HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրով «Նեթվորք արշավներ» խումբը Նոյեմբերյանում էր

«Նեթվորք արշավներ» գյուղական տուրիզմի զարգացման ծրագրով արշավականների խումբը մայիսի 12-13-ը Նոյեմբերյան համայնքում էր։ Ծրագրի հիմնադիր Մայիս Մարգարյանն ասում է, որ հետաքրքրվել են այս տարածաշրջանով, երբ նկատել են՝ ինչպես են նոյեմբերյանցիները դեմ գնացել տարածաշրջանում հանք բացելու նախագծին։ «Այդ ֆոնի վրա ինֆորմացիոն ճնշում էր գործադրվում «Ֆեյսբուք» սոցիալական կայքում. տեղացիները ռմբակոծում էին ՝ խելահեղ գեղեցկությամբ կուսական բնության նկարներ տեղադրելով»։

Արշավականներն այս անգամ 20 հոգով են ուղևորվել Նոյեմբերյան, իսկ համայնքում միացել են Նոյեմբերյան համայնքի ակտիվ երիտասարդներից ևս մի քանի հոգի։

«17 կմ քայլել ու զրուցել ենք: Նոյեմբերյան քաղաքից գնացել ենք անտառներ ու Մշկավանք, այնուհետև Կողբ բնակավայր ու Զիկատար արգելոց: Երեկոյան վերադարձել Բերդավան և տեղավորվել մեզ հյուրընկալող գյուղացիների տներում։ Կենացներ ենք ասել, պլեճ սարքել, նվագել, երգել ու պարել գյուղացիների հետ»,- տպավորությունների մասին կիսվում է Մայիս Մարգարյանը:

Գյուղացիների տանը մնալը, շփվելը, նրանց` արշավին ու հանգստին ներառելը «Նեթվորք արշավների» համար կարևոր նախապայմաններ են։ Բերդավանցի Գոհար Ասլիկյանը կարծում է, որ գյուղացիները սիրում են հյուրեր ընդունել, բայց կարելի է նաև դրանով մի փոքր գումար աշխատել։ «Մենք արդեն բիզնեսը բիզնեսի համար մոդելը ստեղծելու փուլում ենք, շատ ենք ուզում, որ տարածվի, քանի որ բնակավայրերում զբոսաշրջությունը զարգացնելու առաջին հարցը հենց գիշերակաց ապահովելն է»։

Այս անգամ խմբի անդամները գիշերել են սահմանամերձ Բերդավանում։ Մայիս Մարգարյանն ասում է, որ նույնիսկ մնացել են գյուղի սահմանին շատ մոտ գտնվող տանը, և որևէ լարվածություն արշավականները չեն զգացել։ «Ասեմ ավելին՝ բոլորը դա առավելություն էին դիտում ու յուրօրինակ հաճույք ստանում: Ոչ մի վախ, ոչ մի խուճապ։ Հավաքվել էին հզոր ու հետաքրքիր մարդիկ՝ նոյեմբերյանցիների նման»։

Հաջորդ օրը՝ առավոտյան նախաճաշից հետո, արշավականները եղել են սահմանամերձ Բերդավան գյուղի մոտ գտնվող բերդում, հետո ուղևորվել դեպի Երկնասար (Գոգդաղ)։

«Այնտեղ ճիշտ է մառախուղ էր և խոստացված հիասքանչ տեսարանները չէին երևում, սակայն դա էլ իր էֆեկտն ուներ։ Միջավայրը մի տեսակ հեքիաթային էր ու խորհրդավոր: Նոյեմբերյանցիները պատմեցին, թե ինչքան թանկ են այդ լեռն ու իրենց բնությունը»,- ասում է Մայիսը:

Երկնասարի գագաթին արշավականները սեմինար-քննարկում են ունեցել, թեման՝ «Քաղաքացիական խաղաղ անհնազանդությունները»։ Նոյեմբերյանի բնակիչ Արման Յարալյանը, ով վարել է սեմինարն ասում է, որ նմանատիպ արշավները կարևոր են միապաղաղ առօրյան այլ գույներով լցնելու համար։ «Կարևոր է նաև ուրիշի կողմից սեփական հարստության գնահատումը տեսնելն ու ունեցածը վերաարժևորելը, ուրիշ մտածողության ու զբաղվածության մարդկանց հետ հանդիպելն ու շփվելը։ Նոյեմբերյանը սահմանային համայնք է, այդ պատճառով էլ տուրիզմը այդքան էլ զարգացած չէ։ Տուրիզմի համար հեռավոր վայրեր չպետք է լինեն, մանավանդ, երբ Նոյեմբերյանը հարուստ բնություն ունի»,- ասում է Արմանը։

«Նեթվորք արշավներ» նախագծի հիմնադիր Մայիս Մարգարյանն ասում է, որ համայնքում տուրիզմի զարգացման աշխատանքները շարունակական կլինեն։

Արշավականների հաջորդ այցը կլինի դեպի Հադրութ, խմբի հիմնադիրները պլանավորում են բարձրանալ Դիզափայտ լեռը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter