
Փաշինյանը հանձնարարեց մեխանիզմներ մշակել՝ արագաչափերի կուտակած տույժ-տուգանքներին համաներում տալու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարեց միջոցներ ձեռնարկել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետևանքով կուտակված տույժ տուգանքներին համաներում տալու համար։ Այս խնդրի մասին խոսելիս նա դիմեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։
«Նախ կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված, մարդիկ չեն վճարել՝ ենթադրվում է դրա հնարավորությունը չունենալու պատճառով, մենք պետք է մեխանիզմներ մշակենք այդ պարտքին ներում տալու համար և պետք է մտածել մեխանիզմներ՝ արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության համար»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակով, եթե կա նման օրենսդրական հնարավորություն, այդ տեսախցիկների գործունեությունը դադարեցնել։
«Հենց այսօրվանից այդ պրակտիկան պետք է դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց,- մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ կանգնեցնել, պետք է փոխենք մեր վերաբերմունքը այդ հարցի կապակցությամբ»։
Վարչապետը Արդարադատության նախարարին և ոստիկանապետին խնդրեց համատեղ, հնարավորինս արագ, այս խնդրով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։
Մեկնաբանել