HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանին, նաիրիտցիների համակարգող խմբի անդամներին և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանին։

Այս մասին տեղեկացնում է նախագահականը։ Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Արմեն Սարգսյանը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:

Նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը: 

Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել: 

Արձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է այս խնդիրների քննարկումը կառավարության հետ: Արմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասնագիտական վերագնահատումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter