HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Հայ-բրիտանական ստարտափ՝ WICASTR. բովանդակության տարածում՝ առանց ինտերնետ կապի

WICASTR-ն ապահովում է տվյալների մշակում և բովանդակության (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր և այլն) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի։

Ստարտափի համահիմնադիր Արմին Սաիդիի խոսքով՝ ստարտափի հիմնադրման հիմքում ընկերոջն ուղղված պարզ հարցն էր՝ «Ի՞նչ անել, երբ չկա ինտերնետ»։ Հարցը քննարկել ու գիտակցել են, որ ինտերնետի բացակայության դեպքում դժվարանում է հաղորդակցությունը, կանգ են առնում շատ գործընթացներ ու տուժում աշխատանքներ։ Ստարտափի հիմնադիրներն իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ փորձել են գտնել հարցի պատասխանը՝ կատարելով տարբեր ուսումնասիրություններ ու փորձեր։ Երբ վերջապես գտել են այն, ներդրողներին երկար ժամամանակ դժվարացել են բացատրել՝ ինչպես են լուծում խնդիրը, մինչև կիրառելի է դարձել Edge computing եզրույթը։ Այսինքն՝ զբաղվել են մի բանով, որը չուներ անվանում և նոր էր հայտնվում շուկայում։

2013 թվականին հիմնադրում են ընկերությունը, 2014-ին ստանում ներդրում «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերությունից ու ստեղծում պրոդուկտը։ 2015 թվականին Հայաստանում հիմնում են ընկերության ներկայացուցչությունը՝ ինժեներական կազմով։ Հիմա հայաստանյան թիմը մեծացել է՝ ներգրավելով նաև մարքեթինգի ու հանրային կապերի ոլորտի մասնագետներ։

Արմին Սաիդին

WICASTR SMART EDGE պլատֆորմը կազմված է երկու բաղադրիչից, ինչն էլ թույլ է տալիս, ի տարբերություն մրցակիցների, առաջարկել ամբողջական ու համապարփակ լուծում։ Առաջին՝ մեծ հիշողությամբ սարք, որը հանդես է գալիս որպես լոկալ սերվեր և նախատեսված է տվյալների վերլուծության և իրական ժամանակում բովանդակության տարածման համար։ Երկրորդ՝ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը և թարմացնել բովանդակությունը:

Գոյություն ունի Cloud` աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գերհզոր սերվերներ, որոնք մշակում են համացանցում հայտնվող տվյալները։ Այսինքն՝ համացանցում կատարվող ցանկացած գործողություն հրամանի տեսքով հասնում է որևէ երկրում գտնվող կենտրոնացված սերվերի և նոր միայն վերադառնում մեզ: Որքան շատանում են այս հրամանները, այնքան մեծանում է դեպի սերվերներ գնացող տվյալների ծավալը, մինչդեռ Cloud-ի տարողունակությունը մնում է նույնը: Հիմա ավելանում են խելացի սարքավորումները, սենսորները, ռոբոտները, խելացի տները, ինքնավար մեքենաները, հետևաբար յուրաքանչյուր վայրկյանում գեներացվում են մեծ թվով տվյալներ, որոնք ուղարկվում են մշակման կենտրոնացված սերվերներ։ Դա նշանակում է, որ շուտով այս գործընթացների պատճառով ինտերնետը կդանդաղի, իսկ սպասման ժամանակը կավելանա. կապն այլևս հուսալի չի լինի։

WICASTR-ը ստեղծում է ավելի փոքր, լոկալ Cloud, որտեղ հավաքվում են տվյալները, մշակվում, իսկ հիմնական մեծ Cloud են բարձրանում միայն այն տվյալները, որոնք իրոք պետք է պահվեն այնտեղ, ինչի շնորհիվ էլ վերջինս թեթևանում է։ Այսինքն՝ WICASTR-ն իրականացնում է Edge computing՝ տվյալների մշակումը կատարվում է դիվերսիֆիկացված եղանակով՝ լոկալ սերվերների միջոցով։ Այն ապահովում է տվյալ վայրում ստեղծվող տվյալները ներկա ժամանակում արագ վերլուծելու հնարավորություն՝ անկախ հիմնական Cloud-ի ենթակառուցվածքներից։

