HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խարդախության մեխանիկա

Գոհար Չիֆլիկյանն արդեն մի քանի տարի է` աշխատում եւ ապրում է կրպակում, իսկ ընտանիքի անդամները բնակվում են հարազատների մոտ: Նրա խոսքերով` քաղաքի կենտրոնում` Պարոնյան 1/65 հասցեում գտնվող իրենց 3 սենյականոց բնակարանը խարդախությամբ խլել են:

Մեղավորները, ըստ Չիֆլիկյանի, մինչ օրս մնացել են անպատիժ, որովհետեւ «հայտնի եւ ազդեցիկ մարդիկ են` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ «գլխավոր կեղծարար Աղվան Հովսեփյանը, որը դարձել է Հայաստանի գլխավոր դատախազ»:

«1992 թ. տների շուկայում հանդիպեցի Աղվանին: Էն ժամանակ ինքը դատախազությունում շարքային քննիչ էր: Բնակարանս տեսավ, հավանեց: Պայմանավորվեցինք, որ 3 միլիոն խորհրդային ռուբլով պիտի գնի: Բայց ծախելու համար տունս պիտի սեփականաշնորհեի, իսկ ԺԵԿ-ի պետ Ալիկ Հարությունյանն ինձ ոչ մի թուղթ չտվեց, որովհետեւ բնակարանից խողովակ էի հանել,- պատմում է Գ. Չիֆլիկյանը եւ նշում, որ երբ այս մասին հայտնել է Ա. Հովսեփյանին, վերջինս անձամբ հանդիպել է թիվ 11 ԲՇՏ-ի ( ԺԵԿ ) կառավարիչ Ա. Հարությունյանին ու անհրաժեշտ փաստաթղթերը վերցրել:- Հետո Աղվանը զանգեց ինձ ու կանչեց իր մոտ: Էդ ժամանակ որդիս` Հայկը, Հայաստանում չէր: Ես էլ բարեկամիս` Ռուբեն Միքայելյանի հետ գնացի դատախազություն: Աղվանն ընկերոջ` Սպարտակի հետ էր: Իրենք ասացին, որ պիտի համաձայնագիր գրեմ: Հենց գրեցի, Աղվանն ասաց` արի Հայկի անունից էլ դիմում գրի, որ ինքը համաձայն է բնակարանի սեփականաշնորհմանը: Ուզում էի գրեի, մեկ էլ ասաց` չէ, Գոհար ջան, ձեռագիրը նույնը կլինի: Թող բարեկամդ գրի»:

«Հայկի անունից համաձայնագիրը ես եմ գրել: Տեքստը թելադրել են Հովսեփյանն ու Սպարտակը: Հետո հարցրին, թե կարո՞ղ է Հայկի անձնագրի սերիան իմանանք: Ասացինք` չէ: Սպարտակն էլ, թե` դե մի բան գրեք, էլի: Թուղթը վերցրեց ու ինչ-որ թվեր գրեց»,- հավաստիացնում է Ռ. Միքայելյանը:

Ի պատասխան մեր հարցման` Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնել է, որ Ա. Հովսեփյանը Սպարտակ անունով անձի չի ճանաչում: «Ա. Հովսեփյանը 1992թ., լինելով քննիչ, նոր բնակարան գնելու նպատակով բնակարան փնտրելիս հանդիպել է նաեւ Գ. Չիֆլիկյանին, ով վաճառքի էր հանել իր բնակարանը: Սակայն Գ. Չիֆլիկյանը փոխել էր բնակարանի վաճառքի պայմանները եւ ավելի բարձր գնահատել այն, որի հետեւանքով էլ Ա. Հովսեփյանը հրաժարվել է նշված բնակարանը գնելուց»,- ասված է պատասխանում:

Ռ. Միքայելյանի խոսքերով` համապատասխան մարմինները հեշտությամբ կարող են բացահայտել ճշմարտությունը. «Մնում է միայն, որ նրանք դրա ցանկությունն ունենան»: Գ. Չիֆլիկյանն էլ շեշտում է, որ ինքը հրաժարվել է բնակարանը վաճառել այն բանից հետո, երբ հասկացել է, որ որդու անձնագրի սերիան եւ ստորագրությունը պետք է կեղծվեն:

«Աղվանը որոշեց սպասել մինչեւ Հայկի գալը: Բայց ուզում էր, որ փողը նախապես վերցնեի: Իսկ էդ ժամանակ ռուբլին ժամառժամ արժեզրկվում էր, տների գներն էլ` բարձրանում»,- նշում է Գ. Չիֆլիկյանը եւ տեղեկացնում, որ օրեր անց Ա. Հովսեփյանի հետ գնացել են «տների շուկա» եւ տեղում համոզվել, որ քաղաքի կենտրոնում բնակարանի գինը կրկնակի թանկացել է:

«Մինչեւ Հայկի գալը գներն ավելի կբարձրանային: Դրա համար էլ Հովսեփյանն ամեն ինչ անում էր, որ բնակարանս 3 միլիոնով առներ: Տեսավ չի ստացվում, գնալուց առաջ ասաց` Գոհար, եթե տունդ ուրիշին կծախես, գլուխդ կգովաս, ու բոլոր փաստաթղթերը` ԺԵԿ-ից վերցրած թղթերը, իմ ու տղայիս անունից գրված համաձայնագրերը, մնացին Աղվանի մոտ: Իմ մտքով չէր էլ անցնում, որ դրանք էդ ձեւով կօգտագործվեն»,- շարունակում է տկն Չիֆլիկյանը:

6-7 ամիս անց` 1993թ. ապրիլին, ԲՇՏ-ի կառավարչի ուղեկցությամբ Գ. Չիֆլիկյանի տուն են եկել բնակարանի նոր գնորդներ: Ինչպես իրեն ներկայացրել են, եկվորները եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ` Արտաշես Գեղամյանը, նրա տեղակալ Ալեքսանդր Պետրոսյանը եւ էլի մի քանի հոգի:

«Գնի «բազարը» Գեղամյանն էր անում: Ընդհանուր հայտարարի եկանք` 9 միլիոն ռուբլի: Նույն օրը Գեղամյանն իր տեղակալ Ալիկ Պետրոսյանի միջոցով 2 միլիոն բեհ տվեց: Մնացածը պայմանավորվեցինք, որ պիտի ստանայի վերջում, երբ որդիս կվերադառնար, ու բոլոր փաստաթղթերը վերջնական կձեւակերպեինք»,- հիշում է Գ. Չիֆլիկյանը:

«Առաջին անգամ եմ այս պատմությունը լսում: Հատկապես այդ տարիներին, եթե նման բան լիներ, ՀՀՇ-ն («Հայոց համազգային շարժում» կուսակցություն – Ա.Դ.) ուղղակի կկախեր ինձ,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Գեղամյանն ու եզրակացրեց,- հավանաբար, հիվանդ է այդ կինը»:

Պրն Գեղամյանն ակնհայտորեն անկեղծ չէ, դժվար թե չիմանա այս պատմությունը, որովհետեւ 2005 թ. լրատվամիջոցներն անդրադարձել են դրան եւ հիշատակել իր անունը:

«Մի քանի օր հետո Ալիկն ինչ-որ թղթեր բերեց, որ ստորագրեմ: Հետո գնացինք նոտարի մոտ ու մի 2-3 տեղ էլ այդտեղ ստորագրեցի: Բայց ես հանգիստ էի: Մտածում էի, որ առանց Հայկի համաձայնագրի ոչ մի բան հնարավոր չէ անել»,- շարունակում է Գ. Չիֆլիկյանը:

Որոշ ժամանակ անց Գեղամյանի անունից բնակարանի գործարքով զբաղվող Ա. Պետրոսյանի հայրական տունն այրվել է, ու նա խնդրել է Գ. Չիֆլիկյանին իր բնակարանի սենյակներից մեկում տեղավորել կրակի ճիրաններից փրկված իրերը: Մի քանի օր հետո Գ. Չիֆլիկյանի բնակարանում ապաստանել են նաեւ հրդեհված տան բնակիչները` Ա. Պետրոսյանի ծնողները:

«Ծեր մարդիկ էին: Ասացին, որ ապրելու տեղ չունեն, իսկ Ալիկը գնացել էր Մոսկվա: Թողեցի, որ մեր տանը մնան, մինչեւ Ալիկը կգար ու ինչ-որ բան կաներ»,- պատմում է Գ. Չիֆլիկյանը:

Այդ ընթացքում Հայաստան է վերադառնում Գ. Չիֆլիկյանի որդին` Հայկ Հարությունյանը: Իրենց տանն ապրող տարեց ամուսինները վստահեցնում են, որ Ալիկը 1-2 շաբաթից Մոսկվայից կգա: Հայկը ստիպված սպասում է, որպեսզի ստանա բնակարանի վաճառքի մյուս մասը` 7 միլիոն ռուբլին: Սակայն Ա. Պետրոսյանն այդպես էլ չի վերադառնում:

«Այդ տարիներին հացը կտրոնով էր: Մի օր սովորականի պես գնացի, որ կտրոն ստանամ, չտվեցին: Ասացին` դուք ձեր տունը ծախել եք, էլ ձեզ կտրոն չենք կարող տալ»,- հիշում է Գ. Չիֆլիկյանը:

«Հասկացա, որ մորս խաբել են: Բայց եթե առքուվաճառքի պայմանագիր էր կնքվել, դա չէր կարող օրինական համարվել: Քանի որ ես այդ տանը գրանցված էի ու համաձայնագիր չէի տվել ո՛չ բնակարանի սեփականաշնորհման, ո՛չ էլ առուծախի համար»,- ասում է Հայկը եւ նշում, որ 1993 թ. հոկտեմբերին իրենք դիմել են Սպանդարյանի շրջանի ժողդատարան` սեփականաշնորհման եւ առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատավոր Ելիզավետա Դանիելյանը մի քանի անգամ իր աշխատասենյակում զրուցել է հայցվոր կողմի եւ պատասխանողի` Ա. Պետրոսյանի հոր հետ: Սակայն տարիներ շարունակ այդպես էլ դատական նիստ չի նշանակել` պատասխանողի բացակայության պատճառով: Իսկ 1997 թ. դատարանից Հայկի հայցադիմումն անհետացել է, ընդ որում` դրա առկայությունն ապացուցող որեւէ արձանագրություն չի եղել:

«Սա ավելի շատ մեր փաստաբանի մեղքով էր: Ինքը պետք է հետեւեր, որ հայցը մուտքագրեն, գրանցում կատարեն»,- ասում է Հայկը: Նրա ներկայացրած նոր հայցադիմումը դատավոր Ե. Դանիելյանը հրաժարվել է ընդունել հետին տարեթվով` 1993 թվականով: Այս ամենից հետո փաստաբան Բենիկ Մինասյանը հրաժարվել է գործի պաշտպանությունից` իր դիմումի մեջ հստակ նշելով, որ դեռ 1993 թ.-ից նյութերը ներկայացրել է Ե. Դանիելյանին, սակայն վերջինս գործ չի կազմել ու այն չի գրանցել: Ե. Դանիելյանն էլ Հայկին վստահեցրել է, թե ամենեւին տարբերություն չկա` հայցը որ թվականով կընդունվի, քանի որ այս գործը վաղեմության ժամկետ չունի:

Հայկի նոր հայցադիմումն ընդունվել է 1997 թվականով: Ի վերջո, դատավարությունը սկսվել է, սակայն ի հայտ է եկել նաեւ 3-րդ անձը` Հարություն Ապիկյանը: Ինչպես պարզվել է, դեռ 1995 թ. Ա. Պետրոսյանն առուծախի պայմանագրով հիշյալ բնակարանն օտարել է նրան:

Ըստ Գ. Չիֆլիկյանի` Ա. Պետրոսյանն ու Հ. Ապիկյանը քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են: Եւ երբ Ա. Գեղամյանը եւ Ա. Պետրոսյանը 1993 թ. այցելել են իրենց տուն, նրանց հետ է եղել նաեւ Հ. Ապիկյանը:

Դատաքննության ընթացքում Հ. Ապիկյանը պահանջել է, որ հայցվոր կողմին վտարեն իր գնած տնից: Դատավորը, մինչ վճիռ կայացնելը, արգելանքի տակ է դրել վիճելի բնակարանը: Սակայն, սա որեւէ դեր չի խաղացել, քանի որ դեռ դատավարության ընթացքում, Հ. Ապիկյանի դիմումի համաձայն, վիճելի տան նախկին տերերին գրանցումից հանել են: Ավելին` Հ. Ապիկյանի որդին իր հորաքրոջ տղայի հետ դաժանաբար ծեծել է Գ. Չիֆլիկյանին ու տնից դուրս հանել: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ, սակայն այն այդպես էլ ընթացք չի ստացել:

Նշենք, որ հիշյալ բնակարանի դատավարությունը տարիներ շարունակ ձգձգվել է: Մեկը մյուսի հետեւից Հայկ Հարությունյանի վարձած փաստաբանները գործի պաշտպանությունից հրաժարվել են: Հաջորդաբար փոխվել են նաեւ այն քննող դատավորները: Գործը լսվել է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ:

«Օհանյանի պահանջով ես իրան 1000 դոլար էի տվել: Ու ասել էի, որ ինձ ոչ մի բան պետք չի, մենակ թե գործն արդար ու օրենքով լսվի»,- պատմում է Հայկը: Ըստ նրա` 10 օր անց Պ. Օհանյանը խնդրել է իրեն տված գումարը հետ վերցնել, քանի որ հակառակ կողմը շատ ուժեղ է, եւ որեւէ բան անել հնարավոր չէ: Իսկ ինքը գումարը չի վերցրել: Փոխարենը դիմում է գրել ու տվել դատավորի քարտուղարուհուն, որում մանրամասն նկարագրել է վերոգրյալը եւ սպառնացել, որ եթե դատն անարդար լսվի, ինքնասպան կլինի: Արդյունքում Պ. Օհանյանն ինքնաբացարկ է հայտնել, եւ գործը փոխանցվել է դատավոր Էդիկ Ավետիսյանին:

«Ստացվեց, որ շանտաժ էի անում: Ու էդ 1000 դոլարը, բնականաբար, ոչ ոք հետ չտվեց»,- ավելացնում է Հայկը:

Հերթական փաստաբանի հրաժարումից հետո Հայկը վարձել է նոր դատապաշտպան, որն էլ, պատճենահանելու եւ մանրամասն ծանոթանալու համար, դատարանից պահանջել է գործի բոլոր նյութերը: Դրանք ուսումնասիրելիս Գ. Չիֆլիկյանը նկատել է, որ 1992 թ. Աղվան Հովսեփյանի աշխատասենյակում իր կողմից գրված եւ Հայկի անունից կեղծված համաձայնագրերը գտնվում են գործի մեջ: Ի դեպ, Հայկի անունից գրված նույն այդ համաձայնագիրը դատավոր Պ. Օհանյանի որոշմամբ ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ տեքստի եւ ստորագրության հեղինակը Հայկ Հարությունյանը չէ:

«Բացի այդ, ըստ գործում առկա փաստաթղթերի` բնակարանը սեփականացվել է 1993 թ.: Բայց վճարման անդորրագիրը թվագրված է 1992 թվականով: Այն դեպքում, երբ նույն այդ սեփականաշնորհման որոշման մեջ գրված է, որ վճարումը պետք է կատարվի դրանից հետո մեկամսյա ժամկետում:

Մյուս կողմից` նույն այդ փաստաթղթում նշված է, որ բնակարանում ապրում են 4 չափահասներ: Սա ճիշտ կլիներ 92 թվականի դեպքում: Որովհետեւ 93-ին մեր տանն արդեն 5-րդ չափահասը կար` Արմեն Չիֆլիկյանը, որը զինակոչիկ էր: Ու եթե այս փաստաթուղթը 93-ին կազմվեր, նրա համաձայնությունը եւս պարտադիր կլիներ,- մանրամասնում է Հայկը եւ հավելում,- այսինքն` էս ամեն ինչը կատարվել է 92-ին: Եւ սրանք այն փաստաթղթերն են, որ մնացել են Աղվան Հովսեփյանի մոտ: Հետագայում նա դրանք տվել է Գեղամյանին ու Ալիկ Պետրոսյանին»:

Դատավոր Է. Ավետիսյանն այս գործով, ի վերջո, վճիռ է կայացրել: Նա մերժել է հայցը` «հայցային վաղեմության ժամկետը լրանալու հետեւանքով»:

2005-ի մայիսին Գ. Չիֆլիկյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ է սկսել:

«Դատախազության քննիչ Գաբրիել Պետրոսյանն ինձ բարձրացրեց իր աշխատասենյակ ու բառացիորեն ասաց. «Կեղծ փաստաթղթերի ու Հովսեփյանի անունը մոռանում ես, մենք Գեղամյանի ականջները կոլորենք, քո տան փողը կվերցնենք»»,- պատմում է Գ. Չիֆլիկյանը եւ նշում, որ ինքը հրաժարվել է այս տարբերակից եւ որոշել հարցի լուծմանը հասնել հացադուլի միջոցով: Սակայն դատախազության շենքում պահակային ծառայություն իրականացնող ոստիկանները ծեծել են նրան` թույլ չտալով հացադուլը շարունակել: Նա փորձել է իր «ակցիան» տեղափոխել նախագահի նստավայրի մոտ: Բայց այստեղ եւս երկու ոստիկաններ մեքենայից իջել ու սկսել են ծեծել Գ. Չիֆլիկյանին: Այս մասին մամուլը ժամանակին գրել է: Նույնիսկ նշվել է ծեծող ոստիկանների ավտոմեքենայի պետհամարանիշը: Սակայն որեւէ արձագանք չի եղել:

Գ. Չիֆլիկյանը կրկին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` այս անգամ պահանջելով նաեւ խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցել Ա. Հովսեփյանի եւ Ա. Գեղամյանի դեմ: Դատարանը գործը վարույթ չի ընդունել, քանի որ հայցադիմումում նշված չեն եղել Ա. Գեղամյանի եւ Ա. Հովսեփյանի հասցեները: Միաժամանակ, դատավոր Է. Ավետիսյանը բանավոր խորհուրդ է տվել դիմել դատախազություն, քանի որ գործը քրեական բնույթի է:

Գ. Չիֆլիկյանը դիմել է Երեւան քաղաքի դատախազություն: Բայց այստեղից էլ գրավոր պատասխանել են, թե «դիմումում նշված փաստերը քաղաքացիա-իրավական բնույթի են եւ ենթակա են լուծման դատական կարգով»:

«Էլ գերատեսչություն, բարձրաստիճան պաշտոնյա չմնաց, որ դիմած չլինեմ: Բայց բոլոր տեղերից դիմումս մակագրում են Գլխավոր դատախազություն: Ոնց որ Աղվան Հովսեփյանն ինքն իր դեմ պետք է քրեական գործ հարուցի»,- զարմանում է Գ. Չիֆլիկյանը եւ ավելացնում. «Էլ չգիտեմ` ինչ անեմ: Երեւի պիտի մեռնեմ` պրծնեմ…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter