
«Գանձասար-Կապանն» առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
«Հանրապետական» մարզադաշտում րոպեներ առաջ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 27-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երեւանի «Ալաշկերտի» ու Կապանի «Գանձասար-Կապանի» միջեւ: Թիմերին հիմնական ժամանակի 90 րոպեների ընթացքում չհաջողվեց աչքի ընկնել, եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Առաջին լրացուցիչ կեսի վերջում «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը հեռվից կատարած հարվածով կարողացավ գրավել Գեւորգ Կասպարովի դարպասը՝ 1-0: Այդուհանդերձ, 117-րդ րոպեին Վարդան Պողոսյանի հաշվենկատ փոխանցումից հետո Լուբամբո Մուսոնդան կարողացավ հավասարեցնել հաշիվը: Այսպիսով՝ հանդիպման ելքը որոշվեց 11-մ հարվածաշարով:
4-3 հաշվով 11-մ հարվածաշարում հաջողակ գտնվեցին կապանցիները:
«Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ տիրել գավաթին:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի 27 խաղարկություններից 8-ում հաղթել է Երեւանի «Փյունիկը», 6 անգամ պատվավոր մրցանակին տիրել է Երեւանի (նախկինում Աշտարակի) «Միկան», 5 անգամ՝ Երեւանի «Արարատը», 3 անգամ՝ Երեւանի «Բանանցը», 2-ական անգամ՝ Արարատի «Ցեմենտն» ու Գյումրու «Շիրակը», 1 անգամ էլ՝ Կապանի «Գանձասար-Կապանը»:
Մեկնաբանել