
Ավարտական քննության ժամանակ միտքս պարբերաբար տեղափոխվում էր ԱԺ
Մհեր Ենոքյան, «Հետք»-ի թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Մայիսի 8-ին՝ հենց այն ժամին, երբ ԱԺ-ն վարչապետ էր ընտրում, հանձնում էի առաջին պետական քննությունս՝ «Պետության և իրավունքի տեսություն» առարկայից:
Նախ Սլավոնական համալսարանի դասախոսը սեղանին դրեց տոմսեր և առաջարկեց ընտրել մեկը: Անկախ նրանից, որ արդեն 42 տարեկան եմ ու անցել եմ մահապատժի «դարաշրջանի» բազմաթիվ փորձություններով, այնուամենայնիվ, հուզված էի, միևնույն ժամանակ վստահ՝ լավ գիտեմ առարկան: Ընտրեցի տոմսերից մեկը, վերցրեցի կնքված ու ստորագրված թերթերը, գրեցի տոմսի համարը, անուն, ազգանունս, սկսեցի պատասխանել հարցերին:
Նույնիսկ ավարտական, պետական քննության ժամանակ միտքս պարբերաբար տեղափոխվում էր Ազգային ժողով: Կողքի խցից բարձր լսվում էր Նիկոլ Փաշինյանի ձայնը: Հայաստանում նոր իրականություն է ստեղծում, նոր պետություն, որտեղ համաժողովրդական հաղթանակը պետք է պսակվի երկրում օրինականության հաստատմամբ, իսկ ես հենց այս վճռորոշ պահին պատասխանում եմ «Պետության և իրավունքի տեսություն» առարկայի քննական առաջին հարցին` մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների մասին:
Ժամը լրանալուն պես ամփոփեցի պատասխաններս: Դասախոսը դրեց իր ստորագրությունը, հետո տոմսն ու պատասխանները տեղավորեց մեծ ծրար-փաթեթի մեջ, փակեց, որ փոխանցի քննական հանձնաժողովին: Գալով խուց՝ միացրեցի հեռուստացույցը: Նիկոլ Փաշինյանն ընտրվել էր վարչապետ: Նոր Հայաստանի ծնունդն արդեն իրականություն է:
Երկու օր անց իմացա քննությանս արդյունքը՝ 85 միավոր եմ ստացել, հանձնաժողովը գոհ էր մնացել աշխատանքիցս: Հիմա էլ պատրաստվում եմ քրեական իրավունքի պետական քննությանը, որը պիտի հանձնեմ էլի գրավոր՝ մայիսի 15-ին:
Ասեմ, որ իմ 5 տարվա ուսումնառությունը բուհում հնարավոր է դարձել նախ հարազատներիս շնորհիվ, ովքեր այս տարիներին հաճախ փոստատարի դեր են կատարել՝ ինձ բերելով գրքեր, նյութեր, իրավագիտական գրականություն, քննական հարցաշարեր, իսկ իմ աշխատանքները հասցրել Սլավոնական համալսարան:
Բանտում գտնվելով 22 տարի՝ պատասխանատու հայտարարում եմ, որ եթե դատապարտյալը ազատության մեջ չունի օգնական ձեռք, գրեթե անհնար կլինի բուհում սովորելը զուտ գրականության, թղթաբանության, տեխնիկական, կազմակերպչական առումով, քանի որ դա, առաջին հեթթին, հեռակա պրոցես է, որին դատապարտյալը անձամբ չի մասնակցում, այլ միջնորդավորված: Իսկ միջնորդը պիտի լինի ֆիզիկական ազատության մեջ գտնվող անձը:
Կա մի խնդիր ևս, որը չափազանց բարդացնում է դատապարտյալի ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ ֆինանսն է: Գաղտնիք չէ, որ ազատազրկման վայրերում շատ քչերն են աշխատում: Աշխատատեղ ու աշխատելու հնարավորություն համարյա չկա: Հետևաբար, ինչպես պիտի դատապարտված քաղաքացին կարողանա ուսման վարձ վճարել: Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսման վարձը վճարվել է շնորհիվ «Հետք»-ի հետ ունեցած իմ պայմանագրի: Այն աշխատավարձը, որ այսքան տարիներ փոխանցվել է ինձ այս բանտային նամակների համար, հարազատներս փոխանցել են համալսարանի հաշվեհամարին՝ որպես իմ ուսման վարձ: Բացառությամբ 1-ին կուրսի վճարի, որը փոխանցել է մայրս: Եղել են պահեր, երբ որպես ուսման վարձ ծառայել է նաև գրքերիս վաճառքի գումարը, ինչի համար էլ շնորհակալ եմ գրքերիս տպագրության հովանավորներին:
Հիմա ու միշտ շնորհակալություն եմ հայտնում «Հետք»-ի ղեկավարությանը, իմ հարազատներին, Սլավոնական համալսարանի աշխատակազմին, դասախոսներին, գիտական ղեկավարիս, նաև Քրեակատարողական վարչությանը, պետին և «Նուբարաշեն» ՔԿ վարչակազմին ուսման գործընթացին աջակցելու համար:
Որքանով գիտեմ` հետխորհրդային երկրներում առաջին անգամ է, երբ ցմահ բանտարկյալը իրավաբան է դառնում: Համոզված եմ, որ անմասն չեմ մնա նաև դատաիրավական ու քրեակատարողական ոլորտներում սպասվող դրական փոփոխություններից, բայց հուսով եմ` արդեն ազատության մեջ: Առաջ Աստված:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել