HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթի գնի խնդիրը և դրա լուծման ուղիները

Օրերս ակնհայտ դարձավ կաթի մթերման մեծածախ գնի կտրուկ անկումը։ Նորանշանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպումներ ունեցավ` նպատակ ունենալով կարգավորել այս հարցը։ Փոխվարչապետի կողմից խնդրին անմիջապես արձագանքելը ողջունելի է, բայց փաստենք, որ հարցը մնում է չլուծված։ Ավելին, չկա կամ հրապարակված չէ որևէ վերջնական լուծում։ Այս իմաստով հարկ եմ համարում ներկայացնել հարցի լուծման այս առաջարկը։

Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ շուկայական գինը որոշվում է առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից։ Հետևաբար, կաթի մթերման գնի փոփոխությունը պետք է վերլուծել այս տրամաբանության մեջ։

Կաթի արտադրության ծավալներն ունեն սեզոնային բնույթ, և այս պահին կաթի առաջարկն ավելացել է նախորդ եռամսյակի համեմատ։ Սակայն այս գործոնի ազդեցությունը պետք է որ էական չլինի, հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում ամեն տարի, որը գրեթե ոչ մի անգամ չի հանգեցրել կաթի մթերման գնի նմանատիպ կտրուկ անկման։ Բացի այդ կաթնամթերք արտադրող ընկերությունները, որպես կաթի այլընտրանք, օգտագործում են կաթի փոշին, և կաթի մթերման գինը ածանցվում է հենց կաթի փոշու գնից։ Այսինքն եթե կաթի փոշու ձեռքբերման գինը բարձր է, բարձր կլինի նաև կաթի մթերման գինը, եթե կաթի փոշու ձեռքբերման գինը ցածր է, ցածր կլինի նաև կաթի մթերման գինը։ Այս համատեքստում կարծես թե հասկանալի է դառնում կաթի մթերման գնի կտրուկ անկումը։

Երկրում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո կատարված փոփոխությունների արդյունքում կարող էր կտրուկ նվազել կաթի փոշու ձեռքբերման գինը։ Մասնավորապես, դրան կարող էին նպաստել ներկրման ոչ իրավաչափ մենաշնորհների տապալումը ու մաքսազերծման արդյունավետ մեխանիզմների կիրառումը։ Թերևս պետք է սրան ավելացնել նաև կաթի փոշու գնի անկումը միջազգային շուկայում (12-14%):

Ինչևէ, այստեղ էականն այն է, որ կաթի մթերման գինն ածանցվում է կաթի փոշու ձեռբերման գնից։

Ինչպե՞ս լուծել խնդիրը։ Կարելի է առաջարկել խնդրի լուծման մի քանի տարբերակ, բայց պետք է հաշվի առնել, որ ցանկացած լուծում, որը չի ապահովի ինքնակարգավորման մեխանիզմներ, կարող է ունենալ կարճատև ազդեցություն և կասկածելի արդյունքներ։

Ստորև ներկայացված լուծումը խնդրի լուծման իմ տեսլականն է և չեմ հավակնում այն ներկայացնել որպես վերջին ատյանի անվիճելի ճշմարտություն։ Սակայն, եթե կգտնեք, որ այն իրապես արդյունավետ լուծում է, տարածեք, որպեսզի հասնի հասցեատիրոջը։

  1. Ի՞նչ է պետք անել։

1.1.    Անհրաժեշտ է իրավական ճանապարհով պարտադրել կաթնամթերք արտադրող ընկերություններին, որ մակնշման մեջ հստակ նշեն, թե ապրանքն արտադրված է կաթի փոշուց, թե կաթից։

1.2.    Մակնշման խախտման համար սահմանել շատ ավելի բարձր տուգանքներ, քան այսօր է սահմանված, որպեսզի այն շոշափելի լինի նաև խոշոր ընկերությունների համար։

1.3.   Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պետք է  իրականացվի շատ ակտիվ վերահսկողություն, որպեսզի ոլորտը արագ կարգավորվի։ 

  1. Ի՞նչ արդյունքներ կտա այս միջոցառումների կիրառումը

2.1.   Անարատ կաթի շուկան կառանձնանա կաթի փոշուց արտադրված կաթնամթերքի շուկայից։

2.2.   Անարատ կաթից արտադրված կաթնամթերքի գինը կտրուկ կբարձրանա, ինչը շղթայական կերպով կբերի կաթի մթերման գնի կտրուկ ավելացմանը, սակայն աննշան կերպով կազդի կաթի փոշու հիմքով արտադրված կաթնամթերքների գնի վրա, և ուրեմն սպառողի շահերը չեն ոտնհարվի։

2.3.   Անասնապահությամբ զբաղվելը կդառնա շահավետ, ինչն իր հերթին կբերի տեղական կաթի արտադրության ծավալների ավելացմանը իր բոլոր դրական արդյունքներով, այդ թվում նաև միջնաժամկետ կտրվածով կաթից արտադրված կաթնամթերքի գնի նվազմանը ու կաթնամթերքի շուկայում վերջինիս մասնաբաժնի ավելացմանը։

2.4.   Շուկայում առկա կաթնամթերքի գինն առանձնապես փոփոխության չի ենթարկվի, քանի որ առկա կաթնամթերքի գերակշիռ մասը արտադրվում է կամ կաթի փոշուց և կաթից ստացված խառնուրդից։ 

  1. Որո՞նք են այս միջոցառումների իրականացման սպառնալիքները կամ հնարավոր ոչ ցանկալի հետևանքները։

3.1.   Խոշոր ընկերությունները կաշառք տալու կամ այլ միջոցներով ազդում են սննդի վերահսկողության պետական ծառայության վրա և կաթի փոշուց արտադրված կաթնամթերքն իրացնում որպես  անարատ կաթից արտադրված կաթնամթերք՝ էլ ավելի մեծացնելով շուկայում իրենց մասնաբաժինը։

3.2.   Սննդամթերքի անվտանգության պետաական ծառայության անգործության հետևանքով կաթի փոշուց արտադրված կաթնամթերքը իրացվում է որպես բնական կաթից արտադրված կաթնամթերք ու ոչինչ չի փոխվում։

Այստեղ է, որ գործադիր և դատական իշխանության դերը դառնում է խիստ կարևոր։

  1. Ու՞մ համար կարող է շահավետ չլինել այս միջոցառումների կիրառումը։

4.1.   Այս միջոցառումների կիրառմանը կընդդիմանան այն առևտրային կազմակերպությունները, որոնք փորձում են և կարողացել են իրենց գնորդին համոզել, որ իրենց արտադրած կաթնամթերքը պատրաստված է անարատ կաթից, թեև գիտեն, որ պատրաստված է կաթի փոշուց։

4.2.   Սա դուր չի գա նաև այն սպառողներին, ովքեր կարծում են, թե իրենց գնած կաթնամթերքը պատրաստված է անարատ կաթից (ես դեռ նման մարդու չեմ հանդիպել)։

Որևէ կազմակերպության կամ անձի կողմից սույն հոդվածը չի կարող և չպետք է ընկալվի որպես իրեն ուղղված միջոցառում։ Սա բացառապես նպատակ ունի ապահովել սպառողի և ազնիվ արտադրողի ու, վերջին հաշվով, երկրի շահերը։

Սա միջոցառումների այն ամբողջությունն է, որից կարող են շահել բոլորը։

Կլինեն մարդիկ, ովքեր կասեն.  «Իսկ եթե իմ փողը չի բավականացնում՝ գնելու անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, ուրեմն իմ երեխաները պետք է կաթի փոշուց պատրաստված կաթնամթերք ուտե՞ն»։  Ցավոք, այսօր մենք բոլորս ենք ուտում ամբողջությամբ կամ մասնակի կաթի փոշուց պատրաստված կաթնամթերք։ Միգուցե սխալվում եմ և շուկայում առկա է կաթից պատրաստված կաթնամթերք, բայց սպառողների շրջանում տարածված է այն կարծիքը, որ շուկայում առկա ողջ կաթնամթերքը պատրաստված է կաթի փոշուց։

Վերջում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին խնդրում եմ մեկնաբանություններում չգրել, որ իրենք արտադրում են կաթնամթերք անարատ կաթից, քանի որ սույն հոդվածը ոչ մեղադրանք է, ոչ է իրենց հասցեին ասված վատ խոսք։ Եթե կարողանում եք անարատ կաթից կաթնամթերք արտադրել և շահույթ ստանալ, ապա ողջունելի է, և ձեր ապրանքի սպառողը գիտի դրա մասին ու չպետք է այս հոդվածով կարծիքը փոխի։       

Ազատ Թանանյան
Տնտեսագիտության թեկնածու 

Մեկնաբանություններ (2)

Ashot
ներկրվող կաթի փոշու ու կաթնամթերքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանել: Հատկապես էն երկրներից ներմուծվող ովքեր դոտացիաներ են տալիս իրենց կաթ արտադրողներին:
Arthur
I disagree with the author as it makes storing excess milk in springtime in the form of milk powder too risky. If the suggested regulations are passed, the price of milk powder, locally produced in springtime(excess seasonal milk production) and imported in wintertime, will drop. That would imply the milk processors, that also buy surplus milk in springtime and store it as powder, WILL NOT BUY MILK AND WILL BUY ONLY THE AMOUNTS THAT CAN SELL IMMEDIATELY. SO MILK PRICES WOULD HAVE TO DROP EVEN FURTHER, AS THE STORING MILK IN THE FORM OF MILK POWDER BECOMES NON-DESIRABLE.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter