HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Դատավորները կոծկում են ոստիկանության ապօրինությունները»

Կապիտան Էմմա Կարապետյանն ապրում է միայնակ, սոցիալական շատ ծանր պայմաններում: Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նախկին աշխատակիցն ավելի քան մեկուկես տասնամյակ «կռիվ է տալիս» ոստիկանության հետ: Գործը հասել է մինչեւ դատական ատյաններ: Սակայն «գրպանի դատավորները կոծկում են ոստիկանության անօրինությունները»:

ՆԳՆ հրավերքների եւ արտասահմանյան քաղաքացիների հաշվառման բաժնի ավագ տեսուչ Է. Կարապետյանը 1991թ. զբաղեցրած պաշտոնից ազատվել է՝ «քաղաքացիների դիմում-բողոքների պատճառով»: Անբասիր ծառայության համար խրախուսանքներ եւ պարգեւներ ստացած Է. Կարապետյանի խոսքերով՝ իրականում նման բողոքներ չեն եղել, իսկ եթե լինեին էլ, դրանք կարող էին հիմք դառնալ ոչ թե աշխատանքից հեռացման, այլ նկատողության կամ խիստ նկատողության համար:

Նա դիմել է դատախազություն, որտեղից ՆԳ նախարարի տեղակալին ուղարկվել է մի գրություն, որում նշված է, թե «Է. Կարապետյանին աշխատանքից ազատելու ընթացքում տեղ են գտել տարբեր խախտումներ: Ուստի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու եւ նրան աշխատանքում վերականգնելու համար»:

Ի պատասխան՝ նախարարի տեղակալը հավաստիացրել է, թե «առաջիկայում Է. Կարապետյանին կառաջարկվի որեւէ այլ հավասարազոր պաշտոն՝ ՆԳ մեկ ուրիշ ստորաբաժանումում»:

«Աշխատանքից ազատվելուց հետո ինձ` որպես պահեստային աշխատող, վերցրել էին կադրերի վարչության տրամադրության տակ: Օրենքով դա կարող է տեւել 20-25 օր: Հարկադիր պարապուրդը կարող է շարունակվել մինչեւ 2 ամիս միայն այն դեպքում, եթե անցկացվում է ծառայողական քննություն»,- տեղեկացնում է տիկին Էմման եւ նշում, որ չնայած իր բազում խնդրանքներին, դիմում-բողոքներին՝ իրեն այդպես էլ 7 տարի շարունակ աշխատանք չեն տրամադրել:

1998 թ. փետրվարին Է. Կարապետյանը տան դռան վրա նկատել է մի փոքրիկ թուղթ, որի վրա ձեռագիր գրված է եղել, թե ինքն աշխատանք է ստացել Արմավիր քաղաքում: Կադրերի վարչությունից նա իմացել է, որ, իրոք, Արմավիրի թիվ 31 հրշեջ մասում նշանակվել է աշխատանքի:

«Իմ կարծիքի հետ հաշվի չէին նստել: Նույնիսկ չէին ասում, թե դա ինչ աշխատանք է: Բայց գլխավորն այն է, որ ես չէի կարող ամեն օր առավոտյան շուտ տրանսպորտով Երեւանից հասնել Հոկտեմբերյան»,- ասում է Է. Կարապետյանը:

Չորս ամիս անց՝ 1998 թ. հունիսին, Է. Կարապետյանը ՆԳ համակարգից ազատվում է: Ավելի ուշ պարզվում է, որ Արմավիրում աշխատանքի նշանակվելուց հետո նա կրկին տեղափոխվել է Կադրերի վարչության տրամադրության տակ, այնուհետեւ վերջնականապես հեռացվել:

«Ամեն ինչ ապօրինաբար է արվել: Նախ՝ ինձ պետք է առաջարկեին նախկինում իմ ունեցածին հավասարազոր պաշտոն: Եւ ես իրավունք ունեի 2 անգամ նրանց տարբեր առաջարկները մերժել: Հոկտեմբերյանում ինձ աշխատանքի նշանակելու հրամանը ստորագրել է Կադրերի վարչության պետ Վրեժ Արզումանյանը: Իսկ նա նման լիազորություն չուներ: Դա կարող էր անել միայն նախարարը կամ նրա տեղակալը,- փաստում է տիկին Կարապետյանը:- Փաստորեն, ինձ աշխատանքի էին նշանակել ձեւականորեն, որպեսզի կարողանային համակարգից հեռացնել: Որովհետեւ կադրերի տրամադրության տակ գտնվող մարդուն կարող են հեռացնել միայն այն դեպքում, երբ նա մեկ ամիս առաջ աշխատանք է ունեցել եւ ստացել աշխատավարձ»:

Տիկին Էմման ոստիկանությունից պահանջել է իր ազատման հրամանը եւ միայն համառության շնորհիվ 3 տարի անց՝ 2001 թ., ստացել այն: Ըստ դրա՝ ՆԳ մարմիններից նա հեռացվել է տարիքը լրանալու եւ թոշակի անցնելու կապակցությամբ:

«Օրենքը, որի վրա հիմնվել են հեռացման որոշումը կայացնելիս, վերաբերում է շարքային եւ կրտսեր հրամանատարական կազմի ծառայողներին: Իսկ ես կոչումով կապիտան եմ: Հետեւաբար, թոշակի անցնելու համար, ըստ օրենքի, ինձ անհրաժեշտ էր 20 տարվա զինվորական ծառայության ստաժ: Իսկ իմ ստաժը կազմում է 18 տարի 6 ամիս»,- պարզաբանում է տիկին Կարապետյանը:

Այսինքն՝ առանց թոշակ ստանալու իրավունքի նա համակարգից հեռացվել է թոշակի անցնելու համար: Ոստիկանությունը, սակայն, գտել է այս անհասկանալի եւ հակասական իրադրությունից հեշտությամբ դուրս գալու ճանապարհը:

Թոշակ նշանակելու համար Է. Կարապետյանից պահանջել են վերջին աշխատավայրից ներկայացնել դրամական բավարարման վկայական:

«Իրենք շատ լավ գիտեն, որ ես չեմ կարող այդպիսի վկայական բերել: Որովհետեւ Հոկտեմբերյանում ո՛չ աշխատել եմ, ո՛չ էլ` աշխատավարձ ստացել»,- նշում է տիկին Էմման:

Նա դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ՆԳ համակարգից իր ազատման հրամանն անհիմն ճանաչելու հայցով:

«Դատավոր Հրաչ Հովհաննիսյանն ուղղակի պատվեր էր կատարում: Նա ոստիկանությունից թղթեր էր պահանջում, որոնք կամ չէին ներկայացվում, կամ էլ բնօրինակների փոխարեն ներկայացվում էին պատճենները: Ու դրանք դիտավորյալ այնպես են սեւացրել, որ կարդալ հնարավոր չէ: Սա դատավորին չէր հուզում, որովհետեւ ամեն ինչ ձեւական բնույթ ուներ:

Հետո` իմ կողմից արված միջնորդություններին դատավորը չէր անդրադառնում: Դրանք կամ չեն արձանագրվել, կամ էլ արձանագրվել են կիսատ-պռատ»,- վստահեցնում է Է. Կարապետյանը եւ մեջբերում իր ձեռքի տակ եղ ա ծ դատական նիստերի արձանագրությունից մի հատված. «Հայցվորը ներկայացրեց միջնորդություն եւ խնդրեց այն բավարարել: Պատասխանողի ներկայացուցիչն առարկեց եւ խնդրեց մերժել այն, որովհետեւ անհիմն է: Դատավորը որոշեց հայցվորի միջնորդությունը մերժել, քանի որ այն անհիմն է»:

Անհասկանալի է, թե ինչ միջնորդություն է ներկայացվել, ինչո՞ւ է առարկել պատասխանող կողմը, եւ ի՞նչ հիմնավորմամբ ու ո՞ր օրենքի համաձայն է դատավորն այն համարել անհիմն:

«Սա միտումնավոր է այսպես արվել, որ դատարանի թույլ տված կոպիտ խախտումները չերեւան,- մեկնաբանում է տիկին Էմման եւ հավելում,- բացի այդ` ես հայցադիմումիս մեջ պահանջել էի, որ դատարանը ոստիկանությունից բռնագանձեր ինձ հասանելիք գումարը: Ես 7 տարի գտնվել եմ կադրերի տրամադրության տակ եւ, օրենքի համաձայն, այդ ընթացքում պետք է ստանայի աշխատավարձ՝ նախկին աշխատավարձի միջինի չափով: Բայց դատավորն այս հարցն անընդհատ շրջանցում էր: Իսկ նրա կայացրած վճռից ընդհանրապես չի էլ երեւում, որ նման հայցով դիմել եմ դատարան: Սա ուղղակի հանցագործություն է»:

Դատարանն Է. Կարապետյանի հայցը մերժել է: Այն շրջել է դատական բոլոր ատյաններում: Սակայն որեւէ բան չի փոխվել:

2006 թ. տիկին Էմման կրկին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Այս անգամ նա պահանջել է, որ անվավեր ճանաչվեն 1991 թ. իրեն աշխատանքից ազատելու եւ 1998 թ. Արմավիրի հրշեջ բաժանմունքում աշխատանքի նշանակելու հրամանները: Է. Կարապետյանը պահանջել է նաեւ վճարել հարկադիր պարապուրդի ընթացքում իրեն չվճարված աշխատավարձը:

Թեեւ Վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատվել է, որ վեճն աշխատանքային է, դատավոր Գայանե Կարախանյանն այն որպես այդպիսին չի դիտարկել:

«Ըստ օրենսգրքի՝ աշխատանքային վեճը պետք է 2 ամսում լուծում ստանա: Իսկ դատավոր Կարախանյանը դատական առաջին նիստը նշանակել է հայցն ընդունելուց 4 ամիս անց»,- հիշում է տիկին Կարապետյանը եւ տեղեկացնում, որ իր հայտնած մի քանի բացարկները, ի վերջո, հասել են նպատակին, եւ գործը փոխանցվել է մեկ այլ դատավորի՝ Ռուբեն Ներսիսյանին: Սակայն այսքանից հետո վերջինս դատավարությունը նշանակել է դարձյալ 4 ամիս անց:

Է. Կարապետյանը բացարկ է հայտնել նաեւ Ռ. Ներսիսյանին եւ հույս ունի, որ գոնե այս անգամ գործը կհանձնվի այնպիսի դատավորի, ով օրենքից վեր ոչինչ չի դասի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter