
Լեւոն Բարսեղյան. «Ավագանու 13 անդամներն էս մասխարեն սարքելու համար պիտի հրաժարական տան»
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացրած ավագանու 13 անդամները (10-ը «Բալասանյան» դաշինքից, մեկը՝ ՀՎԿ-ից եւ 2-ը՝ ԲՀԿ-ից) նիստի ընթացքում որեւէ հիմնավորված բացատրություն չներկայացրեցին, թե հատկապես որ մի գործընթացի, կատարած կոպիտ սխալի, կոռուպցիոն ինչ բացահայտման կամ աշխատանքային թերացումների համար են որոշել անվստահություն հայտնել գործող քաղաքապետին:
Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը
Բացատրություն չհնչեց նաեւ անվստահության գործընթացը սկսած ավագանու անդամների քաղաքապետի թեկնածուի՝ ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանի կողմից: Վերջինիս ելույթը նիստի ժամանակ հարուցեց ներկաների տարակուսանքը: Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճիշտ է՝ ինքը անվստահություն է հայտնում Սամվել Բալասանյանին, սակայն կողմ է, որ նա մնա քաղաքապետ ու շարունակի իր թիմով ղեկավարել քաղաքը: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն այդ հայտարարության կապակցությամբ նկատեց, որ լավ կլիներ՝ քաղաքապետի թեկնածուն «բժշկական լուրջ հետազոտություն անցներ»:
Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել եւ ինչո՞ւ էին ավագանու որոշ անդամներ նման նախաձեռնությամբ հանդես եկել, եւ վերջապես, ինչպե՞ս հասկանալ անվստահություն հայտնող քաղաքապետի թեկնածուի՝ գործող քաղաքապետին կողմ լինելու հանգամանքը: Անցած երեք օրերին արդեն իսկ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ լրագրողների հարցախույզին պատասխանած ավագանու անդամներից մեկը նշել էր, թե նման քայլի գնացել են հենց Սամվել Բալասանյանի ցանկությամբ: Նաեւ շրջանառվում էր խոսակցություն, որ գործող քաղաքապետը նման գործընթաց չէր կազմակերպի, եթե չլիներ «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի լրատվամիջոցներով արած հայտարությունը:
Վերջինս նշել էր, որ երկրում իրողություն է փոխվել, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իրենք որոշել են հետ վերադարձնել «Բալասանյան» դաշինքի կողմից ՏԻՄ ընտրություններից հետո ՀՎԿ-ից եւ ԲՀԿ-ից խլած մեկական մանդատները: Նաեւ հայտարարել էր, որ միավորվել են ավագանու մյուս խմբակցությունների հետ ու պատրաստվում են գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Սամվել Բալասանյանն իր ելույթով հաստատեց լուրերը, որ սեփական անձին անվստահություն հայտնելու գործընթաց կազմակերպվել է այդ հարտարարություններից հետո, եւ ինքը կողմ է եղել դրան: Գյումրու քաղաքապետը անվստահության գործընթացը կոչեց «վստահության թեսթ»՝ նշելով, թե միայն այս եղանակով կարող էր վերահաստատել իր լեգիտիմությունը:
Ավագանու 33 անդամներից նիստին մասնակցում էին 24-ը: Որոշման նախագծի քվեարկությունը բոյկոտեցին ԳԱԼԱ խմբակցության 4 եւ երեք անդամ՝ ՀՎԿ-ից: ԲՀԿ-ի 8 անդամներից 6-ը բոյկոտի տարբերակ ընտրել էին նիստին չներկայանալը: Քվեարկությանը մասնակցեցին ավագանու 18 անդամ եւ միաձայն դեմ քվեարկեցին Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու որոշման նախագծին:
Ի դեպ, այսօրվա ավագանու նիստն առանձնանում էր ոչ միայն նիստերի դահլիճի մարդաշատությամբ, այլեւ քաղաքապետարանի առաջին եւ երկրորդ հարկերում տեղադրված էկրաններով նիստի ընթացքին հետեւող քաղաքացիների քանակով: Նիստերի դահլիճի մոտ հավաքվածներն եկել էին պաստառներով՝ «Մեր քաղաքապետը Բալասանյանն» է եւ «Ձեռքերդ հեռու Բալասանյանից» կոչերով: Նրանք հիմնականում Բալասանյան ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի աշխատակիցներն էին:
Մեկնաբանել