HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպան Կասպրշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանն իր մտահոգություններն է հայտնել վերջին օրերին պետական սահմանի և շփման գծի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը՝ սադրանքներ թույլ չտալու և իրավիճակը չապակայունացնելու առումով:

Առողջություն մաղթելով հայ զինծառայողին՝ Անջեյ Կասպրշիկն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս առավելագույն ջանքեր գործադրել իր միջնորդական առաքելության մեջ:

Կողմերը քննարկել են նաև դեսպանի գրասենյակի և պաշտպանության նախարարության միջև համագործակցության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter