24-րդ տարին բանտում. 56-ամյա Արսեն Արծրունին դատապարտյալների ուղղման նոր մեթոդ է ստեղծել (տեսանյութ)
Զարուհի Մեջլումյան
Սարո Բաղդասարյան
ԱՆ քրեակատարողական վարչության պետի թույլտվությամբ «Հետքը» «Արմավիր» ՔԿՀ-ում հարցազրույց է վարել 24-րդ տարին բանտում գտնվող «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու հետ:
Արսեն Արծրունին ազատազրկված է 1994-ի դեկտեմբերից՝ 1996-ի դեկտեմբերի 10-ի Գերագույն դատարանի դատավճռով՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով: 2003-ին նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Այս գործով 2 անձ է կրում ցմահ պատիժ:
Սակայն, քանի որ թիվ 10 գործի նյութերը պահպանված չեն (գործի հատորների մեծ մասն այրվել է 2008թ. արդարադատության նախարարության շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով), ուստի «Հետքը» գործի բոլոր հանգամանքներին ու ապացույցներին ծանոթ չլինելով` Արսեն Արծրունու հետ չի խոսել քրեական գործի մասին:
Մեր զրույցը Արսեն Արծրունու հետ քրեակատարողական համակարգի, դատապարտյալի ուղղման ճանապարհի, նորանկախ Հայաստանի առաջին տարիների բանտի, դատապարտյալ-ուսանողների, երկարատև ազատազրկման հետևանքների, ցմահ ազատազրկման պարագայում պայմանական վաղաժամկետ ազատման նախադեպի բացակայության և համաժողովրդական շարժման արդյունքում նոր հույսերի մասին է:
-Արսե՛ն, 24-րդ տարին է՝ ազատությունից զրկված եք: Ինչպե՞ս գոյատևեցիք նորանկախ Հայաստանի առաջին տարիների բանտերում:
- Երբ մարդ ձերբակալվում էր, արդեն գերի էր ընկնում: Մեր ժամանակ, օրինակ՝ փաստաբանները քննիչի պես աշխատում էին, որ ինքնախոստովանական ցուցմունքներ տրվեին: Գիշերվա ժամի հարցաքննությունը ամենաազդեցիկ միջոցն էր: Հասան դրան, անշուշտ: Հին սիստեմն էր… Վազգեն Սարգսյանի մահից հետո ամեն ինչ փոխվեց և որոշվեց, որ՝ վե՛րջ, ցմահների հարցը պիտի տեղից չշարժենք:
1994-1998-ը KГБ-ում ենք եղել, առնետներ կային խցում, անհնար էր քնել: Մեկը պիտի արթուն մնար, հսկեր, մյուսը՝ պիտի քներ: Լույսը միշտ միացված էր լինում:
1996-ին, երբ մահապատժի դատավճիռը արձակվեց՝ ո՛չ տեսակցություն, ո՛չ պերեդաչա, ո՛չ զբոսանք: Մինչ այդ, նախաքննության փուլում տեսակցությունը դատավորն էր տալիս, նրա ստորագրությամբ էի տեսնում հարազատներիս: 3-6 ամիսը մեկ կարողանում էինք տեսնել, բայց շատ ուժեղացված հսկողությամբ: Եթե 4 հոգի էին գալու ինձ մոտ, ուրեմն 4 հոգի էլ տեսուչ, սպա պիտի լիներ ներկա:
-Հիշո՞ւմ եք 90-ականների «Նուբարաշենը»:
-1998-ին մեզ տեղափոխեցին «Նուբարաշեն» բանտ՝ ВМ բաժինը (Высшая мера-հեղ.) մահապատժի դատապարտվածների խցեր, որտեղ մարդիկ պարզապես մեռնում էին: Մարդիկ շատ դժվարությամբ էին դիմանում, փոքր սենյակներ էին, մեջը 12 հոգի: Հերթով քնել-զարթնել: Էդ ժամանակ 4 խուց էր: Սենյակում 8 հոգի էր, 4 մահճակալ, գետինը՝ ասֆալտ, պատերը՝ ջուր, գետինը՝ մի տեղում լճակ: «Նուբարաշենը» ինձ համար ցնցում էր, որ առհասարակ նման բան կա: Խցերի վիճակը եթե տեսնեիք... ոչ մեկն անգամ իր գոմը էդպես չի պահի: Հատուկ ամեն ինչ սարքված էր, որ մարդիկ մեռնեն: Երբ մտա 88 խուցն էր, եթե չեմ սխալվում, երկու մահամերձ կար, գոռգոռոց, ցավեր, բժիշկ չէր գալիս հաճախ: Հաջորդ ամսվա մեջ էդ մարդիկ մահացան: Այո՛, խցում մահանում էին մարդիկ, հոտ էր տարածվում, ահավոր տեսարան էր: Իսկ երբ գալիս էր հանկարծ բժիշկը, ասում էիր՝ գլուխս է ցավում, հարցնում էր՝ ինչ գործով ես նստած, պատասխանում էիր, օրինակ, սպանության: Բժիշկը նորից հարցնում էր՝ կին, աղջիկ եղել է, քանի անձ է սպանվել: Ու կապված դատապարտյալի պատասխանից՝ ասում էր միջոցը: Եթե գործիցդ բարկացած էր լինում, ասում էր՝ չայ խմի: Եթե, օրինակ՝ մեկ մարդու սպանության հոդվածով էր դատվածը, 1 հատ պարացետամոլ էր տալիս:
1991-2002 թվերը երկուսից մեկը մեռնում էր: Էն մարդիկ, ովքեր 90-ականներից են գնացել էդ շենք, լավ գիտեն, թե ինչ մեթոդներից է օգտվել համակարգը: Այսինքն՝ հիվանդության պարագայում չօգնել, առողջ մարդուն տանել գժի մոտ, որպեսզի գիժը մաշցնի: Չթողեն, որ սնվեն, տաքանան, ծեծեն, պետության անունից սպանությունը կատարեն:
-Ինչո՞ւ էին ծեծում:
-Առանց պատճառի, քանի որ մահապարտ էին, կարելի է ծեծել, ինչ ուզես, անես...գրաֆիկով ծեծի տարիներ են եղել:
-Ե՞րբ սկսվեցին առաջին դրական փոփոխությունները:
-2000 թ-ի մարտին մահապատժի դատապարտվածների տարածքը եղավ 8 խուց: Արդեն հեռուստացույց թույլ տվին: Երբ որ առաջին հեռուստացույցը թույլ տվին, ես Մհերի (ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի մասին է խոսքը-հեղ.) հետ էի: Ցմահի տեսուչները ահավոր բարկացած էին: 2003-ի սկզբին ԵԽ-ն մուտքի նախապայմաններ էր դրել, որ չի կարելի դատապարտյալին առանց զբոսանք պահել: Առաջին անգամ, երբ մեզ թույլ տվեցին զբոսանք, շատերը վատացան: Շաբաթը 1-3 անգամ կես ժամով հանում էին զբոսանքի: Կարող ենք ասել էն մարդիկ, ովքեր 1991-92 թվից բանտում էին, տարիներ զբոսանք չէին տեսել: Մեկ տարի ձգձգեցին խցում 4 հոգի պահելը, օդանցք, զուգարանի փակել: 2006-ին ցմահականների խցերը լավ կահավորված էին, անգլերենի դասընթացներ էին հետևում:
-Այո՛, Դուք էիք դասավանդում:
-Այո՛, ես էի դասավանդում: Գրեթե բոլոր խցերում կոմպյուտերներ էին դրված: 2007-ին արդեն ցմահականները բարձրագույն էին ընդունվում: 2008-ի վերջը մենք կարող ենք ասել, որ ցմահականների կարգավիճակը ամբողջ ԱՊՀ-ի մեջ՝ ներառյալ Լատվիա, Լիտվա, շատ ավելի լավ էր: Տեղի ունեցավ, չեմ հիշում, կարծեմ, Ղազախստանում էր, ցմահականների պահման կարգը անունով համաժողով: Զեկուցագիրը, որ Հայաստանը պատրաստել էր, ամբողջությամբ դատապարտյալների կողմից էր ստեղծված՝ տեսակցությունների սենյակը, հեռախոսի բուտկան, կոմպյուտերի սենյակը, լավ սենյակների նկարները, խցերում դրված կոմպյուտերները: Էդ ամեն ինչը կատալոգի պես սարքած էինք: Սա, երբ Եվրոպան տեսավ, ասաց՝ վե՛րջ, Հայաստանում ցմահականների խնդիրը լուծված է: Ու հենց էդ զեկույցը դուրս եկավ 2008-ի դեկտեմբերին, եկան ամեն ինչը քանդեցին, դասերը կանգնեցրին, կոմպյուտերները հավաքեցին խցերից: Ոչ թե պետությունն էր համոզմունքով Եվրոպա ստեղծում, այլ պետական այրերը խաղ էին խաղում: Ու այդ հետքայլը մինչև այսօր պահպանվում է: Մինչև այսօր չես կարող համոզել որևէ մեկին անգլերենի դասընթաց սկսել, որ խցում կոմպյուտերը ուղղման գործիք է: Միակ բանը, որ մենք շահեցինք 4 հոգանոց խցերի ամրագրումն էր, մեկ էլ բարձրագույն ուսման հնարավորությունը: Այսօր Հայաստանում 3700 դատապարտյալ կա, որոնցից իմ փաստաբանները հարցում են արել, թե քանի բարձրագույն սովորող դատապարտյալ կա: Մեզ պատասխանել են 6, 1-ը՝ հետբուհական, 5-ը՝ բուհական:
-Արսե՛ն, Դուք առաջինը սկսեցիք ուսումը բուհում: Ինչո՞ւ հենց հոգեբանությունը ընտրեցիք:
-Հոգեբանությունն այն առարկան էր, որ ինձ շատ պետք էր, որովհետև այդ տարիների բանտում դիմանալու համար, ամեն մարդ չէ, որ կարող էր դիմանալ: Օրինակ՝ մեր գործով մեկը շիզոֆրենիայով հիվանդացավ՝ տանջանքների հետ կապված: Բայց երբ որ մեծ տարիքում ես բռնվում, ոչ 20 տարեկանում, և երկար տարիներով պիտի բանտում լինես, շատ ավելի ծանր է: Չգիտես՝ երբ դուրս գաս, ժամանակ կմնա՞ ապրելու համար: Մինչև այսօր Մհեր Ենոքյանի և մեկ հոգու պարագայում, ոչ մի այլ բուհ չի ուզում լսի, որ ցմահ բանտարկյալը իր մոտ հեռակա սովորի: Բայց «Ուրարտու» համալսարանը՝ Սեդրակյանը՝ իր լայն սրտի արդյունքում ընդունեց և մինչև այսօր հենց հիմա 4 հոգի «Ուրարտուի» ուսանող են, հոգեբանություն են սովորում:
Ժամանակին ես ասում էի՝ ավելի լավ է ինչ-որ կառուցողական բանով զբաղվեինք և չենթարկվեինք ստերեոտիպին, որ մեզի պարտադրվում ա՝ դուք հանցագործ եք, ուրեմն ձեզնից միայն վատ բան ենք սպասում: Դրա դեմ պետք է պայքարենք: Ու քանի որ մենք ունենք երկրորդ խնդիրը՝ կյանքը իմաստավորել թեկուզ բանտում: Էս երկուքը միացվում են կրթության մեջ: Եկեք կրթությամբ զբաղվենք: Բայց հիմա կան մարդիկ, որ կողքից ասում են՝ էդ չափ կրթություն բանեցրեցիք, ուր է՝ չեք էլ ազատվում, վաղաժամկետին հաշվի չեն առնում:
-Հոգեբաններն ասում են, որ 7 տարի անց պատիժն արդեն սկսում է չազդել ուղղմանը, անձը հարմարվում է վիճակին: Ձեր ուսումնասիրությունները ի՞նչ են ցույց տվել:
-Բանտը աղետ է հատկապես ցմահի պարագայում... ինչքան ավելի երկար է նստում դատապարտյալը, այնքան ավելի հավանական է, որ իմացական խնդիրներ ունենա: Սկիզբը ուղղիչ հանգամանքները շատ են: Կարող է 7 տարի քաշի, 8-8,6 եմ գտել հայերի պարագային:
-Իսկ ի՞նչ է անում համակարգը, որ բանտից դուրս գա հոգով, մտքով, մարմնով առողջ քաղաքացի:
-Բան չի անում... երբ դատապարտյալը սկսում է այլևս կարգապահ դառնալ, իրավաբանական իմաստով նա վտանգավոր էր, իջավ վտանգավորությունը, նույնը մնաց կամ լրիվ բարձրացավ: Առաջին 7-8 տարի էդպես անցավ, երկրորդ 8 տարին հուզականով, 3-րդ 8 տարին իմացականն է, այսինքն՝ գժվելու է գնում, իրականությունից կտրվում է:
-Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:
-Խցում կոմպյուտեր եմ դրել, ինձ թույլ են տվել կոմպյուտերով զբաղվել, էդ կոմպյուտերով գիրք եմ կարդում՝ հոգեբանության հետ կապված:
Հիմա անհամբեր ու սպասողական վիճակ է, որը հաճելի է, բայց մի քիչ տանջալի, բոլորի մոտ այդպես է: Շատ-շատ մեծ սպասումներ կան Նիկոլ Փաշինյանից, հատկապես նրանք, ովքեր սուտ պատճառներով են նստած, էդպիսիք շատ կան և նաև նրանք, որոնք քրեական օրենսգրքի փոփոխություն են սպասում:
Արսեն Արծրունին Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, 1981-ից հանդիսացել է ՀՅԴ անդամ, 1990-ից հաստատվել է Հայաստանում: Ազատազրկված լինելով՝ «Նուբարաշեն»-ում կազմակերպել է անգլերենի ու համակարգչային դասընթացներ: Արսեն Արծրունին առաջին ցմահ դատապարտյալն է, ով 2007-ին ընդունվել է Երևանի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Դրական օրինակ է հանդիսացել խցակիցների և ևս 5 ցմահ դատապարտյալների համար, ովքեր ընդունվել են բուհեր: 2013-ին 62 ցմահ ազատազրկվածների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերել ուղղման հոգեբանության 42.000 տվյալ: 2016 թ-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ Սոցիալական հոգեբանության գծով: Իր գիտական ուսումնասիրության արդյունքում նախաձեռնել է «Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ մասնաշենքը վերածել գիտահետազոտական մասնաշենքի, որտեղ կլինեն բոլոր դատապարտյալ- ուսանողները, կաշխատեն նաև գիտաշխատողներ, համատեղ տարիների ընթացքում կպատրաստեն ուղղման այն մոդելը, որը կտարածվի նաև մյուս ՔԿՀ-ներում:
56-ամյա Արծրունին կարող էր 2013-ից, օրենքի համաձայն, պայմանական ազատության մեջ լինել, սակայն դատարանները մի քանի անգամ մերժել են նրա պաշտպանների բողոքները: Այժմ պայմանական ազատման հարցը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Արսեն Արծրունին ունի առողջական խնդիրներ. հայտնաբերվել է հանգուցավոր խպիպ, այժմ ստանում է համապատասխան դեղորայքային բուժում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել