HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հաշմանդամին զրկում են կրթության իրավունքից

«Ես իրականում 2-րդ խմբի հաշմանդամ եմ,- ասում է Հայաստանում անցկացվող հաշմանդամների գեղեցկության ամենամյա մրցույթի այս տարվա հաղթող, փոխգեղեցկուհի Նարինե Ղուկասյանը,- 2000թ. ուզում էի ընդունվել Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետ: Բայց ՀՀ սոցապ նախարարության Բժշկասոցիալական փորձաքննական գործակալությունում ինձ հորդորեցին հրաժարվել այդ մտքից՝ ասելով, թե իբր ֆիզիկապես անկարող եմ դիմանալ ուսման ծանրաբեռնվածությանը: Ես պնդում էի հակառակը, վստահեցնում, որ ի վիճակի եմ սովորելու: Ի վերջո, հանձնաժողովն ուղղակի առաջարկեց ընտրություն կատարել. կա՛մ շարունակում էի մնալ 2-րդ խմբի հաշմանդամ ու հրաժարվում բուհ ընդունվելու մտադրությունից, կա՛մ ճանաչվում էի 3-րդ խմբի հաշմանդամ եւ ճակատագիրս ինքնուրույն տնօրինում»:

Հաշմանդամ երեխան, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» («ՀՍՊ մասին») ՀՀ օրենքով տրվող արտոնությամբ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնելու, իսկ արդեն այս տարվանից, օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն, վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվում են պետպատվերի շրջանակում: Սակայն հաշմանդամ դիմորդն այս արտոնությունից օգտվելու համար անպայման պետք է ունենա նաեւ Բժշկասոցիալական փորձաքննական գործակալության (ԲՍՓ) եզրակացությունը, որ նշված մասնագիտությամբ կրթությունը եւ հետագայում նաեւ աշխատանքն իրեն հակացուցված չէ:

Գործակալության պետ Միշա Վանյանի խոսքերով՝ իրենք նախեւառաջ ուղղորդում են հաշմանդամին, առաջարկում իր կարողություններին համապատասխան մասնագիտություն ընտրել:

«Բայց եթե վերջինս ընտրում է այնպիսի մասնագիտություն, որի, մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամությամբ պայմանավորված, ուսուցման պատճառով կարող է վատթարանալ իր առողջական վիճակը կամ ուսումն ավարտելուց հետո չի կարող աշխատել տվյալ մասնագիտությամբ, առավել եւս, եթե նրա մոտ առկա է հիվանդություն, որը վտանգավոր է շրջապատի համար, ապա գործակալությունը մերժում է տվյալ հաշմանդամին կրթություն ստանալու եզրակացություն տրամադրել»,-պարզաբանեց Մ. Վանյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդատու Ժորա Խաչատրյանը գտնում է, որ եզրակացություն չտրամադրելը սահմանափակում է հաշմանդամի իրավունքը եւ չի բխում նրան հասարակությանն ինտեգրելու` պետության քաղաքականությունից. «Հաշմանդամն ուզում է կրթություն ստանալ, ինքնազարգացմամբ զբաղվել, ոչ թե մասնագետ դառնալ: Ոչ ոք իրավունք չունի զրկել նրան այդ իրավունքից»,- ասում է նա եւ հավելում, որ հետագայում գործատուն, հաշմանդամից պահանջելով համապատասխան եզրակացություն, պետք է որոշի՝ ընդունի՞ նրան աշխատանքի, թե՞ ոչ:

«Պետությունն ամբողջ կյանքում հաշմանդամին նպաստ, կենսաթոշակ վճարելու փոխարեն իր հաշվին նրան ուսուցանում է, որպեսզի նա դառնա մասնագետ, ապահովի իր տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական անկախությունը ու հետագայում անձամբ հոգա սեփական ծախսերը՝ միաժամանակ թեթեւացնելով նաեւ պետության ծախսերը»,- հակադարձում է գործակալության պետ Մ. Վանյանը:

«Լիազոր մարմինն ապակողմնորոշել է պետությանը եւ իրականացնում է ոչ թե նրա, այլ իր սուբյեկտիվ քաղաքականությունը»,- ի պատասխան մեկնաբանում է Ժ. Խաչատրյանը: Գործակալությունն ուսման պատճառով հաշմանդամության խորացումը թույլ չտալու հիմնավորմամբ եւս կրթությունը հակացուցված է համարում: Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդատուն համաձայն է այս սահմանափակման հետ եւ դա հաշմանդամի իրավունքի ոտնահարում չի համարում, թեեւ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք (անկախ նրանից` հաշմանդա՞մ է, թե՞ ոչ) ունի կրթության իրավունք. «Եկեք չբացարձականացնենք իրավունքը»,- ասում է Ժ. Խաչատրյանը: Ըստ նրա՝ այս դեպքում հարցը միայն այն է, թե որքանով է օբյեկտիվ գործում գործակալությունը:

«Անձին հաշմանդամ ճանաչում են նախ տարածքային հանձնաժողովում՝ 4 մասնագետներ, հետո գալիս է մեզ մոտ ու նորից ստուգում են 12 մասնագետներ, դրանից հետո հսկում է տեղակալս, եւ ես նայում եմ բոլոր գործերը մեկ-մեկ: Ի՞նչ սուբյեկտիվության մասին է խոսքը, կամ այդ ի՞նչ պետք է լինի, որ այս 18 հոգին էլ գնան խախտման»,- զարմանում է Մ. Վանյանը:

Ի պատասխան՝ Ժ. Խաչատրյանը նշում է. «Բոլորս էլ գիտենք` նման հանձնաժողովներում որոշակի խոսք ունենում են մեկը կամ երկուսը եւ քողարկվում են այդ 18-ի կամ 20-ի տակ»:

Գործակալության պետը, որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հիմնական փաստարկ, նշում է այն, որ, իր խոսքերով, սկսած դատախազությունից, ավարտած նախագահի վերահսկողականով` տարեկան 4-5 ծառայություն համակարգի գործունեությունը լուրջ վերահսկում է:

«Հեքիաթներ թող չպատմեն. այդ համակարգը շատ լավ ներդրված համակարգ է, եւ իրենք գիտեն, թե ինչը ոնց են անում ու վերահսկվում»,- ասում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը:

Ըստ նրա՝ գործակալությունը խախտում է հաշմանդամի կրթության եւ մասնագիտություն ընտրելու իրավունքը, իսկ դրա համար բերվող հիմնավորումները նա որակում է որպես անհեթեթություններ: Գործակալության պետն էլ վստահեցնում է, որ իրենք, եզրակացություն չտրամադրելով, հաշմանդամին զրկում են ոչ թե կրթություն ստանալու իրավունքից, այլ արտոնյալ պայմաններով բուհ ընդունվելու հնարավորությունից, որովհետեւ վերջինս կարող է ոչ հաշմանդամ դիմորդների հետ հավասար պայմաններում քննությունները հաջողությամբ հանձնել ու ընդունվել բուհ:

«Այդ եզրակացություն ասվածը մենք կիրառում ենք որպես հաշմանդամի սոցիալական պաշտպանության միջոց»,- ասում է Մ. Վանյանը՝ վկայակոչելով «ՀՍՊ մասին» օրենքը, ըստ որի՝ գործակալությունը պետք է որոշի նաեւ «հաշմանդամի վերականգնման եւ սոցիալական պաշտպանության տեսակները», ինչն էլ, ըստ նրա, ներառում է նաեւ հաշմանդամի կրթական, մասնագիտական ներուժի գնահատումը:

«Ի վերջո, չի կարող մարդն իր առողջական վիճակն ավելի լավ իմանալ, քան բժիշկը»,- հավաստիացնում է գործակալության պետն ու բերում հետեւյալ օրինակը, որ մի կողմից տեսողության լուրջ խնդիրներ ունեցող հաշմանդամը կարող է դառնալ, ասենք, լավ երաժիշտ, երգահան, բայց չի կարող ընտրել մի մասնագիտություն, երբ օրական ստիպված է կարդալ առնվազն 8-ից 10 ժամ. «Եթե նա չի ուզում մեզ լսել, խնդրեմ, թող իր ուժերով ընդունվի ու տեսողությունից զրկվի: Պետությունը նրան այդ գործում չի օգնի»: Մ. Վանյանը հատուկ շեշտում է, որ տարեցտարի նվազում է եզրակացություն չստացողների թիվը:

ՀՀ սոցապ նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը անցյալ տարի նոյեմբերին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ խոստացավ, որ արդեն այս տարի՝ 2006թ.-ին, հաշմանդամ դիմորդներից գործակալության եզրակացություն չի պահանջվի: Սակայն այս տարի հաշմանդամներից բուհ ընդունվելու համար դարձյալ պահանջել են գործակալության եզրակացությունը: Ջ. Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ այս կապակցությամբ: Իսկ նրա տեղակալ Անահիտ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նման հարց օրակարգում երբեւէ չի եղել եւ այսօր էլ չկա. «Համենայնդեպս, ես տեղյակ չեմ»,- ասում է նա:

«Նրանք դեմագոգիայով են զբաղված. այնքան հետաքրքրված չեն իրենց ոլորտով, որ նույնիսկ միջազգային փորձը չգիտեն»,- ասում է Սուսաննա Թադեւոսյանը:

Ս. Թադեւոսյանի կարծիքով` շրջապատի համար վտանգավոր հիվանդության պատճառով հաշմանդամին կրթությունը հակացուցելն էլ ոչ մի կերպ չի տեղավորվում տրամաբանության շրջանակներում: Ըստ նրա` ցանկացած մարդու, եթե նրա մոտ առկա է շրջապատի համար վտանգավոր հիվանդություն, պետք է բուժման նպատակով ժամանակավորապես մեկուսացնել, ոչ թե զրկել արտոնյալ պայմաններով բուհ ընդունվելու հնարավորությունից: Որովհետեւ նույն այդ հիվանդությունը լսարանից բացի հավասարապես վտանգավոր է նաեւ, ասենք, տրանսպորտում, հասարակական զանազան վայրերում:

Տեղեկացնենք նաեւ, որ հաշմանդամ դիմորդից (նույնիսկ եթե նրա հաշմանդամությունն ակնառու է) առանց արտոնության ընդունելության քննություններին մասնակցելու դեպքում ոչ ոք գործակալության կողմից տրվող եզրակացություն չի պահանջում, ու անհասկանալի է` ու՞ր են մնում այս դեպքում շրջապատի համար եղած մտահոգությունները:

ԲՍՓ գործակալությունը շարունակում է գործունեությունը, եւ նրա «բարեհաճությանը» չարժանացած հաշմանդամը, որ գործակալությունում որպես կանոն լսում է «Դու անկարող ես... Քեզ հակացուցված է... » եւ նմանատիպ արտահայտություններ, ի հետեւանք ոչ թե կինտեգրվի, այլ կմեկուսանա հասարակությունից, ձեռք կբերի հոգեբանական բարդույթներ, կունենա ցածր ինքնագնահատական:

«Ես անասելի ծանր վիճակում էի»,- շարունակում է իր պատմությունը Նարինեն: Նա չի հրաժարվել կրթություն ստանալու մտադրությունից եւ 2-րդից դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ՝ զրկվելով «ՀՍՊ մասին» օրենքով տրվող արտոնությունից: Իսկ ամեն տարի բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով դարձյալ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու փաստը Նարինեն պայմանավորում է նրանով, որ փորձաքննությունները զուտ փաստաթղթային բնույթ են կրել, եւ առանց ֆիզիկական գանգատների մեջ խորանալու՝ ամեն անգամ մեխանիկորեն հաստատել են իր հաշմանդամության փաստաթղթում նշված խումբը:

Ուժեղ կամքի շնորհիվ արդեն հաջորդ տարի Նարինեն ոչ հաշմանդամ դիմորդների հետ հավասար պայմաններում մասնակցել է քննություններին եւ ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի անվճար համակարգ ու գերազանց ավարտել այն: Այս տարի նա ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի վճարովի համակարգ:

Ուսման վարձը տարեկան 380 հազար դրամ է, ինչի պատճառով էլ Նարինեն դասերին չի հաճախում: Բայց նա չի հուսահատվել եւ, ինչպես ինքն է ասում, հաջորդ տարի անպայման ընդունվելու է անվճար համակարգ. «Որովհետեւ, ինչպես ինձ փորձում էին համոզել, ես անկարողունակ չեմ, ես հաստատ կարող եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter