HY RU EN

Մարինե Մադաթյան

«ԿԳՆ-ն վերածվել էր անգլիական թագուհու լիազորություններով կառույցի». նոր օրակարգ և առաջարկություններ (տեսանյութ)

Ապագա կառավարությունում կրթության և գիտության նախարարին պետք է տալ փոխվարչապետի կարգավիճակ, որպեսզի փոփոխություններն ամբողջական լինեն: Սա կրթության փորձագետ, «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Սերոբ Խաչատրյանի կարծիքն է: «Որովհետև դուք չեք կարող կրթության և գիտության համակարգը բարեփոխել, եթե չունեք ազդեցություն մշակույթի, առողջապահության, սպորտի և երիտասարդության նախարարության կամ, ինչու ոչ, պաշտպանության ոլորտների վրա», - այսօրվա ասուլիսին ասաց Սերոբ Խաչատրյանը:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամներն այսօր հրապարակեցին իրենց պատրաստած առաջարկությունների փաթեթի նախնական տարբերակը, որը քննարկումներից հետո ներկայացնելու են կառավարություն: Փաթեթում ներառված առաջարկների քննարկումը տեղի կունենան մայսի 18-ին: Նախաձեռնության անդամները համառոտ ներկայացրին որոշ կետեր. դրանք առավել կմանրամասնվեն քննարկման ժամանակ: Դիտեք բանախոսների ամբողջական ելույթները` տեսանյութում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ կայացված ամենաանտանելի որոշումներից մեկը` ըստ կրթության փորձագետի

Նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը կրթության համակարգի ապակուսակցականացումն է: Սերոբ Խաչատրյանի խոսքով` 2008թ. մարտի 1-ից հետո ամեն ինչ արվել է, որպեսզի կրթական համակարգը բռնակցվի իշխանությանը: Դրանով, ըստ փորձագետի, իշխանությունը կարողացել է ոչ բռնի, «քաղաքակիրթ» ձևով անընդհատ վերարտադրվել:

«Իմ կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ կայացված ամենաանտանելի որոշումներից մեկն էր, երբ որ մարդուն ուզում էին դպրոցի տնօրեն նշանակել և հարցնում էին, թե ոնց կաշխատի ընտրությունների ժամանակ, այսինքն` մեզ հետաքրքիր չէ, թե մարդը լա՞վ մանկավարժ է, կարո՞ղ է դպրոց ղեկավարել, մեզ հետաքրքիր էր՝ ինքը ընտրությունների ժամանակ կարողանալո՞ւ է ձայներ բերել, թե չէ»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Այս մոտեցման արդյունքում էլ, փորձագետի կարծիքով, Հայաստանը կորցրել է շատ լավ տնօրենների, փոխտնօերնների, ովքեր չեն ցանկացել դառնալ կոռուպցիոն գործարքի մասը, և նրանց հիմա շատ դժվար է լինելու հետ բերելը:

«Կրթության և գիտության նախարարությունը վերածվել էր անգլիական թագուհու լիազորություններով մի կառույցի»

Սա ապացուցելու համար Սերոբ Խաչատրյանը մի օրինակ բերեց: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ կրթության և գիտության նախարարությունը հստակ դիրքորոշում էր հայտնել, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները չեն կարող լինել բուհերի խորհուրդներում:

«Բայց երբ որ արդեն փաստաթուղթը դուրս եկավ նախարարությունից, վերջին պահին կառավարությունում կետ մտավ` ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալ, հետո գնաց Ազգային ժողով, այնտեղ էլ վերջին պահին Հրայր Թովմասյանը ՍԴ գնալուց առաջ ասաց` եկեք մեկ-երկու քաղաքական գործիչ ունենանք այնուամենայնիվ...», - ասաց Սերոբ Խաչատրյանը: Այսինքն` կրթության և գիտության նախարարության ամիսներ շարունակ հնչած պնդումը, թե այլևս ապաքաղաքական խորհուրդներ ենք ունենալու, անտեսվել են: Սա, փորձագետի խոսքով, ամենաթարմ օրինակն է, որ կրթության համակարգը եղել է բռնակցված:

Էական ներդրումներ կամ առնվազն 50 տոկոս անգրագիտություն

Բանախոսների կարծիքով` առաջնային է կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորման չափը: Նախաձեռնության անդամ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի խոսքով` կրթության ֆինանսավորման թիրախ պետք է սահմանել ՀՆԱ-ի 3%-ը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` 4,5%-ը:

«Եթե Հայաստանի մակարդակի երկրները մինչև 2030 թվականը էական ներդրումներ չանեն կրթության մեջ, ունենալու են առնվազն 50 տոկոս անգրագիտություն», - ասաց Սերոբ Խաչատրյանը: Նրա կարծիքով` հիմա Հայաստանի որոշ դպրոցներում այս պահին ունենք այդպիսի, նույնիսկ ավելի բարձր ցուցանիշ: Որովհետև, շարունակում է նա, ամեն մեկն իր տեղում` դասարաններում և լսարաններում, արդյունքներ է կեղծել, ծածկադմփոց արել ու խաբել:

«Եթե մեկը գնար տնօրենին կամ դեկանին ասեր` ես խնդիր ունեմ, աշակերտները չեն սովորում, ուսանողները չեն սովորում, կասեին` բա դու ինչ դասախոս ես, ինչ ուսուցիչ ես, դիմումդ գրի, գնա: Եթե դպրոցի տնօրենը գնար մարզպետին ասեր` իմ աշակերտների 70 տոկոսը հատկապես բարձր դասարաններում չի սովորում, իրեն կասեին բա դու որ օրվա տնօրենն ես, մենք քեզ դրել ենք, որ դու խեղդես խնդիրները, ծածկադմփոց անես»,- ասում է Խաչատրյանը: Առաջիկայում, փորձագետի կանխատեսմամբ, Հայաստանում շատ ճշմարտություններ են բացվելու, որոնք կրթական համակարգը թաքցրել է:

Փորձագետը հատկապես կարևորեց մանկապարտեզի դաստիարակների վարձատրության չափն ավելացնելը: «Մարդու վրա ամենամեծ ազդեցություն կարող է ունենալ մանկապարտեզի դաստիարակը, ամենաքիչ ազդեցությունը` համալսարանի պրոֆեսորը, որովհետև 20 տարեկան մարդուն փոխելը շատ դժվար է, բայց 3-4 տարեկան երեխայի վրա կարելի է շրջադարձային ազդեցություններ ունենալ: Բայց մեզ մոտ ամենացածրը վարձատրվում են հենց մանկապարտեզների աշխատողները»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի խոսքով` բազմաթիվ համայնքներում պարզապես չկան մակապարտեզներ:

«0-5 տարեկան երեխաների 30 տոկոսն է հաճախում մանկապարտեզ Հայաստանում, այսինքն` արդեն մենք վաղ մանկության տարիքում երեխաների կորցնում ենք», - նշեց Ս․ Խաչատրյանը:

Կրթական համակարգը, ըստ բանախոսի, տարիներ շարունակ վերարտադրել է արդեն իսկ գոյություն ունեցող սոցիալական կառուցվածքը. ուշադրության կենտրոնում եղել են միայն 10-20 տոկոսը կազմող գերազանցիկները, որոնք հիմնականում հարուստ ընտանիքներից են: Արդյունքում` աղքատ խավը վերարտադրվել է դարձյալ որպես աղքատ, հարուստները` որպես ավելի հարուստ, և կրթությունը չի իրականացրել իր կոմպենսացնող ֆունկցիան:  

«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ կրթության դերը կոմպենսացիա անելն է, այսինքն` երեխան, որն ընտանիքից չի ստանում աջակցություն, պետք է ստանա պետությունից և կրթական համակարգից: 10-20 տոկոս գերազանցիկները չեն կարող երկրում միջավայր փոխել, որովհետև էսօր բաց հասարակություն է, կարևոր է ոչ թե այն, թե առանձին մարդիկ ինչ են անում, այլ էդ հասրակության յուրաքանչյուր անդամ ինչ է անում: Մենք չպետք է ունենանք անտեսված երեխաներ, միջավայրը պետք է փոխվի»,- նշեց Խաչատրյանը:

Նա առաջարկեց բարձրացնել այն ուսուցիչների վարձատրությունը, ովքեր պետք է գյուղերում աշխատեն կամ դասավանդեն ավելի թույլ ցուցանիշներ ունեցող երեխաների։

Կրթական քաղաքացիական նախաձեռնության առաջարկությունների փաթեթի առանձին կետերին կանդրադառնանք առաջիկայում։ Նախաձեռնությունն իր գործունեությունը սկսել է 2017թ․ ապրիլից և, ինչպես ներկայացված է ֆեյսբուքյան էջում, կապող հարթակ է կրթական համակարգի բոլոր շահառուների համար։