HY RU EN

Արաքս Մամուլյան

Քաղաքացիները փակել են դատախազության մուտքերը՝ գլխավոր դատախազի հրաժարականի ու քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով

Տասնյակ քաղաքացիներ, որպես բողոքի նշան, այս պահին փակել են Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մուտքերը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց բողոքի ակցիայի մասնակից Պայքար Լազարյանը:

Վերջինս նշեց, որ իրենց պահանջը բոլոր քաղբանտարկյալների ու Սասնա ծռերի խափանման միջոցը փոխելն է ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Նշենք, որ երեկ, ինչպես նաև մայիսի 11-ին ՊՊԾ գնդի գրավման գործով կայացած դատական նիստերի ընթացքում դատավորները մերժել են գնդի գրավման գործով անցնող անձանց (հայտնի են որպես «Սասնա ծռեր») խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները:

Մեզ հետ զրույցում Պայքար Լազարյանը նշեց, որ բողոքի ակցիային պատրաստվում են միանալ այլ քաղաքացիներ ևս, ինչպես նաև ասաց, որ պատրաստվում են գլխավոր դատախազության մուտքերը փակ պահել այնքան, մինչև իրենց պահանջները հասանելի դառնան պատկան մարմիններին:

Լազարյանի խոսքով` այն մուտքերով, որոնք իրենք փակել են, դատախազության որևէ աշխատակից մինչև այս պահը չի կարողացել ներս մտնել կամ դուրս գալ, տարածքում ոստիկաններ չկան, դատախազության որևէ աշխատակից նույնպես չի մոտեցել իրենց: