Խորհրդակցություն՝ ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ (տեսանյութ)
Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար։ Խոսելով ծառայության խնդիրների մասին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։
Նման դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Կարևորվեց արտաքին ծառայություն իրականացնող աշխատակիցների համազգեստի կոկիկությունն ու կարգապահությունը, քանի որ քաղաքացին առաջին հերթին հենց նրանց է տեսնում և պատկերացում կազմում համակարգի մասին։
Նշվեց, որ համայնքային ոստիկանության հենակետերը պետք է ավելի կանոնակարգեն աշխատանքը, իսկ համայնքային ոստիկանները հաճախ հանդիպումներ ունենան բնակիչների հետ, լսեն հուզող հարցերն ու հնարավորության դեպքում լուծումներ տան, կամ ուղղորդեն համապատասխան մարմիններ։ Համայնքային ոստիկանները պետք է լիարժեք տիրապետեն իրենց սպասարկող տարածքներում տիրող իրավիճակին։
Վալերիյ Օսիպյանը կարևորեց նաև այս տարի անցկացվելիք միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի, Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացումը։ Խորհրդակցությանը քննարկվեցին արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել