HY RU EN

Գրիշա Բալասանյան

Նորակերտցիները փակել են գյուղ տանող ճանապարհը

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները վաղ առավոտից գյուղում բողոքի ակցիաներ են իրականացնում: Այս պահին փակ է գյուղի ճանապարհը:

Մոտ 700 բնակիչներ նախաձեռնել են ստորագրահավաք' ուղղված համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին։ Նրանք որոշել են այլևս չլռել և բարձրաձայնել իրենց բողոքը տարիներ շարունակ համայնքապետի կողմից իրականացվող գործելաոճի դեմ, որն ուղեկցվել է նաև ոչ օրինական գործողություններով:

Նշենք, որ Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանն արդեն 16 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը, Հանրապետական կուսակցության անդամ է:

Ակցիայի մասնակիցներից Ավետիք Սահակյանն ասաց, որ բազմիցս համայնքապետին խնդրել են հաշվետու լինել բնակչությանը, հետ բերել տարիների ընթացքում վաճառած, բայց հանրային սեփականություն հանդիսացող գույքը: Նրա ասելով` ընդհանուր հայտարարի չեն եկել և ստիպված են գնում այս քայլին:

«Գյուղում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, տարբեր տեղեկատվություն ենք ստանում ուռճացված հաստիքների վերաբերյալ: Հանրության սեփականություն հանդիսացող գույքը վաճառված է, մի օր էլ կարող է մեկը որոշի գյուղի կենտրոնում գոմ կառուցի, որովհետև տարածքը գնել է», -ասում է Ավետիք Սահակյանը:

Բնակիչները նշում են, որ տեղեկություններ կան, թե Նորակերտ համայնքին պատկանող անշարժ և շարժական գույքերն օտարվել են օրենքի պահանջների անտեսմամբ և կոպիտ խախտումներով` առանց համայնքի բնակիչներին պատշաճ տեղյակ պահելու: Առերևույթ պահպանելով ընթացակարգային պահանջները դրանք օտարել են գաղտնի ընթացակարգով, առանց ավագանու որոշման հրապարակայնացնելու, համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու` խախտելով նույնիսկ գնելու նախապատվության իրավունքը։

Բացի այդ, կարևորագույն գույքերը, որոնք նախկինում օգտագործվել են համայնքի բնակիչների կարիքները հոգալու նպատակով, որոշակի ծառայություններ մատուցելու համար, ձեռք են բերվել համայնքի ղեկավարի, նրա հետ փոխկապակցված անձանց կամ համայնքի ղեկավարի թողտվությամբ այլ անձի կողմից՝ շուկայականից անհամեմատ մատչելի գներով։

Ստորագրած հայտարարության մեջ համայնքի բնակիչները նաև նշել են, որ առհասարակ հայտնի չէ, թե ինչ եղանակով է տնօրինվում համայնքային բյուջեն, որևէ անգամ բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվել:

Բնակիչները համայնքի ղեկավարից և ավագանու անդամներից պահանջում են հրապարակել և մասայական ծանոթացման ներկայացնել Նորակերտ համայնքի բյուջեի` վերջին 10 տարիների մանրամասն հաշվետվություն՝ մուտքագրված և ելքագրված գումարների հստակ պարզաբանումներով։

Հրապարակել և մասայական ծանոթացման ներկայացնել վերջին 10 տարիների ընթացքում օրենքի ուժով սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքերի ցանկը, դրանց օտարման վերաբերյալ ավագանու որոշումները և օտարման վերաբերյալ համապատասխան պայմանագրերը։ Նշված պահանջն իր մեջ ներառում է նաև նվիրատվությունները, նվիրաբերությունները և անհատույց օգտագործման հանձնված գույքերը։ Նշված պահանջի մասով առավել կարևորություն են ներկայացնում մասնավորապես համայնքի մանկապարտեզի այգու տարածքը, բուժկետի նախկին շենքը, գյուղապետարանի նախկին շենքը, կանգառի տարածքը և սպորտային համալիր կառուցելու համար նախատեսված հողատարածքը։

Պահանջում են Նորակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այն բոլոր գույքերը, որոնք օտարվել են օրենքի պահանջների խախտմամբ, համայնքի բնակիչների կարծիքն անտեսելու հետևանքով վերադարձնել համայնքին կամ հրապարակային խոստանալ, որ հիշյալ պահանջները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Նշված պահանջների չկատարումը կամ մասնակի կատարման խոստումը համայնքի բնակիչներն ընկալելու են որպես պահանջների անտեսում, որի արդյունքում համայնքի ղեկավարը և ավագանու անդամները պետք է հրաժարական ներկայացնեն։

Բողոքի ակցիայի մանրամասներին կանդրադառնանք քիչ ուշ: