HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Օպերատիվ կինո՝ մշակույթի նոր նախարարի դիտման համար

Կիրակի՝ մայիսի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարներին խնդրել է ժամանակ չկորցնել, հենց այդ օրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել: Կառավարության կազմի խորհրդակցությանը մասնակցում էր նաև նախօրեին մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնած Լիլիթ Մակունցը:

Մշակույթի խիստ խնդրահարույց՝ կինոոլորտի օպերատիվ խնդիրներին հարկ է ծանոթացնել նոր նախարարին՝ աշխատանքային առաջին օրերին, քանի դեռ որպես նախարար նա փութանակի չի ստորագրել ժառանգություն ստացած որոշ փաստաթղթեր, որոնք հետագայում կխանգարեն այս ոլորտի զարգացումը դնել օրինականության ու տրամաբանության հունի վրա:  

Պետությունը (այս դեպքում մշակույթի նախարարությունը) կինոյին գումարներ է հատկացնում Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի միջոցով: Այս ՊՈԱԿ-ի կոռուպցիոն նախկին գործունեության և բոլորովին վերջերս կատարված անարդյունք բարեփոխումներին մամուլը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է:

Հիմնական խնդիրները, որից բխում են ոչ մի արդյունք չտված բարեփոխումները, հետևյալն են.

Հայաստանը չունի Կինոյի մասին օրենք, հետևաբար` պետության՝ այս ոլորտում ֆինանսների բաշխման և դրա համար պատասխանատու կառույցի (հիմա՝ Ազգային կինոկենտրոն) աշխատանքի հստակ, անաչառ ու նորարար մեխանիզմ: Օրենքի բացակայությամբ պայմանավորված՝ անորոշ ու հակասական է Կինոկենտրոնի՝ այս պահին գործող կանոնակարգը: Համաձայն դրա, Ազգային կինոկենտրոնը ՊՈԱԿ է, հիերարխիկ կառուցվածքով և կոռուպցիոն ռիսկերի պոտենցիալով հաստատություն, որի գլուխը մշակույթի նախարարն է: Մինդեռ այն պիտի լինի զուտ դրամաշնորհային կառույց՝ դրանից բխող կանոնակարգով և ֆինանսական աջակցության բաշխման արդյունավետ մեխանիզմով, ինչպես աշխարհում զարգացած կինոարտադրություն ունեցող, սովետական կառավարման բեռից ազատ երկրներում է: Օպերատիվ լուծումը պահանջում է դադարեցնել այս տարի ֆինանսական աջակցության դիմած մեծաքանակ կինոնախագծերի քննարկումը: Առանց հստակ ռազմավարության ներկա անտրամաբանական կանոնակարգի համաձայն ընդունված հայտերի մեծ մասը, միևնույն է, դատապարտված են մերժման կինոյի բյուջեի սղության պատճառով: Իսկ ընտրվելու դեպքում էլ երաշխիք չկա, որ դրանք կլինեն միջազգային կինոինդուստրիայում մրցունակ նախագծերը:

Այսպիսով, պետք է ընդունվի կինոյի մասին օրենք: Օրենքը հստակ կսահմանի Կինոկենտրոնի ստատուսը: Ստատուսը կսահմանի կառույցի կանոնակարգը, կանոնակարգը կսահմանի գումարների բաշխման թափանցիկ ու տրամաբանական մեխանիզմը: Այդ մեխանիզմը ինքնին կնպաստի կինոարտադրության զարգացմանը:

Պետությունը կթոթափի կինո զարգացնելու բեռը՝ թողնելով այն ոլորտի ինքնակազմակերպմանը, որպես առանձին տնտեսության ճյուղ: Միաժամանակ, դրամաշնորհներ տրամադրելով, պետությունը կիրականացնի կինոինդուստրիայի ապակենտրոն կառավարում:

Ցավոք, այս պահին մշակույթի նախարարին սա չեն զեկուցի և չեն ներկայացնի իր ենթակայության տակ աշխատող նախկին համակարգի պաշտոնյաները, ինչպես նաև հենց այս օրերին պետությունից մեծ գումարներ սպասող կինոարտադրող ընկերությունները: Ավելին, գուցե կհամոզեն ստորագրել նախկին նախարարի կիսատ թողած թղթերը և ապա՝ անցնել նոր կառավարման: Եթե այդպես լինի, օրինակ, գրչի մեկ հարվածով կարող է ուղիղ կես ընկնել այս տարվա՝ կինոարտադրությանը հասանելիք բյուջեն: Այս տարի Ազգային կինոկենտրոնը բացարձակապես մրցույթից դուրս և չհիմնավորված պարտավորվել է 100 միլիոն ՀՀ դրամով աջակցել «Սուսերով պարը» նախագծին: Այն չի մասնակցել Կինոկենտրոնի նախագծերի մրցույթին, ներկայացվել ու չի ստացել այս տարի Եվրիմաժի դրամաշնորհային աջակցությունը (դա ենթադրել է տալիս, որ նախագիծը միջազգային պոտենցիալ չունի): Մեր պետությունը այդ նախագծին մասնակցում է փոքրամասնական սկզբունքով (ֆիլմի արտադրողը Ռուբեն Դիշդիշյանի ռուսական «Մարս Մեդիա» կինոընկերությունն է, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ «Շարմ» հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանը): Բայց քանի որ նախագիծը մեծ է և ծախսատար, հեռանկար չունեցող այդ նախագծին ֆինանսական աջակցությունը մեր պետության վրա կնստի կինոարտադրությանը հատկացվող բյուջեի գրեթե կեսը, իսկ հայ ստեղծագործողներից շատերը կհայտնվեն լուսանցքում: Նման ծախսերի կարելի էր գնալ, եթե Հայաստանը հանդիսանար գլխավոր արտադրող երկիր:

Սա կարևոր, բայց ընդամենը մեկ օրինակ է այն դժվար, կամային ու շրջահայաց մոտեցման անհրաժեշտության մասին, որը պահանջվում է հեղափոխության արժեքները կյանքի կոչել պատրաստվող նախարարից: Կինոն գեղարվեստական ծուղակների արվեստ է, կիոնարտադրությունը՝ իրական ծուղակների հնարավորություն, որից խուսափելու համար պահանջվում է լինել ինչպես օպերատիվ, այնպես էլ սթափ ու խոհեմ:

Լուսանկարները՝ kinoashkharh.am-ի, ncca.am-ի

Մեկնաբանություններ (1)

Անահիտ Արփեն
Շնորհակալություն պարոն Հայրապետյանին օպերատիվ և օբյեկտիվ կարծիք հայտնելու համար: Ա.Թադևոսյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագրական բաժնի պետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter