
Կուրսանտի սպանության գործով դատարանը հասավ ամբաստանյալների հարցաքննության փուլին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, կուրսանտի սպանության գործով դատական նիստին այսօր անցավ ամբաստանյալների հարցաքննության փուլին:
Ամբաստանյալները, սակայն, այսօր ցուցմունք չտվեցին: Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք անցնում են սպանության գործով, դատարանին հայտնեցին, որ ցանկանում են ցուցմունք տալ, սակայն այսօր պատրաստ չեն: Ամբաստանյալ Նորայր Սահակյանը հայտնեց, որ ցուցմունք տալու կամ չտալու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար պետք է խորհրդակցի իր պաշտպանի հետ` նշելով, որ դիրքորոշումը կհայտնի հաջորդ դատական նիստին: Ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանն, ով անցնում է ոչ թե սպանության, այլ կանոնադրային հարաբերություններ խախտելու մեջ, ևս հայտարարեց, որ հաջորդ նիստին պատրաստ է ցուցմունք տալ:
Դատարանն արձանագրեց, որ այս փուլում ամբաստանյալները հրաժարվում են ցուցմունք տալ:
Սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը դժգոհեց դատաքննության շարունակ ձգձգումներից: Վերջինս նշեց, որ որդու սպանության գործով դատական վերջին նիստը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել, և ամբաստանյալներն ու վերջինիս պաշտպանյալներն այդ նիստի ընթացքում տեղեկացվել են, որ հաջորդիվ նախատեսվում է ամբաստանյալների հարցաքննությունները: Ուստի, ըստ Բարսեղյանի, պաշտպանական կողմը ցանկության դեպքում կարող էր այսօրվա նիստին պատրաստ ներկայանալ ու ցուցմուքներ տալ:
Դատավոր Դավիթ Հարությունյանը նույնպես արձանագրեց, որ պաշտպանական կողմն անբարեխիղճ է օգտվում իր իրավունքներից:
Այսօրվա դատական նիստին դատախազ Կարեն Հարությունյանը միջնորդեց հրապարակել վկաներ Սամվել Սերոբյանի և Արթուր Վահանյանի ցուցմունքները: Այդ երկու վկաներին դատարանը հարցաքննելու հնարավորություն չի ունեցել, քանի որ բացակայում են Հայաստանից: Վաչե Մարգարյանի և Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ` ի թիվս այլ հիմնավորումների նշելով նաև, որ մինչև դատաքննության փուլի ավարտն իրենք դեռևս բազմաթիվ միջնորդություններ ունեն, և չի բացառվում, որ մինչև այս դատավարական գործընթացների ավարտը վկաները Հայաստան գան և հնարավոր լինի իրականացնել նրանց հարցաքննությունը:
Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 21-ին:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար: Սպանության գործի նյութերի հիման վրա հարուցվել է մի քանի քրեական գործ ինչպես այլ կուրսանտների, այնպես էլ սպայական կազմի նկատմամբ:
Ըստ մեղադրանքի` ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել ինստիտուտի սպորտհրապարակից:
Մեկնաբանել