառնել և ասել է բացակայած օրերի տեղում լրացնել մատյանը։
«Ամսվա վերջում քարտուղարուհին [տնօրենի,-խմբ.] մոտենում է ինձ և հայտարարում, որ ես քանի որ 14 օր բացակայել եմ, այդ բացակայության գումարը պետք է տամ տնօրենին։ Տնօրենը երբեք իր բերանով ոչ ոքի բան չի ասում։ Քարտուղարուհուն ասացի՝ գնա, ասա չեմ տալիս։ Պահանջում էին 70 հազար դրամ՝ 12 օրվա բացակայության համար։ Քարտուղարուհին եկավ, ասաց՝ տնօրենն ասում է, եթե գումարը չի տալիս, բացակայությունները կհաշվենք և նկատողություն կտանք։ Ինձ ինքը թակարդը գցեց, 3 ամսում 2 նկատողություն ստանալու դեպքում՝ ուսուցիչն ավտոմատ հեռացվում է դպրոցից։ Ինձ ինքը տալու էր երկու նկատողություն՝ մեկը, որ բացակայել եմ և երկրորդը, որ ապօրինի լրացրել եմ մատյանը, ու ինձ հեռացնելու էր դպրոցից, քանի որ ինքը լավ գիտեր, որ ես այդ գումարը չեմ տա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ես տարա այդ գումարը տվեցի իրեն։ Մտա տնօրենի մոտ, տվեցի գումարը, ասացի՝ սա իմ բացակայությունների գումարը։ Ասաց՝ դա տար, տուր քարտուղարուհուն։ Ես էլ ծրարով 70 հազար դրամը տարա քարտուղարուհու մոտ, խփեցի սեղանին, ասացի՝ սա տուր տնօրենիդ, որ ձեր բյուջեն չպակասի»,- պատմում է Հակոբ Թադևոսյանը։
Նա գումարը տալուց 2 օր հետո դիմել է ոստիկանություն, ինչից հետո իրավապահ մարմիններն այցելել են դպրոց և սկսել նյութեր նախապատրաստել։
Տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն ուսուցչի պատմածը զրպարտություն համարեց՝ նշելով, որ միակ սխալը, որ ինքը թույլ է տվել, ռազմագիտության ուսուցչի բացակայությունը հաշվի չառնելն էր։
«Մենք բացակայություն իրեն չենք նշանակել, այո, այդ խախտումը տեղի ունեցել է։ Ես գիտեմ, որ ես այդպես պետք է չվարվեի, դրա իրավունքը չունեի»,- ասաց Սուքիասյանը։
«Հետքի» հարցին, թե արդյո՞ք տնօրենը դրա դիմաց գումար է պահանջել, վերջինս պատասխանեց. «Ես զարմացած եմ ուղղակի, ասելու բան չունեմ»։
Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել