HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ. «Լիդիանը կոլապսի առջև է Ամուլսարում»

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք.

«Նման եզրակացության կարելի է հանգել, եթե կարդաք Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված օֆշորային Լիդիան Ինթերնեշընըլ (Լիդիան) ընկերությանը վերաբերող ֆորումում տեղ գտած մեկնաբանությունները: Այստեղ ընկերության մի շարք բաժնետերեր մտահոգություններ ունեն կապված ընկերության գործունեության հետ, քանի որ նրանց զանգերին և էլեկտրոնային նամակներին Լիդիանից ոչ ոք չի պատասխանում: Նրանք գրում են, որ փորձում են կապ հաստատել ընկերության հետ՝ հասկանալու, թե ի՞նչն, օրինակ, դրդեց ընկերության տնօրեն Հովարդ Սթիվենսոնին լքել իր պաշտոնը, կամ ինչպե՞ս ընկերությունն ընտրեց իր նոր տնօրենին: Մեկնաբանություններից մեկը՝ «Չգիտեմ ինչ է տեղի ունենում այստեղ՝ Լիդիանը փոխեց իր տնօրենին և բերեց մեկին, ով Էկո-Օրոյի ղեկավարն էր, որն էլ այժմ դատի է տալիս Կոլումբիայի կառավարությանը: Անհասկանալի է, թե ինչու Լիդիանն ավելի երկար ժամանակ չծախսեց տնօրենի այլընտրանք գտնելու համար»:

Մեկ այլ մեկնաբանություն էլ այսպիսի հարցադրում ուներ` «Ես նույնպես փորձեցի կապ հաստատել Սթիվենսոնի հապճեպ հեռանալը հասկանալու համար կամ ինչպես պիտի կառավարեն այս 40 միլիոն ԱՄՆ դոլար հավելյալ ծախսը: Ոչ մի պատասխան: Անձամբ ես շատ եմ զայրանում, երբ տեսնում եմ, որ ընկերությունը խոստանում է հավատարիմ մնալ այս ծրագիրն այս տարի իրականացնելու պլանին: Ես սա հասկանում եմ որպես կասկած, թե այս տարի որևէ բան տեղի կունենա: Սկոտիայի վերլուծաբանը գնահատում է, որ ընկերությունը 60 միլիոն ԱՄՆ դոլար կստանա բաժնետոմսերն ավելացնելով 34%-ով (խմբ․ ինչը հանգեցնում է բաժնետոմսերի գների անկմանը):»

Մեկ այլ բաժնետիրոջ պատասխանը՝ «Երբ մարտ ամսին ես խոսեցի իրենց ղեկավարության հետ, ես և մյուս բաժնետերերս մեր խորը դժգոհությունը հայտնեցինք, եթե նրանք որոշեն ավելացնել ֆինանսները` արժեթղթեր ավելացնելով: Սա ապտակ կլինի բոլոր առկա բաժնետերերին, քանի որ դա կվերացնի ընկերությունում մեր ունեցած բաժնետոմսերի ողջ արժեքը: Եթե սա տեղի ունենա, ես կանեմ ամեն հնարավորը, որ բոլորը՝ այդ թվում գործընկերներս, ընտանիքս, ընկերներս և մյուսները դեմ քվեարկեն այս ղեկավարությանը և ղեկավարների խորհրդին, եթե նրանք մտադրված են բաժնետերերի կարևորությունն այսպես ապականել»:

«Այս տարի հանքի բացմանը չեմ հավատում: Նաև գիտեմ, որ հայերը ոչխար չեն: Աֆրիկայի նման չէ, որ կարողանաս մի զինվորական գեներալի ուղարկես ու փակես գյուղացիների բերանը. դա այստեղ չի աշխատի: Ուստի Ամուլսարում խնդիր կա: Միակ տարբերակը, եթե ընկերությունը քաղաքի հետ նոր պայմանագիր կնքի, սակայն ինչը նոր ծախսեր և լրացուցիչ ժամանակ կպահանջի: Քանի որ կոռուպցիան ամենուր է, քաղաքային իշխանություններն այնպես կանեն, որ սրանից լրացուցիչ գումարներ պոկեն: Ավելի լավ է հնարավորություններ փնտրեք այլ բորսաներում»:

«Համաձայն եմ, չափից դուրս շատ կարմիր լույսեր կան այստեղ: Մի երկուսն ինձ համար խնդիր չէին, սակայն անորոշությունները շատանում են»:

Նշենք, որ բաժնետերերի համար նաև ահազանգ էր գործադուլը, որը վերջերս տեղի ունեցող ներհայաստանյան քաղաքական իրադարձությունների ֆոնին դրդել էր Ամուլսարում շինարարական աշխատանքներում աշխատողներին լքել իրենց աշխատավայրը և միանալ գործադուլավորներին: Ընկերությունը սա փորձել էր ներկայացնել որպես իր կողմից իբրև թե բարի կամքի դրսևորում՝ «չխոչընդոտելու իր աշխատակիցների ազատ կամարտահայտման իրավունքը»:

Ինչևէ, թե՛ բաժնետերերի, և թե՛ մեզ համար անսպասելի ու կասկածելի էր ընկերության գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հեռանալը ընկերությունից (այն էլ մայիսի 1-ին): Արդյոք կապվա՞ծ էր դա Հայաստանի կոռումպացված քաղաքական-տնտեսական էլիտայի նահանջի հետ, թե՞ կան այլ խնդիրներ: Միգուցե բազմաթիվ խոստումներ տվող տնօրենի հեռանալու պատճառը տեղական համայնքներում աճող դժգոհությունն է հանքի հանդեպ, և իհարկե փորձագետների և բնապահպանների ընդդիմությունն այս ծրագրին, ինչի արդյունքում միայն վերջին տասն օրերի ընթացքում ընկերության արժեթղթերի արժեքը նվազել է 21%-ով՝ 0.45-ից իջնելով 0.35:  Կամ միգուցե 40 միլիոն դոլարի բացը լրացնելու խնդի՞ր կա:

Իսկ ո՞վ է նոր տնօրենը: Ժոաո Կարելլիոյի ղեկավարած բազմաթիվ հանքարդյունաբերական ընկերություններից թերևս աչքի է ընկնում 2012-2014թթ.-ին նրա տնօրինած «Eco Oro Minerals Corp.» ընկերությունը: Այս ընկերությունը Կոլումբիայի Սանտանդեր շրջանում, որը ջրագոյացման կարևոր գոտի է (ջրով ապահովելով կոլումբիացիների 70%-ին) իր եզակի կենդանական և բուսական աշխարհով, դեռևս 1994թ.-ին սկսեց նախագծել այնտեղ ոսկու հանքի շահագործում: Թեև օրենքն արգելում էր այս տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, ընկերությունն օգտվեց օրենսդրական բացերից և անցավ գործի:

Դե իսկ Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցեց ծրագրին 11 միլիոն դոլարով՝ չսպասելով բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականին: Տեղացիների բողոքն այստեղ նույնպես հասավ ընդհուպ մինչև ՄՖԿ-ի օմբուդսմենի գրասենյակ (ինչպես և Ամուլսարի դեպքում), որն էլ չորս տարի անց իր եզրակացությունը հայտնեց՝ նշելով, որ ՄՖԿ չափանիշները խախտվել են, չեն իրականացվել ազդեցության համապատասխան գնատահակում: Կոլումբիական դատարաններն էլ իրենց հերթին էին եզրակացրել, որ ընկերությունը ապօրինի գործունեություն է ծավալում, ինչի արդյունքում այն պետք է կանգնեցներ այն:

Ընկերությունը դրա փոխարեն դիմեց Համաշխարհային բանկի ներդումների դատարան՝ հիմնվելով Կանադա-Կոլումբիա առևտրային պայմանագրի վրա: Տեղացիների և հանրության շարունակական բողոքների արդյունքում ՄՖԿ-ն անաղմուկ դուրս եկավ ծրագրից: Նշենք, որ պետության դեմ հայցով ընկերությունն ակնկալում է ստանալ 696 միլիոն դոլար և 68 միլիոն դոլար տոկոսների փոխհատուցում: Իսկ այս ծրագրում ընկերությունը ներդրումը կազմել է մոտ 250 միլիոն դոլար: Որոշումը նոյեմբերից շուտ չի ակնկալվում:

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ինչու՞ հենց Eco Oro-ի նախկին տնօրեն Ժոաո Կարելլիոն նշանակվեց Լիդիան Ինթերնեշընըլի տնօրեն: Արդյո՞ք Լիդիանը կանխազգացումներ ունի իր գործունեության մոտալուտ դադարի մասին՝ ուստի ցանկանում է դատական քաշքշուկներում փորձառու մեկին ունենալ իր ղեկին: Ինչևէ, թե՛ Լիդիան Ինթենեշընըլը, և թե՛ Լիդիան Արմենիան ակնհայտորեն չեն զլանում իրենց թիմում ընդգրկել որպես կանոն նախկինում սկանդալային փորձ ունեցող մասնագետների: 2018թ.-ի հունվարին էլ Լիդիան Ինթերնեշնըլը հայտարարեց, որ Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի գլխավոր մենեջերը կլինի Ռոդնի Ստուպարիկը, ով Ղրղզստանի տխրահռչակ Կումտոր  ոսկու հանքի Ռիսկերի, համապատասխանության և կայուն զարգացման փոխնախագահն է եղել: Այս հանքին մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ՝ որպես ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող մի ծրագիր, որը սպառնում է տարածաշրջանի ջրային պաշարներին, բացասաբար է ազդում կլիմայի վրա, խախտում է տեղացիների իրավունքները և այլն:

Բոլոր այս դեպքերում նմանատիպ սցենարներ են նշմարվում: Միջազգային բանկերը ներդրումներ են անում ծրագրերում՝ առանց ուշադրություն դարձնելու սոցիալական և բնապահպանական հետևանքներին: Դե իսկ այն համայնքներում, ուր սա առաջացնում է դժգոհություն, տեղի են ունենում տարիներ տևող պայքարներ դատական և սոցիալական այլ հարթակներում: Հատկապես այնտեղ, ուր տեղացիների դիմադրությունն անդրդվելի է լինում, հնարավորություն է առաջանում վերջ դնել բնությունն ու մարդկանց կեղեքող ծրագրերին: Հայաստանն էլ այժմ նոր փուլ է թևակոխում, ինչն արդեն իսկ հանգեցրել է սոցիալական ընդվզման օլիգարխիայի, կոռուպցիայի, հանքերի և այլնի դեմ: Ամուլսարում էլ աշխատակիցների միանալը համահայկական գործադուլին ոչ թե Լիդիանի բարի կամքի դրսևորման արդյունք էր, այլ նոր սոցիալ-քաղաքական մթնոլորտում աշխատողների ընդզվում ընդդեմ կեղեքողների: Սա հատկապես լավ գիտակցում են կեղեքողները: Ուստի և անարձագանք են թողնում անգամ իրենց բաժնետերերի հարցադրումները:

Լիդիանի բոլոր բաժնետերերին կոչ ենք անում ևս մեկ անգամ դիտել այս տեսահոլովակը և տեղեկացված լինել, որ այս ընդվզումն այդ թվում նաև հանքի դեմ է և այո, լավ կլինի, որ այս պահից ի վեր հնարավորություններ փնտրեն այլ բորսաներում՝ հատկապես, որ ոսկու ծրագիրն Ամուլսարում, համաձայն որոշ աղբյուրների, հիմնված է իրականությանը չհամապտասխանող տվյալների վրա։ Որոշ վերլուծությունների համաձայն՝ Ամուլսարում չկա 73 տոննա ոսկի, ինչը փորձում է ներկայացնել Լիդիանը՝ ներդրողներին հրապուրելու համար։ Միևնույն ժամանակ այս ծրագիրը իրավական տեսանկյունից բավականին բացթողումներ ունի, ուստի և Լիդիանը կարող է պարտված դուրս գալ, նույնիսկ եթե փորձի վիճարկել իր արած ծախսերը վերադարձնելու հարցը: Նշենք նաև, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ Լիդիանը թաքցրել էր և պատշաճ կերպով չէր ուսումնասիրել ու ներկայացրել թթվային դրենաժի ռիսկերը և բացասական ազդեցությունը քաղցրահամ և հանքային ջրերի վրա, ինչն ի հայտ է եկել 2017 թվականին Բրոնոզյանի անկախ փորձագետների հետազոտությունների արդյունքում»:

Մեկնաբանություններ (2)

Onnik Kiremitlian
It's the time to put an end to the reckless exploitation and devastation of Armenia's environment by the likes of Lydian Group and other local and foreign mining groups who found their criminal accomplices in the ruling mafiosi oligarchs of the criminal Republican Party of Armenia.
Օննիկ Քիրէմիթլեան
Այո՛, ժամն է եկել որ Լիդիանը եւ իր նման արտասահմանեան ու տեղական կեղեքիչներն ու աւերիչները, որոնք գործում էին հհկ ոջիլների մեղսակցութեամբ ի սպառ հեռացուեն Հայաստանից՝ ի շահ Հայութեան եւ Հայաստանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter