HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Իգլա» 2. Էջմիածնի նախկին քաղաքապետի որդու գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացությամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել «Իգլա»-ի գործը, որտեղ մեղադրյալը Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին է Ռոբերտ Աղվանյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այսինքն՝ ապօրինի կերպով պահել, փոխադրել ապա իրացրել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով, «9Մ39» տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռ: Ռոբերտ Աղվանյանը կալանավորված է:

Ըստ մեղադրական եզրակացության, Ռոբերտ Աղվանյանը 2011թ. ընթացում հանգուցյալ հոր տունը վաճառելիս խորդանոցում գտել է ապօրինի կերպով պահված վերոհիշյալ ռազմամթերքը, այն փաթեթավորել է պոլիէթիլենային թաղանթի մեջ, ապա ապօրինի փոխադրել է և գաղտնի պահել է ընկերոջ` Արթուր Վարդանյանի կնոջ մորը պատկանող Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում գտնվող տան նկուղում:

2017թ. փետրվարի 22-ին Ռոբերտ Աղվանյանը Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է իր վաղեմի ծանոթներին` Էջմիածին քաղաքի բնակիչներ Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին: Վերջիններս, ըստ մեղադրանքի՝ Սանասար Գաբրիելյանի հետ նախնական համաձայնությամբ, Սամվել Բաբայանի դրդմամբ վերջինիս կողմից խոստացված 50.000 ԱՄՆ դոլար վարձատրությունը ստանալու ակնկալիքով Վրաստանի տարածքում փնտրել են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Զրույցների ընթացքում Հրաչյա Մայիլյանից և Արմեն Պողոսյանից տեղեկանալով նշված ռազմամթերէը ձեռք բերելու մտադրության մասին, Ռոբերտ Աղվանյանը պատրաստակամություն է հայտնել 38.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրացնել այդ ռազմամթերքը:

Այնուհետև վերադառնալով Հայաստան Ռոբերտ Աղվանյանը 2017թ. մարտի 15-ին ապահովել է ապօրինի պահված ռազմամթերքի փոխադրումը Հայթաղ գյուղի ամայի տարածք, որտեղ հնարավորություն է ընձեռել Հրաչյա Մայիլյանին պլանշետային համակարգիչով նկարահանել այն` պատվիրատուին ցույց տալու համար, իսկ 2017թ. մարտի 17-ին 4000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց նույն գյուղում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով «9Մ39» տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռը փոխանցել է Հրաչյա Մայիլյանին` ապօրինի կերպով իրացնելով այն:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու  նպատակով 2017թ. դեկտեմբերի 25-ին Ռոբերտ Աղվանյանը Վրաստանից տեղափոխվել էր Հայաստան: 

Իսկ 2018թ. փետրվարի 16-ին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանում ցուցմունք էր տվել Ռոբերտ Աղվանյանին: Նա առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չէր հարցաքննվել: 

Լուսանկարում Ռ. Աղվանյան է՝ վերաքննիչ քրեական դատարանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter