HY RU EN

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը՝ ԱՎԾ պետին․ «Պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի պաշտոնական վիճակագրության մակարդակը Հայաստանում ավելացվի»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ ձևավորվեց վիճակագրական կոմիտեի խորհուրդը։

Կազմի մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի վիճակագրության կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության մակարդակը Հայաստանում ավելացվի, որովհետև սա չափազանց կարևոր հարց է: Ըստ էության, գործող օրենսդրությունն ու տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել, և մենք սրա մեջ շանս ենք տեսնում՝ կոմիտեն նույնը թողնելով՝ ստեղծել իրավիճակ, որ կոմիտեն բալանսավորված լինի, այսինքն՝ իսկապես կոմիտեի լիարժեք անկախություն ապահովվի, որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ խորհրդի կազմում են Ստեփան Մնացականյանը (ԱՎԾ գործող նախագահ), Գագիկ Անանյանը, Գագիկ Գևորգյանը, Նելլի Բաղդասարյանը, Վանուշ Դավթյանը, Լիլիթ Պետրոսյանը։

Փաշինյանն իր խոսքը հղեց Ստեփան Մնացականյանին․ «Եկեք ուղիղ նայենք փաստերին և արձանագրենք, որ հանրությունը հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ բովանդակությունը: Շատ կարևոր է, որ ճշգրիտ ազդակներ ունենանք, և մեր մտքում չլինի հարց՝ այսպես է, թե ոչ»։

Ստեփան Մնացականյանն արձագանքեց՝ կփորձի արդարացնել սպասելիքները, ապա ասաց․ «Ամբողջ աշխարհում վիճակագրական որևէ ցուցանիշ, որ հրապարակվում է, դա մեկ օգտատիրոջ համար լավ լուր է, մյուսի համար՝ վատ, 3-րդի համար՝ որևէ արժեք չներկայացնող: Եթե ազատական տնտեսակարգով երկրներում վիճակագրության հրապարակումից հետո քննադատություն չեղավ, նշանակում է, որ մենք արթնացել ենք կամ խորհրդային միությունում 1937 թվականին, կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում, որովհետև իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում, ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում: ԱՎԾ կայքէջում տեղադրված է մի փաստաթուղթ, որը կոչվում է պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն պատասխանեց՝ եթե այսքան անկեղծացել են, մի բան էլ ինքը կասի. «Արևմտյան երկրներից մեկի վարչապետն այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է, ես հուսով եմ, որ ձեզ որևէ բանով չնեղացրի, դա ես չեմ ասել, դա իրենց վիճակագրության մասին է եղել»:

Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ երբ ձևավորվեց ՄԱԿ-ը, որոշվեց վիճակագրական ծառայություն ստեղծել, որ ողջ աշխարհում նույն մեթոդաբանությունը գործի: «Դրա համար էլ ընդունված է հետևյալ թեզը, որ վիճակագրագետների համար երջանկությունը հաստատված լինելն է»,- ասաց Մնացականյանը:

«Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»,- ժպտալով ասաց Փաշինյանը։