
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը` Գառնիին
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառի «Մելինա Մերկուրի» միջազգային հիմնադրամի մրցանակին:
ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք նշանակալի ավանդ են ունենում մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառում:
2010 թ. նշյալ մրցանակաբաշխությանը Հայաստանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի մշակած «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հայտով, որը և ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:
2011 թ. ապրիլի 27-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրանչեսկո Բանդարինը ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ և միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա' 2011 թ. «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակը շնորհվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանին և Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրին:
Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 24-ին Փարիզում:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Երևանից 28 կմ արևելք' Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավարևմտյան մասում' Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին' եռանկյունաձև հրվանդանի վրա' Ազատ գետի աջ ափին: Ազատի հովիտը նշանավոր է հրաբխային լավայի բազալտային զարմանահրաշ սյուներով: Այս երկրաբանական յուրօրինակ հուշարձանը, շնորհիվ իր ապշեցուցիչ համաչափության, ստացել է «Բազալտե երգեհոն» կամ «Քարե սիմֆոնիա» անվանումը:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հայտում ընդգրկվել են «Գառնի» պատմամշակութային արգելոցում ներառված և պահպանվող Կիկլոպյան պարսպապատի և կլոր կացարանի մնացորդները (բրոնզե դար), տարբեր ժամանակներում կառուցված ամրոցի պարսպապատ հատվածները (Գառնիի ամրոցն' իբրև անառիկ շինություն, գոյություն է ունեցել դեռևս Երվանդունիների' մ.թ.ա. V-II դդ. և Արտաշեսյանների' մ.թ.ա. II-I դդ. ժամանակներում), Գառնի հեթանոսական վերականգնված տաճարը (մ.թ. 77 թ.), հեթանոսական շրջանում կառուցված հատուկ ծածկով պահպանության տակ առնված արքունական բաղնիքի շենքը (III դ.) արքունի պալատի մնացորդները, քրիստոնեական եկեղեցու մնացորդները (VII դ.), բացօթյա պահպանվող քարե արձանագրություններ, տարածքից գտնված ճարտարապետական կառույցների քարե հատվածներ, հուշակոթողներ և այլն, ինչպես նաև «Քարե սիմֆոնիա» կոչվող բազալտային սյուների բնական հատվածը:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի սահմանների մեջ մտնող հուշարձանային համալիրը հետաքրքրական ու բացառիկ է նաև նրանով, որ քրիստոնեության ընդունումից հետո ողջ Հայաստանում նոր կրոնին նվիրված սրբավայրերը կառուցվել են հինը մերժելով ու կործանելով, հնի ավերակների հիմքի վրա կառուցելով, սակայն այս պարագայում ոչ միայն հինը պահպանվել է, այլև օգտագործվել նորովի' որպես հանգստարան-ամառանոց:
Գառնի հեթանոսական տաճարն այսօր ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում հելլենիստական քաղաքային մշակույթի միակ կանգուն հուշարձանն է:
Գառնիի մշակութային եզակիության ու կարևորության ևս մեկ շատ կարևոր հանգամանք է Հայաստանի հելլենիստական շրջանից մեզ հասած արքունի բաղնիքն' իր հիպոկաուստյան համակարգով ու գեղարվեստականորեն ձևավորված, հունական դիցաբանությանը բնորոշ տեսարաններով ու կերպարներով զարդարված խճանկար հատակով:
Ցավոք, որևէ այլ վայրում չեն պահպանվել ու մեզ չեն հասել այդ շրջանի շինությունները հարդարող որմնանկարներ ու խճանկարներ: Ուստի, Գառնու բաղնիքի խճանկարն այդ առումով շատ մեծ արժեք ու կարևորություն է ստանում' փաստելով հին Հայաստանում մոնումենտալ գեղանկարչության առկայության, դրա բարձր որակների և ավանդույթների գոյության մասին:
Մեկնաբանել