Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Մարինէ Խաչատուր
մանկավարժ-հետազոտող, գրող
Փասադենա, Կալիֆորնիա
Որպես հայ անհատ, որը անցյալ մեկ ամսվա ընթացքում սրտի դողով ու խանդավառությամբ է հետևել նոր Հայաստանի հեղափոխական իրադարձություններին և գնահատում է Ձեր նվիրյալ գործն ու ժողովրդի հետ կիսած Ձեր պատկերացումները ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության գալիքի վերաբերյալ, ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր կետերի, որոնք հավելյալ ճշգրտման կարիք ունեն։
Ա. «...բռնությունն այլեւս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, ներքաղաքական եւ ընդհանրապես ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան, եւ ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենան հայկական պետականության հետագա կայացումն ու հզորացումը»։
Ձեր վերոհիշյալ խոսքերը հույս են ներշնչում, որ կգա օրը երբ խաղաղասեր հայ ժողովուրդը հիմնովին կորդեգրի խաղաղ բանակցությունների ճանապարհով ներքին եւ արտաքին հարաբերությունների ոլորտում խնդիրներ լուծելու հաստատակամությունը։
Կարծում եմ, որ նույնը պետք է սերմանել ներմարդկային հարաբերություններում։ Բռնությունը պետք է բացառվի նաև հայ ընտանիքում։ Ազատ, արդար քաղաքացու հասարակական կրթությունը սկսվում է ընտանիքից։ ՈՒստի կառավարությունը չի կարող ձեռնպահ մնալ ընտանիքում բռնության դրսևորումների նկատմամբ, մանավանդ որ տուժողները սովորաբար սոցիալապես անապահով կանայք են ու երեխաները։ Խաղաղությունը, ճշմարիտն ու արդարը պետք է դառնան ապրելակերպ յուրաքանչյուր հայի համար։ Բռնի ու բիրտ ճանապարհով նպատակին հասնելը պետք է արմատախիլ անել հայ անհատի, ընտանիքի, հասարակության մտածելակերպից։ Այս հարցում մեր հոգևոր դպրոցը՝ եկեղեցին խստիվ թերացել է։ Իսկ տեխնոլոգիաներով հագեցած 21-րդ դարում գոյություն ունեն հոգևոր և հասարակական կրթության զանազան միջոցներ և աղբյուրներ։ Ամրագրեք ընտանեկան բռնությունը կանխարգելու վերաբերյալ օրենքը։
Բ. «…բանակցությունները չեն կարող լիարժեք եւ արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով»։
Արցախի հիմնախնդրի լուծման հարցում գովելի են Ձեր մոտեցումները։ Այո՛, Արցախը սուբյեկտ է, որը պետք է ակտիվ մասնակցություն ունենա իրեն վերաբերվող խնդիրների կարգավորման հարցում, մանավանդ լինել-չլինելու վերաբերյալ։ Հավելյալ, խնդրի խաղաղ ճանապարհով լուծումը պետք է լինի երկկողմանի արդար և ընդունելի։ Այո, Հայաստանը և Ադրբեջանը լինելով սահմանակից հարևաններ կարող են համատեղ աշխատել իրավիճակի կարգավորման աննախադեպ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Միջազգային փորձը հաջողություն է արձանագրել Ճշմարտություն և Վերականգնում Հանձնախմբի (Truth and Reconciliation Commission) գործարկմամբ։
Գ. «…կրթության ոլորտում ունենք լրջագույն հիմնախնդիրներ: Այդ խնդիրներից առաջնայինը, որը խաթարում է կրթական ողջ գործընթացը եւ խեղաթյուրում կրթական օջախների գործունեության իմաստը, դպրոցների եւ բուհերի կուսակցականացումն է: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դնել: Դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, ԲՈՒՀ-երի քաղաքական գործառույթը պետք է լինի ոչ թե իշխանամետ կամ ընդդիմադիր, այլ ազատ քաղաքացի դաստիարակելը, ազատ քաղաքացին ինքը թող որոշի իշխանամետ է ինքը ուզում լինել, ընդդիմադիր, թե ընդհանրապես ապաքաղաքական: Ընդ որում, երեք տարբերակն էլ պիտի հավասարապես հասանելի լինեն եւ հանդուրժվեն միջավայրի կողմից: Միայն այսպիսի պայմաններում է հնարավոր Հայաստանի կրթական համակարգը վերադարձնել կրթական պրոցեսի բնականոն հուն, որտեղ մարդիկ գալիս են գիտելիք ու հմտություն ստանալու, ստեղծագործական միտքն ու ճկունությունը զարգացնելու եւ ոչ թե կուսակցական կամ խմբային ցուցակներում ընդգրկվելու:»
Ապակուսակցականացում՝ այո։ Սակայն ինչպե՞ս եք պատկերացնում բնականոն հունը։ Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմնաքարն է։ Ազատ քաղաքացի կրթելու համար պարտադիր է ապահովել անհրաժեշտ պայմաններ ոչ միայն ԲՈԻՀ-երի այլ նաեւ դպրոցների կարիքները։ Դրսից նվիրատվություններով ազգային կրթական համակարգ պահել հնարավոր չէ։ Ավելին, հարկավոր է պայմաններ ապահովել ասպարեզում նորարարություներ խթանելու համար: Ապահովել ուսուցիչների արժանավայել աշխատավարձերը։ Մշակել ռազմավարություն մանկավարժական ինստիտուտի ծրագրերը արդիականացնելու, 21-րդ դարի պահանջնեըը հասկացող որակյալ մասնագետներ պատրաստելու համար։ Առավել ուշադրություն հատկացնել շրջանների եւ գյուղերի դպրոցներին։
«Հայաստանի բուհերին պիտի տրվի լիարժեք ակադեմիական ինքնակառավարում, ուսանող-համալսարան, ուսանող-դասախոս, աշակերտ-դպրոց, աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները պետք է փոխվեն արմատապես՝ հիմքում ունենալով կրթությունը, այդ թվում՝ քաղաքացիական կրթությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը:»
Այո՛։ Նաեւ վերացնել ԲՈՒՀ ընդունելության տարիքային սահմանափակումները։ ԲՈՒՀի առաջնային նպատակը գլոբալ եւ մասնագիտական կրթության հնարավորությոն ընձեռնելն է բոլոր հավակնորդներին, ո՛չ թե ինտելեկտուալ էլիտա ստեղծելը։
Դ. «…հաջորդ կարեւորագույն իրադարձությունը, որ վերջին ամսվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանում, կանանց աննախադեպ ակտիվությունն է հանրային-քաղաքական կյանքում: Վերջին մեկ ամսվա քաղաքական գործընթացներին կանանց մասշտաբային մասնակցությունն էր կարեւորագույն գործոններից մեկը, որ մեզ հնարավորություն տվեց Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն անվանել սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Մենք պետք է իսկապես լրջագույն ջանքեր գործադրենք, որ կանանց ընթացիկ ակտիվությունը շարունակի նորանոր դրսեւորումներ ստանալ մեր հանրային, պետական կյանքում: Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում, քաղաքական եւ հանրային գործունեության մեջ, որովհետեւ վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ նման ակտիվությունը լիովին համատեղելի է մեր ազգային ինքնության, ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումների հետ: Նոր Հայաստանում կանայք դառնալու են կամ արդեն դարձել են հզորագույն գործոն, ու նրանց դերակատարման մեծացումը ապահովելու է Հայաստանի կայուն եւ անցնցում զարգացումը սիրո եւ համերաշխության պայմաններում: Եւ հիմա այս բարձր ամբիոնից մերորպես ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու՝ ուզում եմ քաջալերել Հայաստանի կանանց եւ նրանց կոչ անել հեղափոխության այս հաղթական հանգրվանից հետո շարունակել ժամանակ տրամադրել հանրային կյանքին ու գործունեությանը, որովհետեւ համոզված եմ, որ այն մթնոլորտը եւ տրամադրությունը, որ հիմա Հայաստանում ստեղծվել են նաեւ նրանց ջանքերով, խթանելու են Հայաստանի Հանրապետության զարգացումը եւ ավելի են ուժեղացնելու առանց այն էլ ուժեղ հայկական ընտանիքը:»
Ես խնդիր չեմ տեսնում կանանց Հանրապետության զարգացումը խթանելու դերում։ Սակայն ինչու՞ եք կանանց ներդրումը սահմանափակում ընտանիքի ուժեղացմամբ։ Մի՞թե նրանք չեն կարող առաջնային դեր ունենալ տեխնոլոգիաների, տուրիզմի, բանկային համակարգի մեջ։
«ժամանակ տրամադրե՞լ»։ Ազատ, արդար Հայաստանի զարգացումը հայ կնոջ համար օդի ու ջրի պես անհրաժեշտություն է, ոչ թե հոբբի կամ «պարապ վախտի խածալիք»։ Ազատ, նոր Հայաստանը պետք է ապահովի կանանց ազատ ընտրության իրավունքը և հավասար մասնակցությունը բոլոր ասպարեզներում, ինչպես նաև տղամարդկանց անբռնի, արդար և հավասար մասնակցությունը ընտանիքի ամրապնդման հարցում։
Մտահոգիչ է, որ վարչապետի ընտրության մեջ «հզորագույն գործոն» եղած կանայք (նկատի չունեմ Արսինէ Խանջյանին) չեն հայտնվում վարչապետի խորհրդակցական թիկնախմբում։
Հարգելի Վարչապետ, հաջողություն եմ մաղթում Ձեր խիզախ քայլին։ Ձեզ եւ մեզ ընծայվել է բացառիկ հնարավորություն մեր ազգին եւ աշխարհին մեր լավագույնը նվիրելու։ Լինե՛նք ԱՐԺԱՆԻ։
Հարգանքներով՝
Մարինէ Խաչատուր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել