HY RU EN

Դիանա Ղազարյան

«Միր» հեռուստաընկերությանը անհատույց օգտագործման տարածք տրամադրվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով 387 քառ․ մետր մակերեսով տարածք հատկացնել։

Հեռուստաընկերությանը 10 տարի ժամկետով կտրամադրվի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված, Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող շենքից տարածք։ Դրա կադաստրային արժեքը գնահատվել է 101 միլիոն դրամ։  

Հեռուստաընկերությանն այդ տարածքը 5 տարի ժամկետով հանձնվել էր դեռևս կառավարության 2013 թվականի որոշմամբ։ Հեռուստաընկերությանը տրվող նախկին 538 քառ.մետր մակերեսը այս անգամ փոխարինվել է 387 քառ.մետր մակերեսով, քանի որ այս անգամ չեն հաշվարկվել ընդհանուր օգտագործման տարածքները՝ աստիճանավանդակներն ու միջանցքը:

Տարածքի անհատույց տրամադրման համար կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն մարտ ամսին դիմել է հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը։ Տնօրենը խնդրել է տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը ևս 5 տարի ժամկետով երկարաձգել։