
Աղվան Վարդանյանին կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, ըստ որի` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի լիազորությունները այսօրվանից դադարեցվում են:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբաձումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Վարդանյանին խորհրդարանում կփոխարինի ՀՅԴ համապետական ցուցակի հաջորդ համարը՝ Ռուզաննա Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Առաքելյանը նախկինում ևս պատգամավոր է եղել, նա պատգամավոր է ընտրվել 2007 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ՀՅԴ-ի համամասնական ընտրակարգով, ՀՅԴ անդամ է:
Աղվան Վարդանյանը մանդատը վայր էր դրել, քանի որ հրաժարվել էր մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրություններում քվեարկել այնպես, ինչպես ավելի վաղ որոշել էր կուսակցությունը:
Մեկնաբանել