HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Համաուսանողական քննարկում ԵՊՀ-ում

Այսօր ԵՊՀ-ում հրավիրվել էր համաուսանողական քննարկում, որտեղ տարբեր բուհերից հավաքված ուսանողները ներկայացնում էին իրենց հուզող հարցերը կրթական համակարգի բարեփոխումների առնչությամբ։ Քննարկմանը ներկա էին 13 բուհերի ուսանողներ, օրակարգային հարցերն էին` համալսարանների ապակուսակցականացումը, ուսանողական խորհուրդների ապակուսակցականացումը, ուսման բարձր վարձավճարները եւ դասախոսների ցածր աշխատավարձը։

ԵՊՀ ուսանող, Restart նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ փորձում են առաջադրել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են բուհերի ինքնակառավարմանը, կրթության որակի բարելավմանը, կառավարման թափանցիկությանը, ֆինանսական ռեսուրսների արդյունավետությանը։

«Երկրում տեղի ունեցող գործընթացը ցույց տվեց, որ ուսանողները կարող են որոշումների ընդունման վրա ունենալ ազդեցություն։ Այս ընթացքում կարևոր է, որ կենտրոնանանք արդիական խնդիրների շուրջ, մենք, հեղափոխության մասնակից դառնալով, պատասխանատվություն ենք կրում մեր համալսարանների համար»,-նշեց Դավիթ Պետրոսյանը։

Հանդիպմանը ներկա էր նաև քիչ առաջ ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանը: «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ ուսանողների դերը հեղափոխության մեջ հսկայական է եղել։

Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերից մեկը տարկետման իրավունքն է: Ուսանող Սարգիս Բալդայանը ներկայացրեց, որ օրենքում սահմանված միավորները, որոնք հավաքելու դեպքում ուսանողը չի զորակոչվի, չափազանց բարձր են։ Իսկ Կոնսերվատորիայի ուսանողներից մեկն էլ նշեց, որ երաժշտի համար կարևոր է ամեն օր պարապելը և 2 տարի դադարի մեջ լինելը կազդի երաժշտի կարիերայի վրա։

ԵՊՀ ուսանողներ Անգին Մովսիսյանը և  Ալլա Եփրեմյանը նշեցին, որ իրենց համար կարևոր է նաև համալսարանի գրադարանի հարցը, քանի որ մասնագիտական գրքերի պակաս կա համալսարանում: «Թարգմանած գրականություն չկա ընդհանրապես, գրքերը շատ քիչ են, հիմնականում պատճենում ենք կամ ասում են գնեք, իսկ համալսարանում գրքերը թանկ են վաճառվում, էլեկտրոնային գրադարանում ևս գրքեր չկան»,-ասաց Անգին Մովսիսյանը։

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Մհեր Բաղդասարյանի խոսքով` կարևոր է փոխել նաև ընդունելության քննությունների կարգը «Բարձր գնահատական ստանալու համար այսօր միայն անգիր է պետք անել, անպայման պետք է փոփոխվի, քանակը դեռ որակ չէ»։

Տնտեսագիտական համալսարանի ուսանողներից Արամն ու Դավիթն էլ նշեցին, որ կարևոր է ապակուսակցականացնել համալսարանը և հնարավորություն տալ ուսանողներին ավելի ազատ լինել։

Քննարկմանը ներկա էին նաև Բժշկական համալսարանի ուսանողներից մի քանիսը, ովքեր նշեցին, որ դասադուլին մասնակցելու ընթացքում եղել են խնդիրներ բացակաների հետ կապված, սակայն հեղափոխությունից հետո բացակաները համարվել են հարգելի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter