
Արսեն Համբարձումյան․ «Կա քաղաքական պայմանավորվածություն, որ ՀՅԴ-ն 2 նախարարական պորտֆել է ստանալու»
Հայ հեղափոխական դաշնակցությունը Կառավարության կազմում ընդրգրկված կլինի երկու նախարարական պորտֆելով։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։
«Կա քաղաքական պայմանավորվածություն, որ ՀՅԴ-ն երկու նախարարական պորտֆել է ստանալու»,- ասաց Համբարձումյանը։ Ըստ այդ պայմանավորվածության՝ Դաշնակցությանը տրամադրվելու է Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությունները։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվելու Արծվիկ Մինասյանը, Գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարությունում զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի, իսկ ավելի վաղ՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Արթուր Խաչատրյանն աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ, ապա նշանակվել էր Շիրակի մարզպետ։ ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալուց հետո Խաչատրյանը մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Լուսանկարում՝ ձախից՝ Արթուր Խաչատրյանը, աջից՝ Արծվիկ Մինասյանը։
Մեկնաբանել