HY RU EN

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանն ի աջակցություն Գարեգին Չուգասզյանի` հացադուլ են հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել: Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից:

Խանդոյանն ու Պետրոսյանը հացադուլը սկսել են՝ ի աջակցություն «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի: Վերջինս դեռևս ապրիլի 24-ին ձերբակալվելուց հետո հացադուլ էր հայտարարել` պահանջելով ազատ արձակել Հայաստանի  քաղբանտարակյալներին:

Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են հացադուլ հայտարարած անձանց  համար նախատեսված խուց:

Նշենք, որ արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը ևս գտնվում է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված առանձին խցում: Մայիսի 7-ին Չուգասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանն ահազանգել է այն մասին, որ  իր պաշտպանյալը խիստ հյուծված է: ՔԿՎ-ից հայտնում են, որ Չուգասզյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին: Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:

Չուգասզյանը մոտ երկու տարի ընդհատակում է եղել, ապա օրեր առաջ ընդհատակից դուրս է եկել ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ Չուգասզյանը ապրիլի 23-ին միացել է համաժողովրդական հեղափոխությանը՝ ժողովրդին միանալով Հանրապետության հրապարակում:

Հացադուլ հայտարարած մյուս երկու անձինք՝ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը, մեղադրվում են 2016-ի ամռանը Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: