
Արարատի ցեմենտի կոմբինատի տնօրենը աշխատակիցներից 10 օր ժամանակ է խնդրել աշխատանքային պայմանները բարելավելու համար
Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում գործարանի դիմաց։ Նրանք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցները նաև գործադուլ էին հայտարարել և փակել գործարան տանող գլխավոր ճանապարհը։
Արարատի բնակիչ Գայանե Հովհանյանը քիչ առաջ «Հետք»-ին հայտնեց, որ բողոքի ակցիա իրականացնողներին ընդառաջ է եկել գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը և նրանց հրավիրել կոմբինատի ժողովների սրահ՝ աշխատակիցների պահանջները քննարկելու համար: Գայանեի փոխանցմամբ՝ տնօրենը աշխատակիցներից 10 օր ժամանակ է խնդրել՝ ստեղծված իրավիճակը հարթելու և աշխատանքային պայմանները բարելավելու համար: Կոմբինատի աշխատակիցները տնօրենին հայտնել են, որ եթե 10 օրից իրավիճակը չփոխվի, իրենք առավել կոշտ քայլերի կդիմեն:
Աշխատակիցները տնօրենի խոստումներից և հանդիպումից հետո բացել են գործարան տանող գլխավոր ճանապարհը և դադարեցրել գործադուլը:
Մեկնաբանել