
«Էջմիածին ՋՕԸ»-ի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
«Էջմիածին ՋՕԸ»-ի տնօրեն Վլադիկ Հովսեփյանը մայիսի 15-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ լուրը հաստատեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Էջմիածին ՋՕԸ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել և ՋՕԸ-ի գործադիր տնօրենից պահանջում էին իրենց աշխատավարձերը: Մարդիկ կային, որ նույնիսկ երկու տարի աշխատավարձ չէին ստացել: Ցուցարարներին ընդունում էր Վլադիկ Հովսեփյանը:
ՋՕԸ-ի տնօրենի պահվածքը, խոսելաձևը զայրացնում էր աշխատակիցներին, ոռոգման ջուր պահանջող գյուղացիներին: Վերջիններս կարծում էին, որ գյուղացու հետ աշխատողը պետք է հենց նրանց կողքին լինի, որպեսզի հասկանա խնդիրները, ոչ թե սպիտակ վերնաշապիկով ու փողկապով նստի աշխատասենյակում: Էջմիածնի հարակից գյուղերի հողօգտագործողները դժգոհում էին, որ ջուր չունեն սածիլ անելու համար, իսկ տնօրենն այդ մասին տեղյակ չէր, չգիտեր, որ պոմպակայանները չեն աշխատում:
Մեկնաբանել