HY RU EN

Ամալյա Մարգարյան

«Թուղթը աղբ չէ»․ նախաձեռնություն՝ թղթի թափոնները վերամշակելու համար

«Թիմ թայմ» նախաձեռնության անդամներ Հռիփսիմե Մկրտչյանն և Շուշան Բաբայանն այսօր Զաքյան փողոցում «Թուղթը աղբ չէ» խորագրով ակցիա էին իրականացնում։ Հավաքում են թղթերի թափոններ, որպեսզի հանձնեն վերամշակման։ Ակցիայի ընթացքում թղթեր բերեցին անհատներ և կազմակերպություններ։ Շուշան Բաբայանն ասաց, որ ուսանողները բերում են հավաքած դասախոսությունները, դպրոցականները՝ սևագիր դարձրած տետրերը։ Հավաքել էին նաև օգտագործած թղթե բաժակներ ու պիցայի ու թխվածքաբլիթների տուփեր։  

«Ավելորդ թղթերը հավաքել եմ, նույնիսկ փորձել մի քանի անգամ օգտագործել թուղթը՝ սևագիր սարքելով, վերամշակողները մեծ քանակի թղթեր էին միայն վերցնում, մտածում էի՝ ինչ անել, եթե կարելի է վերամշակել թուղթը, որոշեցի ակցիա իրականացնել և հավաքել ոչ միայն իմ թղթերը, այլև ուրիշներինը»,- ասում է նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Մկրտչյանը։

Ակցիան երկրորդ անգամ են իրականացնում։ Առաջին անգամ նախաձեռնողները հավաքել են 242 կգ թղթե թափոն և այն հանձնել վերամշակող ընկերությանը։ «Հետո իմացանք, որ հավաքած թուղթը համարժեք էր մեկ ծառի, ուրախացանք, քանի որ կարողացանք փրկել այդ մեկ ծառը»,- ասում է Հռիփսիմեն։ Շուշանն  էլ գտնում է, որ լավ կլիներ հավաքված թուղթը տրամադրվեր վերամշակող այնպիսի ընկերությունների, որոնք այլ առարկաներ կպատրաստեին՝ պայուսակներ, մատիտներ, սակայն համագործակցության համար դեռևս այդպիսի ընկերություններ չեն կարողացել գտնել։

Այս անգամ թուղը պետք է հանձնվեր մի անհատի, ում հետ նախապես պայմանավորվածության են ձեռք բերել, բայց նախաձեռնության հեղինակները ասացին, որ կազմակերպության ներկայացուցիչը հանդիպել է իրենց հետ, սակայն չի վերցրել թափոնը՝ առանց պատճառաբանության։ «Մտածում էի, ափսոս չէ, որ այսքան հավաքածը նորից աղբամանը նետեինք»,- ասում է Հռիփսիմե Մկրտչյանը, հետո ավելացնում, որ ակցիայից մեկ օր առաջ իր հետ կապվել է թղթի և փայտի թափոններից վառելանյութ պատրաստող մի ընկերության ղեկավար և տեսնելով իրավիճակը` նշել, որ ինքը կվերցնի հավաքած թուղթը։

«Առաջին անգամ անվճար ենք հանձնել հավաքած թափոնը, հետո ընկերներս խորհուրդ տվեցին, որ կարելի է նաև որոշակի գումար ստանալ և  ուղղել որևէ բարեգործական նպատակի համար»,- ասում է Հռիփսիմեն։ Այսօր հավաքած թղթերից ստացել են 10 հազար դրամ։ Այն պետք է տրամադրեն Վանաձորի դպրոցներից մեկին։

Հռիփսիմեն նշեց, որ թղթեր հավաքելու համար դիմել է մի քանի դպրոցների, կազմակերպությունների, նախաձեռնությանը միացել է Digilab-ի աշխատակազմը, որտեղ ևս հավաքել են թղթեր։ Հավաքած թափոնի մեջ առկա գրքերը նախաձեռնության անդամները հավաքում են և փոխանցում սահմանամերձ գյուղերին։

Հռիփսիմեին և Շուշանին օգնում էին նաև կամավորներ Ջորջը, Սիլվին, Տաթևը և Հայկը։ Սիլվին սովորում է դպրոցում, ասում է, որ ակցիայի մասին իմացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որոշել է միանալ, այսօր էլ օգնել է առանձնացնել թղթերը, մի կողմում է հավաքել գրքերը։

Ակցիան շարունակական է լինելու. հաջորդը մայիսի 26-ին է։