HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ում ուզում եք, բողոքեք»,- ասում են պաշտոնյաները

Մուրազ Միրզախանյանը եւ իրանահայ Նորա Սիմջիյանը ունեն 7 երեխա: Շուտով կլրանա փոքրի 2 տարին, իսկ մեծը 13 տարեկան է: Նրանք ապրում են Երեւանի Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի առաջին մասնաշենքում:

Նրանց «բնակարանը» 16 քմ մակերեսով սենյակ է, ուր ապրում են 9 հոգով, պատուհանի կոտրված ապակիներին փոխարինում է ստվարաթուղթը, հատակի մեծ մասը բետոնից է, իսկ երեխաները` ոտաբոբիկ:

Մ. Միրզախանյանի ընտանիքը սկզբում ապրել է վարձով, հետո` «Նաիրի» հյուրանոցում, որտեղից էլ վարձի թանկացման պատճառով 1999-ին հայտնվել է փողոցում: Բաղրամյան պողոտայի հարակից այգում նրանց պատահաբար հանդիպել է այդ ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կինը` Միշել Լեմոնը, ում միջնորդությամբ էլ ընտանիքը տեղավորվել է Նոր Նորքի հանրակացարանների 2-րդ մասնաշենքում: Շուտով այս մասնաշենքը, ամբողջությամբ փախստականներով բնակեցնելու համար, ՄԱԿ-ի միջոցներով սկսել են վերակառուցել` դարձնելով բնակարանային տիպի: Առանց Մ. Միրզախանյանին տեղյակ պահելու` ընտանիքի ունեցվածքը (եթե այն կարելի է ունեցվածք անվանել) տեղափոխել են առաջին մասնաշենքի վերոհիշյալ սենյակ, որտեղ անգամ ջուր չկա. ընտանիքի հայրն արդեն 6 տարի է այն բերում է ընդհանուր լոգարանից:

Նորա Սիմջիյանն այդ օրերին եղել է ծննդատանը: Նա գիտի ՀՀ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանց տեղակալներին, նույնիսկ օգնականներին: Իր խոսքերով` շատերն իրեն էլ դեմքով ճանաչում են: Բազմազավակ մայրը բնակարանի խնդրանքով նամակ է գրել ՀՀ նախագահին: Պատասխանել են, թե դիմեք քաղաքապետարան: Այստեղից էլ հորդորել են դիմել թաղապետարան: Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանն անցյալ տարի խոստացել է միջնորդել ընտանիքին «Հույսի ավան» ծրագրում ընդգրկելու համար: «Մի քանի օրից թաղապետի օգնականը` Մարդոյանը, ասաց, որ ծրագիրը փակվել է: Խաբեց, որ իրենց չանհանգստացնենք»,- պատմում է Ն. Սիմջիյանը:

Ուսանողական հանրակացարանի 1-ին եւ 2-րդ մասնաշենքերը գտնվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաշվեկշռում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը, հաշվի առնելով, որ առաջին մասնաշենքում շատ են հայաստանցի ընտանիքները, հրաժարվել է ֆինանսավորել այդ մասնաշենքի վերակառուցումը:

Շենքը մնացել է անմխիթար վիճակում, ուր այժմ ապրում են մոտ 60 տեղացի եւ 50 փախստական ընտանիքներ: Անցյալ տարվանից տարեկան 20 փախստական ընտանիքների վիճակահանությամբ հատկացվում են բնակարանների գնման վկայագրեր: Մասնաշենքում այսօր 27 սենյակներ ազատ են, որոնց դռներին Տարածքային կառավարման նախարարության «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի տնօրեն Հրաչ Սեդրակյանն անձամբ իր ստորագրությամբ եւ ՓԲԸ-ի կնիքով հաստատված թղթեր է փակցնում:

«Ոչ ոքի ազատ սենյակներ չեն տրամադրվում: Լավագույն դեպքում հատկացվում է ոչ թե դրսից եկածներին, այլ ծանրաբեռնված ընտանիքներին, որոնք, ասենք, մեկ սենյակում ապրում են 4 կամ 5 հոգով»,- ասում է Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանը:

Սվետլանա Քոչարյանի 4 հոգանոց ընտանիքը բազմիցս դիմել է 2-րդ սենյակը ստանալու խնդրանքով: «Մինչեւ բանակ գնալը տղաս հատակին էր քնում: Հիմա սեղան չունենք. տեղը մահճակալ ենք դրել: Աղջիկս 20 տարեկան է, բայց ծոցս է քնում: Սենյակում ո°չ հագնվել, ո°չ էլ նորմալ քնել է լինում»- բողոքում է երեխաների մայրը:

«Դուք վերցված եք հանրակացարանների կարիքավորների ցուցակում»: Սա Եվա Ղազարյանի` լրացուցիչ սենյակ ստանալու 2001թ. դիմումի գրավոր պատասխանն է` ստորագրված Ա. Հարությունյանի կողմից: Սակայն մինչ օրս 1990թ.-ից հանրակացարանում ապրող Ե. Ղազարյանի «հերթը» չի հասել: Նա 5 անչափահաս երեխաների մայր է: Աղջիկը 4 տարի առաջ, երբ դեռ 8 տարեկան էր, Երեւանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում դաստիարակի կողմից ենթարկվել է սեռական բռնի գործողությունների, ինչի պատճառով դարձել է դյուրագրգիռ, ագրեսիվ: «Հոգեկան աշխարհը խախտվել էր. ծեծում էր երեխեքին: Մի անգամ դանակով ընկել էր ախպոր հետեւից»,- պատմում է մայրը:

Այս եւ սոցիալական պայմանների պատճառով նա աղջկան տվել է մանկատուն: Ավագ որդին էլ ապրում է հարազատների մոտ. «Խի ես չե՞մ ուզում, որ երեխեքս հետս լինեն: Բայց ո՞նց, սենյակում քայլելու տեղ էլ չկա»,- ասում է Ե. Ղազարյանը:

«Եթե փող տաս, 2-րդ, 3-րդ սենյակն էլ կտան»,- համոզված են հանրակացարանի բնակիչներից ոմանք: Նրանք չցանկացան հրապարակել իրենց անունները` «էղած «բնից» էլ պտի զրկվենք» հիմնավորմամբ: Ըստ նրանց` հանրակացարանում կան բնակիչներ, ովքեր մի քանի սենյակներ միացրել են, ձեւափոխել, խոհանոց ու լոգարան կառուցել: Ավելին` նրանք նշում են, որ հանրակացարանում տեղացի նորաբնակներ էլ կան. «Մենք դեմ չենք. խոսքն արդարության մասին է»,- շեշտում են նրանք:

«Նման բաներ բացառվում են: Եթե կոնկրետ անուն կտաք, կխոսենք, հա՞: Լուրջ չի. ես էլ կարող եմ շատ բան ասել: Ախր ինչի՞ց են վախենում,- զարմանում է Ա. Հարությունյանը եւ հավելում,- վտարման հարց մեր կողմից չի բարձրացվում, եթե, իհարկե, դա չլինի անօրինական զբաղեցրած տարածք, ասենք` պարզվի, որ ինչ-որ մեկը տուն ունի... »:

Փախստականների վարչության պետը եզրափակեց, թե չարժե շահարկել ազատ սենյակների հարցը, քանի որ բուն նպատակը մասնաշենքն ազատելն է, ոչ թե այդ վթարային շենքի սենյակները նորից վերաբաշխելը: Այնուամենայնիվ, նա իր մոտ նշեց Մուրազ Միրզախանյանի ու Եվա Ղազարյանի անունները. «Չեմ ուզում նախապես որեւէ բան խոստանալ, բայց թող Գագիկ Եգանյանի անունով դիմում գրեն, հարցը կքննարկենք»,- խոստացավ Ա. Հարությունյանը:

Մ. Միրզախանյանը հիշում է նաեւ, որ 2 տարի առաջ մի քանի պաշտոնյաների հետ հանրակացարան ստուգման է եկել Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Ինքը մոտեցել է նրան, խնդրել, որ իրենց սենյակ էլ այցելի, ընդառաջի, որ գոնե այն փոխեն. «Ոնց-որ իրա հետ չխոսեի, հեչ վեջը չէր,- սրտնեղած պատմում է Մ. Միրզախանյանն ու շարունակում,- էս տարի էլ Սեդրակյանի հետ Արա Հարությունյանն էր փակ սենյակների «պլոմբները» ստուգում: Գնացի, էլի ասացի` ի՞նչ կլինի, գոնե սենյակը փոխեք` ջուր ունենանք: Էդ ժամանակ կինս էլ մոտեցավ, ասաց` մի բան արեք, թե չէ Եգանյանին կբողոքենք, ասաց` ում ուզում եք, բողոքեք»:

«Արայիկն էլ, Սեդրակյանն էլ, Եգանյանն էլ շատ դաժան են. մեզ չեն խղճում»,- փորձելով հուզմունքը թաքցնել` նվաղած ձայնով ասաց 7 անչափահաս երեխաների մայրը` Նորա Սիմջիյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter