
Ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամները միացան ցուցարարներին. վերջիններս փակել են փողոցը
Քիչ առաջ քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարներին միացան նաեւ «Ելք» խմբակցության ավագանու որոշ անդամներ: Խմբակցության անդամները քաղաքապետարանի շենքից դուրս եկան խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ:
Ինչպես լրագրողներին հայտնեց Խաժակյանը, Տարոն Մարգարյանի հրաժարականի համար արդեն իսկ ուշ է, նա պետք է վաղուց հրաժարական տար՝ դեռ Սերժ Սարգսյանի հրաժարականից էլ առաջ:
Ասաց, որ այստեղ են՝ իրենց ընկերների կողքին, նույն պահանջով: Գործնական քայլերի մասով Խաժակյանը հստակ որևէ բան չասաց, նշեց, որ սպասում են իրենց խմբակցության որոշ անդամների, որպեսզի նիստ անեն, որից հետո ընդհանուր հայտարարությամբ հանդես կգան:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ավագանու կազմում մեծամասնություն է, Խաժակյանը հակադարձեց, որ Ազգային ժողովում եւս նրանք մեծամասնություն էին:
Դավիթ Խաժակյանը չգիտեր՝ արդյոք Տարոն Մարգարյանը տեղյակ է ակցիայի մասին. ասաց, որ նրան այսօր չի տեսել:
Հավելենք, որ րոպեներ առաջ ցուցարարները փակեցին քաղաքապետարանի դիմացով անցնող Արգիշտի փողոցը՝ վանկարկելով «Տարոսը Տարոնին»:
Ցուցարարները փակեցին նաեւ Արգիշտի փողոցից Գրիգոր Լուսավորիչ տանող հատվածը:
Ցուցարարները այդպես էլ ականջալուր չեղան ճանապարհային ոստիկանության աշխատակցի հորդորներին եւ չբացեցին Արգիշտի փողոցը, որպեսզի երթեկությունը վերականգնվի: Մեքենաները ստիպված եղան շրջադարձ կատարել եւ վերադառնալ Արգիշտի փողոցով՝ այլ ուղղությամբ շարժվելու համար:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ ցուցարարները փակ են պահում Երեւանի քաղաքապետարանի դինացի ճանապարհները՝ վարորդներին կոչ անելով միանալ իրեն պայքարին եւ պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ցուցարարները վանկարկում են «Տարոնի վերջը եկել ա»:
Մեկնաբանել