
Լոռու մարզի որոշ համայնքների բնակիչներ այսօր հրաժարվել են կաթը 130 դրամով մթերման հանձնել
Լոռու մարզի որոշ համայնքների բնակիչներ այսօր հրաժարվել են կաթը մթերման հանձնել 130 դրամով: Մեզ հետ զրուցած գյուղացիներն ասում են՝ կաթի գինն այդպես էլ չբարձրացավ` չնայած մթերման ցածր գների դեմ բողոքի ակցիաներին ու պատկան մարմիններին դիմումներին:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Լոռու մարզի գյուղերի բնակիչները փակել էին Վանաձոր-Սպիտակ-Երևան ճանապարհը: Նրանք բողոքում էին կաթ մթերող ընկերությունների դեմ, որոնք 1 լիտր կաթի մթերման համար 130 դրամ են առաջարկում: Գյուղացիների փոխանցմամբ՝ դեռևս 15 օր առաջ մթերողներին կաթը հանձնել են 180 դրամով, սակայն օրերի ընթացքում կաթի գինը 10-ական դրամով իջել է` հասնելով 130-ի:
Լեռնապատի բնակիչ Հովհաննես Եղիազարյանը այսօր առավոտյան հրաժարվել է իր ունեցած 200 լիտր կաթը 130 դրամով մթերման հանձնել: Երեկ կաթի մեկ լիտրի մթերման համար 140 դրամ են վճարել: Գյուղացիներից մեկը, ով գյուղից հավաքած կաթը հանձնում է գործարանին, Հովհաննեսին ասել է, թե կաթի գործարանն է կաթի մթերման գինը 10 դրամով նվազեցրել: «Իրենք մեզանից 130-ով են վերցնում, բայց զավոդին 150-ով են տալիս: Ասում է՝ գործարանն ա գինը նվազեցրել, ասում են՝ մենք էլ ենք հարկերի տակ, դե որ տենց ա` թող իրանք էլ մեր հարկերը նվազեցնեն, մեր լույսը էժանացնեն: Ասում ա՝ զավոդի տերն էլ իր պահանջներն է ներկայացնում»,- Հովհաննեսին այսպես են պարզաբանել կաթի մթերման գնի նվազումը:
Հովհաննեսն արդեն յոթ տարի է կաթ է հանձնում գործարարններին: Գյուղացիները գործարանին չեն կարող առանց միջնորդի հանձնել կաթը, քանի որ յուրաքանչյուրը տարբեր քանակի կաթ է հանձնում, և գործարանի համար ավելի հեշտ է մեկից ընդունել հավաքած կաթը, քան այդքան անհատ ձեռներեցներից: Այսօր չհանձնած 200 լիտր կաթի մի մասը Հովհաննեսը տվել է խոզերին, որոշ մասն էլ օգտագործելու է` պանիր կպատրաստի:
Գյուղացու դիտարկմամբ՝ կաթի մթերման 140 դրամը չնչին գումար է, քանի որ վարկեր են վերցրել, կով գնել, որ կարողանան այս ամիսների կաթի վաճառքի գումարով մարել վարկերը, եկամուտ ստանալ: Նախորդ տարի որքան էլ մեկ լիտր կաթը հանձնել են 140 դրամով, այլ պայմաններ են գործել. այս տարվա 600 000 դրամի փոխարեն անցյալ տարի կովը 200 հազար դրամով են գնել:
Հալվարի բնակիչ Գևորգ Աբազյանը ևս այսօր հավաքած 80 լիտր կաթը չի հանձնել մթերման: Նրան ևս մեկ լիտր կաթի դիմաց 130 դրամ են առաջարկել: Կաթը հավաքող աշխատակիցը Գևորգին պարզաբանել է, թե կաթի գինը գործարանն է սահմանել, նրանք են որոշել կաթը 10 դրամ ցածր գնով ընդունել: Գևորգն ասում է, որ իրենց գյուղից վերցված կաթը հանձնվում է Դարպաս գյուղի և «Դիետ» կաթի գործարաններին:
Գևորգն այսօր չհանձնած կաթի մի մասը տվել է Վանաձորում գտնվող բարեկամներին, իսկ մնացածով տանը պանիր են պատրաստելու: Գյուղացին մտահոգվում է, որ չի կարող ամբողջ կաթով պանիր պատրաստել, խնդիրը պետք է արագ կարգավորվի, և իրենք արդեն քանի օր է` պահանջում են հանդիպում գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանի հետ:
Գևորգի համար կաթի մթերման ցանկալի գինը 160-170 դրամ է: Վստահեցնում է՝ եթե ամեն ինչ էժանանա, պատրաստ են 120 դրամով էլ կաթը հանձնել, սակայն այս պայմաններում, երբ մեկ լիտր կաթը մթերում են 130 դրամով և այդ մեկ լիտր կաթից պատրաստում են 8-10 շիշ թան, իրենց համար անհավասար պայմաններ են ստեղծում:
Հիշեցնենք, որ երկու օրեր առաջ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր կաթի մթերման գների նվազեցման դեմ բողոքի ակցիաներին: Նախարարը հայտնել էր, որ հանդիպում են ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ և քննարկել մթերվող կաթի գնի խնդիրը:
«Արժանին պիտի մատուցենք այն տնտեսվարողներին, որոնք, լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման եւ հայտարարեցին, որ կաթի գինը կմնա նույնը»,-ասել էր Պապիկյանը` կոչ անելով գյուղացիներին դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի առաջադրումը, քանի որ նոր ձևավորված կառավարությունը հասանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
Հավելենք, որ մայիսի 12-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը հանդիպել էր կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Առաքելյանը ապա հանդիպել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ներկայացրել առկա հարցերն ու քննարկել հարցի լուծման ուղիները։
Մեկնաբանել