HY RU EN

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը մեխանիզմներ կմշակի՝ գյուղացիական վարկերի տույժ տուգանքներին համաներում տալու համար

Կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «մի քանի հրատապ հարցերի» մասին։

«Առաջինը կարկտահարության խնդրին է վերաբերվում. պարո´ն Խաչատրյան, մենք ի՞նչ տեղեկություն ունենք կարկտահարության վնասի ծավալների մասին»,- Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին հարցրեց վարչապետը։

Նախարարը զեկուցեց, որ կարկտահարության առաջին դեպքերն այս տարի գրանցվել են մայիսի 8-ին, հիմնական վնաս կրած բնակավայրերը Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում են, իսկ վնասի չափը 20-80% է կազմում, հիմնականում վնասվել են միրգն ու պտուղը։

Վարչապետը հետաքրքվեց, թե որքան է կազմում վնասի ընդհանուր չափը։ Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց, որ առաջիկա մի շաբաթում հստակ թվերը կներկայացնեն։

Փաշինյանը դիմեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով համագործակցել Գյուղատնտեսության նախարարի հետ՝ «պատկերը հստակ կազմելու համար»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հակակարտային կայանների խնդրին։

«Ըստ էության, մենք հակակարտային էֆեկտիվ սիստեմ չունենք, և սա լուրջ պրոբլեմ է: Շատ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց, ցավոք սրտի տեղի չեն ունեցել։ Գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարտային կայանների հնարավորությունից, կարելի է կռահել, որ խնդիրը ֆինանսական է։ Լուրջ խնդիր կա նաև գյուղացիական տնտեսությունների վարկերի հետ կապված, երեկ ԿԲ նախագահի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել, և նաև խնդրել եմ, որ առաջիկայում մեխանիզմներ մշակենք, որպեսզի գյուղացիական վարկերի տույժ-տուգանքերն ազատենք և վարկային համաներման հնարավորություններ լինեն»,- ասաց Փաշինյանը։