Նախահեղափախական. Աշխատանքը իրական սեփականությունն է
Վահան Իշխանյանի «Հետհեղափոխական. Ազատականությունը համայնքայնության թշնամին է» հոդվածը շատ լավ ու պարզ ձևով ներկայացնում է համայնքայնության ու մարդու սեփականատեր լինելու հանրայնորեն պարտադրվող աքսիոմի բախումը, որը իսկապես որ, այստեղ կարելի է լիովին համաձայնել Վահանի հետ, ստեղծում է հանրային, պետական կյանքում առկա ու վերարտադրվող անարդարությունը, որը քայքայում է հասարակության, պետության համայնք լինելու հնարավորությունը, ստեղծում «հակահամայնական պետություն» կամ «հակահամայնական հասարակություն» ինքնաբացառող հրեշը:
Սակայն, Վահանի կողմից առաջարկվող լուծումը՝ սեփականությունը համայնքացնել, այսինքն՝ պետականացնել, իմ կարծիքով հարցի լուծում չի հանդիսանում, այլ ընդհամենն առաջացնում է մարդկանց մոտ անհագ կարոտ դեպի սեփականություն, սեփականաշնորհում, անսահման էգոիզմ և Վահանի հոդվածում նկարագրված այլ «ազատական» արատներ:
Պատճառն այն է, որ գտնվելով պետության ձեռքում` արտադրական սեփականությունը դարձյալ ոչ թե մերն է, այլ՝ նրանցը, տվյալ դեպքում չինովնիկներինը: Թվում է, թե ինչ վատ մասնագետ, կառավարիչ են, թող կառավարեն մեր օգտից ելնելով: Սակայն, կառավարելը այս դեպքում արագ դառնում է իշխել, պետության մոտ առաջանում է հայրիշխանական բարդույթ, պետությունը կեցվածք է ընդունում «մենք ձեզ ախատանք ենք տալիս, աշխատավարձ վճարում, կրթում, բուժում, դաստիարակում, ձեզ մնում է ենթարկվել, ուրիշ ի՞նչ»:
Իսկ ինչպե՞ս անել, որ սեփականությունը միշտ մնա մերը, և երբեք չդառնա «իրենցը»՝ լինի դա չինովնիկ, թե մի քանի հոգի կամ ընտանիք, խոշոր սեփականատեր: Վահանը գրում է՝ «եթե մասնավոր սեփականությունը կյանքի իմաստն է, ապա վերածվում է մոլուցքի ու սահման չի ճանաչում, չկա այն կետը, որտեղ այդ իմաստը կսպառվի, ուր նա կկանգնի ու կասի՝ հերիք է հարստանամ»: Ես կարծում եմ, որ այդ չափն ու սահմանը, կանգ առնելու կետը այնուամենայնիվ կա, և դա ուրիշի, կողքինի սեփականության իրավունքն է: Այս իմաստով սեփականությունն ու ուժը հոմանիշ են, ու կա մի լավ անգլիական ասացվածք՝ «ձեր բռունցք թափ տալու իրավունքը վերջանում է իմ քթի մոտ»:
Այսինքն՝ սեփականությունն անսահման ավելացնելու մոլուցքը սահմանափակվում է այն դեպքում, երբ սեփականատեր են բոլորը: Իսկ ո՞ր դեպքում բոլորը կարող են լինել սեփականատեր: Հավանաբար, այն դեպքում, երբ չկա աշխատավորի շահագործում: Իսկ ո՞ր դեպքում այն չկա, վերանում է:
Այն դեպքում, երբ ամբողջ արտադրանքը հավասարաբար կիսվում է արտադրողների միջև, լինի դա գործարան, արտ, օֆիս, հանք, խանութ, հյուրանոց կամ արտադրական ցանկացած այլ սեփականություն:
Արտադրության կազմակերպման այս եղանակը նշանակում է մի հիմնական, արմատական անցում՝ աշխատանք ոչ թե աշխատավարձի դիմաց, այլ՝ ընդհանուր եկամտի բաժնի դիմաց:
Սեփականության ու արտադրության այս եղանակը շրջանառությունից հանում է, հնացած է դարձնում հասկացությունների մի մեծ ընտանիք, որոնք են` արհմիություններ, աղքատներ, աշխատավորներ ու շահագործողներ, դասակարգեր ու դասակարգային պայքար, մարդու օտարվածություն աշխատանքից ու իշխանությունից:
Սեփականությունը ու իշխանությունը այս դեպքում հավասարապես բաշխված են բոլորի միջև, և ոչ մեկի էգոիզմը թույլ չի տալիս նրան ստանալ ավելին, քան մեկ շնչին ընկնող ընդհանուրի չափաբաժինը: Որովհետև այս դեպքում հանված է այդ ավելիին հասնցող գործիքը ու մեխանիզմը՝ աշխատավորի շահագործումը «սեփականատիրոջ» կողմից: Ու ես հակված եմ մտածել, որ ժամանակակից ձախ գաղափարախոսությունը կարող է խարսխված լինել միայն այս մեկ, պարզ ու շոշափելի սկզբունքի վրա:
Շնորհակալ եմ հետաքրքիր ու կարևոր թեմա քննարկելու տվածդ հնարավորության համար, Վահան:
Հ.Գ. Դիտավորյալ կարճ ակնարկումս չբերեցի պատմական փաստարկներ, հղում չարեցի ոչ մի տեքստերի, անունների ու նախադեպերի վրա, աշխատեցի ներկայացնեմ, ինչքան կարելի է պարզ, միայն միտքը, տրամաբանությունը:
Արա Նեդոլյան
լուսանկարը՝ Արա Նեդոլյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել