
Շահումյանի դպրոցում շարունակում են պահանջել տնօրենի հրաժարականը
Արմավիրի մարզի Շահումյան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի դեմ դժգոհությունները նոր չեն: «Հետք»-ը դպրոցի մանկավարժների, ծնողների բողոքին անդրադարձել էր դեռևս այս տարվա փետրվարի վերջին: Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մանկավարժները դպրոցի բակում կրկին բողոքում էին տնօրեն Կարինե Մանուկյանի դեմ: Դպրոցի բակ էր եկել նաև համայնքապետ Հարություն Նավասարդյանը: Իսկ Կարինե Մանուկյանը լքել էր դպրոցը, և մանկավարժները տեղյակ չէին, թե ուր է գնացել:
Նախորդ տարեվերջին դպրոցի տնօրեն Համեստ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մարզպետարանի կողմից 2017թ. դեկտեմբերի 12-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կարինե Մանուկյանը, ով դպրոցի մանկավարժ չի եղել: Ինչպես նշում էին մանկավարժները, նույնիսկ լինելով ժամանակավոր պաշտոնակատար՝ Կարինե Մանուկյանն իրեն լավ չի դրսևորել, թույլ է տվել չարաշահումներ, մանկավարժների հետ խոսել է հեգնանքով:
Տնօրեն Կարինե Մանուկյանը
Այս տարվա փետրվարի 26-ին դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Կարինե Մանուկյանը, լինելով միակ թեկնածուն, բավարար քանակի ձայներ չէր ստացել: Խորհրդի 8 անդամներից նիստին ներկա են եղել 7-ը: Նրանցից մեկը որպես բողոքի նշան դատարկ քվեաթերթիկ է գցել տուփի մեջ, մեկը «V» նշանի փոխարեն քվեաթերթիկի վրա «+» է դրել, 2-ը՝ կողմ, 3-ը դեմ են քվեարկել: Հետո պարզվել է, որ «+» նշան դնող ուսուցչի քվեաթերթիկը հաշվել են հօգուտ թեկնածուի, թեև այդ թերթիկն էլ Կարինե Մանուկյանին տնօրեն չի դարձրել: Իսկ ավելի ուշ «+»-ով քվեաթերթիկը ճանաչվել էր անվավեր:
Ապրիլի 19-ին դարձյալ ընտրություններ են կայացել դպրոցում: Թեկնածուները եղել են երկուսը՝ Կարինե Մանուկյանը և Արմավիր քաղաքի 8-րդ դպրոցի ուսմասվար Սյուզաննա Ավետիսյանը: Ուսուցիչները պնդում են, որ երկրորդ թեկնածուի առաջադրումը ձևական բնույթ է կրել, քանի որ վերջինս մտերիմ է եղել Կարինե Մանուկյանի հետ:
Ուշագրավն այն է, որ ընտրության ժամանակ «+» նշան դնող խորհրդի անդամ ուսուցիչը, ով Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչն է եղել, խորհրդի կազմից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նրա փոխարեն խորհրդում շտապ ներգրավել են մարզի տնօրեններից մեկին, ինչի իրավունքը, ըստ ուսուցիչների, չունեին:
Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրորդ թեկնածուի առաջադրմանն այնքան լուրջ չեն վերաբերել, որ Սյուզաննա Ավետիսյանը ընտրության օրը ներկայացել է ոչ թե Շահումյան գյուղի դպրոցի զարգացման ծրագրով, այլ՝ Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի: Այդ փաստը տեղում արձանագրվել է:
Կարինե Մանուկյանը դարձյալ չի ընտրվել: Խորհրդի 8 անդամներից 4-ը՝ 2 ուսուցիչ և 2 ծնող, դեմ են քվեարկել բոլորին, իսկ Շահումյանի համայնքապետը, ով կառավարման խորհրդի անդամ է և մարզպետարանի, ԿԳ նախարարության ներկայացուցիչները, ովքեր դպրոցի տնօրեններ են եղել, կողմ են քվեարկել Կարինե Մանուկյանին: Քանի որ կողմ և դեմ ձայները բաշխվել են հավասարաչափ, նախկին փոխվարչապետներից մեկը, ում անունը մանկավարժները դեռ չգիտեն, Կարինե Մանուկյանին օրենքի ուժով նշանակել է տնօրեն: Արդեն ապրիլի 22-ին դպրոցի մանկավարժների մեծ մասը գրավոր դիմել են կառավարությանը, խնդրելով, որ Կարինե Մանուկյանին չնշանակեն տնօրենի պաշտոնում, սակայն՝ ապարդյուն:
Քանի որ Կարինե Մանուկյանը դեռևս փետրվար ամսին չի ընտրվել և դպրոցի մանկավարժների վստահություն չի վայելել, առաջին ընտրությունից հետո Շահումյանի դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Լենա Խաչատրյանը մասնակցել է քննությանը և ստացել է տնօրենի հավաստագիր: Մանկավարժների մեծամասնությունն այժմ ցանկանում է, որ հենց Լենա Խաչատրյանն ընտրվի տնօրենի պաշտոնում, քանի որ նրա հետ երկար տարիներ աշխատում են, և նա տեղյակ է դպրոցի բոլոր խոցելի հարցերից:
Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանն ակնհայտ ցույց էր տալիս իր կողմնապահությունը: Նա բացահայտ հայտարարեց, որ դեմ է Լենա Նազարյանի թեկնածությանը և կողմ է Կարինե Մանուկյանի տնօրեն լինելուն: Համայնքապետի խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ նա է որոշում, թե ով պետք է լինի դպրոցի տնօրեն:
Մանկավարժները հակառակվեցին համայնքապետին՝ պնդելով, թե իրենք են աշխատում տնօրենի հետ, հետևաբար իրենք պետք է որոշեն, թե ով աշխատի տնօրենի պաշտոնում: Հարություն Նավասարդյանն ասաց, թե վաղը ժամը 15:00-ին դպրոցի դահլիճում ժողով է անելու համայնքի բնակիչների հետ, որպեսզի քննարկեն տնօրենի հարցը՝ ակնհայտ ակնարկելով, որ գալու են հիմնականում Կարինե Մանուկյանի կողմնակիցները:
Մանկավարժներից Շուշան Կարապետյանը պնդեց, թե համայնքապետը ժողով կարող է անել իր ընտրության վերաբերյալ, տնօրենի հետ աշխատում են մանկավարժները, իրենք էլ պետք է որոշեն:
Այդ ընթացքում աշակերտները մեզ փոխանցեցին «Հայտարարություն» վերնագրով մի թերթիկ` հողի և ջրի վարձի հավաքագրման, մշակույթի տան գործող խմբակների և այլ հարցեր քննարկելու համար համայնքապետի կողմից վաղը համայնքային ժողով հրավիրելու մասին: Վերջում, որպես օրակարգային հարց, նշված էր՝ «Դպրոցում առկա խնդիրների վերաբերյալ»: Մանկավարժները պնդում են, որ կեղծ օրակարգ է, և հիմնական շեշտադրումը լինելու է դպրոցը, ինչին իրենք չեն մասնակցելու, քանի որ համայնքապետն իրավունք չունի միջամտել իրենց հարցերին:
Հարություն Նավասարդյանն անընդհատ պնդում էր, թե Կարինե Մանուկյանը լավ տնօրեն է, լավ գործեր է անում: Մանկավարժներից Շուշան Կարապետյանը հակադարձեց, թե նա, դեռ ժամանակավոր պաշտոնակատար լինելով, արդեն խախտումներ էր թույլ տալիս, բայցի այդ, դպրոցում Մանուկյանի կատարած «լավ գործը» եղել է այն, որ փոխել է դպրոցի բակ մտնող դարպասը, ճանապարհի մի փոքր հատված հարթեցրել է, որ իր ավտոմեքենան հեշտ մտնի:
«Բայց դպրոցում շատ կարևոր հարցեր կան, դարպաս փոխելը գլխավորը չէր: Թող տարրական դասարաններում սովորող երեխաների ունիտազները փոխեր»,- համայնքապետին հակադարձեց դպրոցի տնտեսվար Արմենը:
Շահումյանի բնակչուհի Անահիտ Հովհաննիսյանը, ով ապրում է դպրոցի հարևանությամբ և կանգնած էր մանկավարժների կողքին, ասաց, որ ամեն օր տեսնում է, թե իր գյուղի մանկավարժներն ինչ դժվարությամբ են այս տարիներին պահել դպրոցը և այսօր ցավում է, որ դրսից են բերում տնօրեն հրամցնում, այն դեպքում, երբ մանկավարժները դեմ են:
«Մենք բոլորին գիտենք, պապերին, տատերին էլ ենք ճանաչում: Ոչ բարեկամ ուսուցիչ ունեմ դպրոցում, ոչ էլ սովորող երեխա, որ ասեն շահից ելնելով է ասում: Ես ճշտի կողմնակից եմ, արդար չի այս վիճակը: Թող ոչ մեկ փող չվերցնի լափի ու բերի դրսից տնօրեն հրամցնի»,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը:
Վաղը մանկավարժները դպրոցում իրենց բողոքը դարձյալ կարտահայտեն:
Մեկնաբանել