
Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են համայնքապետի ընտանիքի անդամներին
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր վաղ առավոտյան Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը և 16 տարվա համայնքապետ Շահեն Կարապետյանից պահանջում են հետ բերել տարիներ առաջ «կոպեկներով» մերձավորներին օտարված համայնքային սեփականությունը: Գյուղացիները պահանջում էին նաև ներկայացնել մանրամասն հաշվետվություն, թե ինչպես է տնօրինվում համայնքային բյուջեն, քանի որ դրանից տեղյակ չեն:
Շահեն Կարապետյանը
Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանը «Հետք»-ին պարզաբանեց, որ իրենց գյուղը, եթե մարզում առաջինը չէ, ապա իր հարմարություններով, կոմունիկացիաներով երկրորդն է: Որպես օրինակ նշեց գյուղ մտնող ասֆալտապատ ճանապարհը, 24-ժամյա ջրամատակարարումն ու գիշերային լուսավորությունը: Տեղեկացրեց, որ ցուցարարների մոտ չի գնացել, նրանց հետ չի խոսել. «Ինչի համար գնամ, եթե ասում են՝ մենք ենք տերը, մենք ենք որոշելու, գյուղապետ պիտի լինենք»,- հավելեց համայնքապետը: Նշեց, որ այսօր առավոտյան են ցուցարարները իրեն ներկայացրել հայտարարության տեքստը:
Մինչդեռ բողոքող նորակերտցիները նշեցին, որ իրենք համայնքապետի հրաժարականի հարց չեն բարձրացրել: Ընդամենը գործող համայնքապետից պահանջում են համայնքային ունեցվածքի վերադարձ:
Շահեն Կարապետյանն, անդրադառնալով օտարված գույքին, համայնքապետարանի շենքին, բուժկետին, մանկապարտեզի այգուն, ասաց, թե այդ ամենն օտարվել է 2006թ.: Իհարկե, այդ ժամանակ համայնքապետ է եղել: Այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից: Ուշագրավն այն էր, որ համայնքապետը «չհիշեց», թե որ գույքը ինչ գնով է օտարվել: Ասում էր, որ «թղթերում կա», սակայն այդ թղթերն այդպես էլ չներկայացրեց:
Շ. Կարապետյանն ասաց, որ բուժկետի առաստաղը փլված է: Փորձագետներ են հրավիրել և տվել են եզրակացություն, որ հնարավոր չէ վերանորոգել: «Ես կանչեցի ավագանիներին, ասի՝ նայեք, եզրակացություն է տված, որ մենք չենք կարող բուժկետը վերանորոգել: Ավագանին իր համաձայնությունը տվեց, աճուրդով օտարեցինք»,- ասում է համայնքապետ Կարապետյանը:
Նա չթաքցրեց, որ նախկինում համայնքային սեփականություն հանդիսացող մի քանի գույքի այսօրվա սեփականատերերն իր մերձավորներն են: Օրինակ, ըստ համայնքապետի, բուժկետի նախկին շենքի սեփականության իրավունքը գրանցված է որդու՝ Գևորգ Կարապետյանի անունով, սակայն իրականում այն պատկանում է քրոջ ընտանիքին: Հենց այդ շենքի հարևանությամբ է գտնվում քրոջ տունը: Նախկին բուժկետն ու համայնքապետի քրոջ տունն ընդհանուր պարիսպի ներսում են:
Համայնքապետը ցույց տվեց ամբուլատորիայի շենքը, սակայն տեղում տեսանք, որ շենքը թեև վերանորոգման կարիք ունի, բայց տանիքը փլված չէ: Իսկ ներսում կուտակված շինանյութ կար:
Ինչ վերաբերում է համայնքապետարանի շենքին, ապա, Շահեն Կարապետյանի ասելով, դա նույնպես 2006-ին է օտարվել: Աճուրդով սկզբում գնել է համագյուղացի Ժորա Ասատրյանը, նա էլ իր հերթին վաճառել է Գեղամ Եղիազարյանին, վերջինից էլ գնել է համայնքապետի որդին՝ Գևորգ Կարապետյանը:
Նորակերտն այսօր համայնքապետարանի առանձին շենք չունի: Նույն շենքում են տեղակայված ամբուլատորիան, մշակույթի տունն ու համայնքապետարանը:
Նորակերտցի Ավետիք Սահակյանը նշեց, որ արդեն 4-5 տարի է՝ գյուղի մանկապարտեզը չի գործում: Դրան ի պատասխան՝ Շահեն Կարապետյանն ասաց, որ մանկապարտեզի շենքի վերանորոգման գումարը հատկացրել է կառավարությունը, իր հիշելով՝ 45 մլն դրամ: Շինաշխատանքները գրեթե ավարտվել են, շուտով այն կաշխատի:
Գյուղացիները հարց էին բարձրացրել, որ մանկապարտեզի հարևանությամբ գտնվող այգին ևս տարիներ առաջ օտարվել է համայնքապետի կողմից: Այնտեղ եղել են 30-40 տարեկան ծառեր, որոնք ամբողջությամբ հատվել են: Տարածքը պարսպապատվել է, և հասարակ մահկանացուները չեն կարող տեսնել, թե ինչ կա ներսում:
Շահեն Կարապետյանը հաստատեց, որ մանկապարտեզի հարակից տարածքը ևս օտարվել է: Նրա ասելով՝ տարածքը գյուղնշանակության այլ հող է, ավագանու որոշումով՝ աճուրդային կարգով օտարվել է 2000 քմ տարածք: Գնորդը դարձյալ իր որդին է՝ Գևորգ Կարապետյանը:
Շահեն Կարապետյանը հավելեց, որ աճուրդի բոլոր հայտարարությունները հրապարակվել են «Հայաստանի Հանրապետություն» թերթում, ինչպես նաև փակցված են եղել համայնքապետարանի պատին: Դրան ի պատասխան՝ գյուղացիները նշում են, որ գյուղը թերթ չի ստանում, իսկ համայնքապետարանի պատին որևէ հայտարարություն փակցված չի եղել: Միայն վերջերս են իմացել, որ համայնքապետարանի ընտանիքին է պատկանում նախկինում համայնքին պատկանող անշարժ գույքը:
Գյուղացիները հերթով ցույց էին տալիս համայնքի ներսի քարուքանդ ճանապարհները, 4 բազմահարկ շենքերի ավերված տանիքներն ու դրանց հարևանությամբ գոյացած աղբավայրը: Ամռան ամիսներին գարշահոտությունից այդ տարածքով անցնել չի լինում: Երեխաները խաղահրապարակ չունեն, ստիպված մտնում են աղբանոց:
Մանուշ տատը զոհված զինծառայողի մայր է: Արդեն 50 տարի է՝ ապրում է Նորակերտի եռահարկ բազմաբնակարան շենքի առաջին հարկում: Ասում է՝ վերջերս էր ավարտել տան վերանորոգման աշխատանքները, սակայն տանիքից ջուրը պատերով հոսել է և ամբողջ վերանորոգումը փչացրել: Պատմեց, որ նախորդ տարի համայնքապետը գումար է հատկացրել շենքի տանիքը փոխելու համար, բնակիչները ևս 6000-ական դրամ էին հավաքել, որ լավ որակի թիթեղներ գնեն, մինչդեռ մինչ օրս որևէ աշխատանք չի կատարվել:
«Փողը կուլ տվեցին, անցավ-գնաց, ի՞նչ սարքել, ի՞նչ բան: Ով կարողացել` իր ուժերով սարքել է, մենք էլ մնացել ենք»,- ասում է Մանուշակ տատը:
Նորակերտցիներն ասացին, որ ցանկանում են հանդիպել տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին և նրան մանրամասն ներկայացնել գյուղում առկա վիճակը:
Մեկնաբանել