WICASTR-ը ոչ թե փոխարինում է հիմնական Cloud-ին, այլ լրացնում է դրա ունեցած բոլոր սահմանափակումները։ Ինչպես նշում է Արմինը՝ ժամանակին հեռախոսները միայն զանգ կատարելու համար էին, իսկ հիմա կան խելացի հեռախոսներ, որտեղ կարելի է ներբեռնել բազմաթիվ հավելվածներ ու տարբեր գործողություններ կատարել։ Ավելի խելացի կարող են դառնալ նաև WiFi տարածող սարքերն ու երթուղղիչները։ Կարող են լինել ավելի օգտակար՝ մատուցելով նոր ծառայություններ։ Հենց այս զարգացմանն էլ նպաստելով՝ WICASTR-ի տրամադրած սարքն ու ծառայությունը լուծում են ինչպես լոկալ, այնպես էլ համընդհանուր խնդիրներ։

Օրինակ՝ WICASTR-ի շնորհիվ հնարավոր է ստեղծել ներքին հաղորդակցման հարթակ որևէ ընկերության ներսում ու նամակագրությունն ավելի ապահով պահել։ Վերջերս տվյալների արտահոսքի հայտնի դեպքերից հետո տվյալների անվտանգության և գաղտնիության խնդիրն առավել կարևոր է դարձել: Սրա հետ կապված աշխարհի զարգացած շատ երկրներ ընդունում են օրենքներ, որոնցով տվյալները պետք է պահպանվեն բացառապես երկրի սահմանների ներսում գտնվող սերվերներում: Նույն օրինակին հետևում են նաև միջազգային խոշոր կորպորացիաները՝ ինտերնետից կախումը նվազեցնելու և կազմակերպության տվյալների գաղտնիությունն ապահովելու համար:

WICASTR-ի տեխնոլոգիայով տվյալների մշակման դիվերսիֆիկացված եղանակի կիրառության օրինակ են նաև ինքնագնաց մեքենաները։

Ինքնագնացի անխափան և անվտանգ աշխատանքի համար բազմաթիվ կապակցված համակարգեր են աշխատում՝ ակնթարթորեն գեներացնելով, մշակելով և փոխանցելով մեծ ծավալի տվյալներ: 1 ժամում ինքնագնացը 30 անգամ ավելի տվյալ է գեներացնում, քան HD որակով վիդեոյի հեռարձակումն է: Ինքնագնացի համար աշխատող սարքերը խելացի լուսացույցեր են, նկարահանող սարքեր, շարժման սենսորներ, դրոններ, որոնք ավտոմեքենային փոխանցում են տվյալների պաշարը հետիոտների և մեքենաների շարժը հասկանալու և ժամանակին արգելակելու համար: Հետևաբար ինքնագնաց մեքենան պետք է ունենա բացառապես լոկալ պրոցեսոր (սերվեր) մեծ հիշողությամբ՝ իրական ժամանակում տվյալների մշակման համար:

Պետք է նշել, որ WICASTR-ը հայտնվել է CISCO լավագույն 5 ստարտափների ցուցակում, ինչպես նաև 2017 թվականին Բեռլինում մասնակցել է Techcrunch-ի կազմակերպած Startup Battlefield-ին և արժանացել մեծ ուշադրության։

WICASTR-ը դարձել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կողմից հիմնադրված, տեխնոլոգիայի աշխարհում մեծ հեղինակություն վայելող Pitch@Palace 2018 մրցույթին մասնակցության համար ընտրված 42 նորարարական ստարտափներից մեկը։ Pitch@Palace-ը՝ ելույթ պալատում, կազմակերպում է Յորքի Դուքս արքայազն Էնդրյուն՝ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ի որդին: Մրցույթի շնորհիվ ստարտափը հայտնվել է տեխնոլոգիաների ասպարեզում հեղինակավոր առաջնորդների ուշադրության կենտրոնում ու ձեռք բերել նոր համագործակցություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։