HY RU EN

Արաքս Մամուլյան

Նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը Արդշինբանկի մասնաճյուղի կառավարչի վերաբերյալ քրեական գործով վկա է

«Արդշինբանկի» նախկին կառավարիչ Արթուր Կարապետյանի վերաբերյալ քրեական գործով Հայաստանի նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը վկա է:

Այս գործով տեղի ունեցած վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են բանկի Երևան մասնաճյուղի կառավարիչ Վիկտորիա Կարճիկյանն ու ավանդատու Հարություն Համբարձումյանը: Վերջինս դատարանին հայտնել է, որ նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը բարեկամական հարաբերություններ ունի Արդշինբանկի վարկը ոչ նպատակային օգտագործելու առթիվ հարուցված քրեական գործով անցնող մեղադրյալնեից մեկի` «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի հետ:

Հիշեցնենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում է Արդշինբանկի «Երևան» մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանի վերաբերյալ քրեական գործ: Ըստ մեղադրանքի` Արթուր Կարապետյանը, ով 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ (այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի) «Երևան» մասնաճյուղի կառավարիչը, մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում  «Արդշինիբանկ» ՓԲԸ-ից միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ օգտագործելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր լիազորությունները չարաշահելու մեջ, որով, ըստ մեղադրանքի, բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացել են ծանր հետևանքներ:

Ըստ գործի նյութերի՝ «Հագենաս» ՍՊԸ-ն «Արդշինբանկ»-ից  շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկ է վերցրել, հայտնել, որ պետք է ալկոհոլային խմիչք արտահանի, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ չի մարել:

Վարկը ստանալու համար գրավադրված է եղել բանկի ավանդատու Կարեն Գևորգյանի, ինչպես նաև վերջինիս աղջկա և կնոջ՝ բանկում ունեցած ավանդը, և վարկային պարտավորությունները «Հագենաս» ՍՊԸ-ի կողմից չմարելուց հետո իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի  չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին: Ըստ գործի նյութերի՝ Կարեն Գևորգյանին, այսպիսով, պատճառվել է 660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ Արթուր Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:

Արթուր Կարապետյանը ժխտում է վերը նշված գործընթացում նյութական շահագրգռվածություն ունենալու հանգամանքը, իսկ Կարեն Գևորգյանի ընտանիքը պնդում է, որ Կարապետյանի մասնակցությամբ գործարքները  ստորագրելիս դրանց բովանդակությանը չեն ծանոթացել, չեն իմացել, որ իրենց ավանդները գրավադրվել են «Հագենաս»-ի վարկի համար:

Դատարանում ցուցմունք տված վկա Հարություն Համբարձումյանը, ով Արթուր Կարապետյանի ընկերն է եղել, ասաց, որ Կարապետյանն իրենից  երկու անգամ խնդրել է 10 000 ԱՄՆ դոլար գումար: Առաջին անգամ, ըստ Հարություն Համբարձումյանի, ինքն իր անունով վարկ է վերցրել ու տվել Կարապետյանին, իսկ երկրորդ անգամ իր ավանդի գումարից է տվել ընկերոջը:

Ըստ Հարություն Համբարձումյանի՝  Արթուր Կարապետյանը խոսել է Չինաստան կոնյակ արտահանելու մասին, և որքանով ինքը հասկացել է, այս գործընթացը Կարապետյանը նախաձեռնել է «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի հետ, ով, սակայն, շուտով անհետացել է: Գևորգյանի անհետանալու հանգամանքն, ըստ Հարություն Համբարձումյանի, անհանգստություն է առաջացրել Կարապետյանի մեջ, և որպես Համբարձումյանի գումարները չվերադարձնելու պատճառ Կարապետյանը նշել է Խաչիկ Գևորգյանի չհայտնվելու հանգամանքը:

Համբարձումյանը, նշեց, Արթուր Կարապետյանի դեմ բողոք է ներկայացրել, ընդգծեց, որ իրեն ոչ այնքան Կարապետյանին տված առաջին, որքան երկրորդ 10 000 ԱՄՆ դոլար գումարն է բարկացրել, քանի որ երկրորդ անգամ գումարը վերցնելիս Արթուր Կարապետյանն իրեն մոլորեցրել է: Մասնավորապես՝ ըստ Համբարձումյանի ցուցմունքի՝ Կարապետյանն իրենից գումարը վերցնելիս ասել է, որ այն տալու է բանկի ավանդատու, գործով տուժող Կարեն Գևորգյանին՝ հավատացնելով, որ դրանից հետո հնարավորություն է ունենալու վերադարձնել նաև իր՝ Համբարձումյանի գումարը:

Սակայն, ըստ Համբարձումյանի՝ Արթուր Կարապետյանն առհասարակ որևէ գումար չի տվել Կարեն Գևորգյանին, ինչի մասին ինքն իմացել է գործով քննիչից. վերջինս, Համբարձումյանի հայտարարության համաձայն, իրեն ցույց է տվել Կարեն Գևորգյանի ցուցմունքը, որից էլ իր համար պարզ է դարձել, որ Կարապետյանը Գևորգյանին գումար չի տվել: Եթե վկայի խոսքերը համապատասխանում են իրականությանն, ապա անհասկանալի է դառնում, թե ինչպե՞ս է նախաքննության փուլում գործով քննիչը վկային ցույց տվել տուժողի ցուցմուքները:

Նշենք, որ գործով մյուս մեղադրյալ Խաչիկ Գևորգյանը տևական ժամանակ հետախուզման մեջ է եղել. վերջինիս մասով դատարանում գործ չկա: Հարություն Համբարձումյանը դատարանում ցուցմունք տալիս նշեց, որ նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը մեկ անգամ չէ, որ Խաչիկ Գևորգյանի հետ գնացել է բանկ, որպեսզի վերջինիս վարկ տրամադրեն:

Դատարանում ցուցմունք տված  «Արդշինբանկի» Երևան մասնաճյուղի ներկայիս կառավարիչ Վիկտորիա Կարճիկյանը, ըստ էության, իր ցուցմունքում հաստատել է այն հանգամանքները, որոնց մասին տևական ժամանակ բարձրաձայնում են Արթուր Կարապետյանն ու վերջինիս պաշտպանը:

Մասնավորապես, պաշտպանական կողմը պնդում է, որ Արթուր Կարապետյանն անգամ ցանկության դեպքում չէր կարողանա վարկի հետ կապված որևէ գործարք կատարել, եթե վերադասի կողմից լիազորված չլիներ: Մասնավորապես՝ ըստ պաշտպանական կողմի՝ բանկում մի շարք ստորաբաժանումներ կան, որոնք պատասխանատու են մինչև վարկի տրամադրումը ստուգել պոտենցիալ վարկառուի տրամադրած փաստաթղթերի իսկությունը, իրավունակությունը, վարկունակությունը, նպատակների իրական լինելու հանգամանքը և վարկի տրամադրման համար ռիսկային այլ գործոններ: Այս ստորաբաժանումներից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը, և արդյունքում ստացված տվյալների հիման վրա բանկի խորհուրդը որոշում է կայացնում վարկը տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ: Դրանից հետո միայն բանկը կառավարչին լիազորում է կնքել վարկի հետ կապված պայմանագիրը:

Վիկտորիա Կարճիկյանը նույնպես դատարանում ցուցմունք տալիս նշեց այս հանգամանքները:

Ինչպես արդեն նշել ենք, «Հագենաս» ՍՊԸ-ի վարկի մարման ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, թեև ընկերությունն իր վարկային պարտավորությունները մարած չի եղել: Այս գործով դատարանում պարզաբանումներ ներկայացրած փորձագետ Պետիկ Սմբատյանը նշել է, որ այս գործարքներում բազմաթիվ խախտումներ են եղել, մի դեպքում դիմումատուի դիմումն է գործից բացակայել, մեկ այլ դեպքում՝ լիազորագիրը:

Գործով տուժող Կարեն Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը Վիկտորիա Կարճիկյանին հարցեր ուղղեց՝ կապված գործում առկա դիմումների հետ՝ բարձրաձայնելով այն մասին, որ, օրինակ, թեև «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանը Հայաստանում չի եղել, գործում նրա անունից դիմում է առկա, որի հիման վրա վարկի մարման ժամկետը երկարաձգվել է:

Վիկտորիա Կարճիկյանն այս առնչությամբ սպառիչ պարզաբանումներ չներկայացրեց, նշեց միայն, որ երկարաձգման վերաբերյալ գործարքը կատարվում է կողմերի դիմումների հիման վրա, և անհնար համարեց, որ նրանց կամ նրանց կողմից լիազորված անձանց դիմումների բացակայության պայմաններում որևէ գործարք կատարվեր. համենայնդեպս, ըստ Կարճիկյանի, կարգն այդպիսին է:

Այս գործով հաջորդ դատական նիստը մայիսի 24-ին է:

Լուսանկարում՝ ձախից Արթուր Կարապետյանը, պաշտպան Բագրատ Պետրոսյանը