HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսակի խնդիր

Նելլի Ղուկասյան 

Վերջին տասնամյակների ընթացքում հայի կերպարն այլափոխվել է՝ կորցնելով բազմաթիվ շերտեր ու որակներ, տեղը ավելացնելով նորերը, որոնք սակայն ամոթալի են ու անհարիր` մեր ազգի որեւէ ներկայացուցչի համար։ Այս պահին չպետք է տարանջատել ազգի որևէ հատվածի՝ հիմնված տարբեր հատկանիշների վրա` լինի դա քաղաքական, կրոնական, տնտեսական և/կամ որևէ այլ։

Փաստն այն է, որ այսօր մենք կարիք ունենք վերակերտելու ժամանակակից հայ մարդու նոր տեսակ, եւ այդ գործին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ ու խստապահանջությամբ: Լրջությամբ, որովհետեւ սա մեզ տրված թերեւս բացառիկ հնարավորություն է, եւ խստապահանջ լինել, քանի որ միջակությունը մեզ վայել չէ, դրանում մենք բազմիցս համոզվել ենք։ Ժամանակակից հայ մարդու կերտումը պետք է սկսենք այսօր եւ անհապաղ, այն պետք է լինի կամավոր եւ «բռնի», տանը եւ փողոցում։ «Բռնի» ասելով՝ նկատի ունեմ արժեքային համակարգի ակտիվացումն ու դրա տարածումը, եւ արդյունքում, այն պետք է վերահսկվի հանրության կողմից։ Ժամանակակից հայ մարդը չպետք է քծնի, ստի, մուրա, թալանի, առաջնորդվի միմիայն սեփական շահով, նա պետք է լինի ազատ ու արդարամիտ, կիրթ եւ սկզբունքային, մեծահոգի ու արժանապատիվ… Նրանք, ովքեր չեն կրի այդ արժեհամակարգը՝ պետք է ենթարկվեն հանրային պարսավանքի, ու դա կլինի ամենամեծ պատիժը։

Այնպես չէ, որ սա հեշտ ուղի է, սակայն մեր ազգի համար անլուծելի խնդիրներ չկան։ Այսօր, հայ նոր իրականությունում, երբ ձեւավորվում է նոր  կառավարություն, ու շատ երիտասարդներ ստանում են պաշտոններ, ակամայից սկսում ես մտածել՝ արդյո՞ք սա ամենալավ որոշումն էր։ Ընդունելի չէ այն տեսակետը, որ չպետք է քննադատել։ Քննադատությունը օգտակար է եւ ուղղորդիչ, քանի որ մենք չունենք սխալվելու այդ թանկ ժամանակը։ Երիտասարդներին հնարավորություն տալը ոգեւորիչ է, սակայն պետք է վստահ լինել, որ նրանք պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որն ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ բարոյական է եւ լի հետեւանքներով։ Բոլորն են սխալական, սակայն որոշումներն այս պահին պետք է լինեն առավելապես հիմնավորված եւ զերծ հետագա արկածախնդրությունից։

Հայի նոր տեսակի համար պաշտոն ստանձնելը չպետք է լինի անձնական ամբիցիաների (փառամոլության) բավարարում: Այն պետք է լինի ծառայություն` ազգին ու պետությանը, այն չի կարող լինել հեշտ՝ ի համեմատություն այլ աշխատանքի, հակառակը՝ այն առավել դժվար է լինելու։ Ժամանակակից հայ մարդը պաշտոն ստանձնելուց առաջ պետք է մտածի՝ արդյո՞ք նա ունի բավարար գիտելիքներ ու փորձ, որպեսզի դիմակայի երկրում ստեղծված կենսական մարտահրավերներին։ Այո՛, չափազանց կարեւոր է մարդու լուսավոր, նվիրյալ տեսակը, բայց որոշիչ պաշտոնների համար պետք է առաջնությունը տրվի նաեւ մասնագիտական որակներին և փորձառությանը:     

Դե՛, նոր Հայաստանի նոր քաղաքացիներ, ո՛չ թե դուխով՝ այլ ոգով ու արժանապատվությամբ, քանի որ անհաջողության դեպքում քննադատությունն անխնա է լինելու… սակայն, առավել՝ հայրենիքն է ենթարկվելու նոր ցնցումների, ինչը լի է անդառնալի հետեւանքներով, եւ ճակատագրական կլինի մեր պետության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter