HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսին հրաժեշտ է տալիս թերթի հին կրպակներին

Մինչ Վրաստանի մայրաքաղաքում վերացնում են թերթի հին կրպակները, լրագրավաճառները բողոքում են, որ չեն կարող իրենց թույլ տալ առաջարկվող նորաձեւ տաղավարներից օգտվել:

Վրաստանում գործող լրատվական կազմակերպությունները մտահոգվում են, որ Թբիլիսիում փողոցային առեւտրի վերաբերյալ սահմանված արտոնագրման նոր կանոնները լուրջ վնաս են հասցնում թերթերի վաճառքի ծավալներին:

Թբիլիսիի բարեկարգման ծրագրի շրջանակներում վերջին 20 տարվա ընթացքում քաղաքի անբաժան մասը դարձած խարխուլ կրպակներն այժմ փոխարինվում են բոլորովին նոր տաղավարներով, որոնց առեւտրային արտոնագրերը վաճառվում են առցանց աճուրդի միջոցով`«1 000 նոր կրպակ» նախագծի շրջանակներում:

Մայրաքաղաքի իշխանությունները պնդում են, որ միայն բաց աճուրդների միջոցով կարելի է նոր կրպակներ ձեռքբերելու հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար: 

Սակայն նորաձեւ տաղավարների մեծամասնությունը բաժին է հասել արագ սննդի, ծխախոտի եւ վիճակախաղերի տոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններին: Լրագրավաճառներն ի վիճակի չէին մրցել այս ընկերությունների հետ աճուրդի ընթացքում, ինչի արդյունքում թերթի կրպակների թիվը մայրաքաղաքում պարզապես կրճատվել է:

«Այս աճուրդների ժամանակ խիտ բնակեցված տարածքներում թերթի կրպակի տարեկան վարձակալության արժեքը սահմանվել էր 45 հազար լարի (27 հազար դոլար): Վրաց հրատարակիչներն այդպիսի գումար չունեն: Իրադրությունը շատ բարդ է: Այն խոչընդոտում է բոլոր անկախ թերթերի տարածման գործընթացին: Թերթի կրպակների թիվն անընդհատ նվազում է: Շուտով կգա մի պահ, որ փողոցում հնարավոր չի լինի թերթ գնել», - դժգոհում է «Kviris Palitra» թերթի աշխատակից Դաչի Գրձելիշվիլին:

Թերթերի տարածմամբ զբաղվող երեք ընկերությունները`«Planet Forte»-ն, «Matsne»-ն եւ «Elva Service»-ը, դեկտեմբերին հայտարարեցին, որ մայրաքաղաքում իրենց զբաղեցրած 144 կրպակներից միայն 21-ն են պահպանվել: Արդյունքում`ամսագրերի եւ թերթերի վաճառքի ծավալները նվազել են 75-80 տոկոսով, ինչը ստիպել է նրանց հարկադիր արձակուրդ ուղարկել իրենց 180 աշխատակիցներին:

Այս կազմակերպությունները նշում են, որ զիջումներ չեն պահանջում, սակայն պնդում են, որ անհրաժեշտ է ճանաչել թերթի կրպակների առանձնահատուկ կարգավիճակը`նրանց մատուցած ծառայությունները հաշվի առնելով:

«Պետք է պարզապես թերթերի վաճառքի մրցույթ հայտարարել, եւ այստեղ մրցակցությունը պետք է ավելի բաց բնույթ ունենա», - մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Planet Forte» ընկերության տնօրեն Մերաբ Չանչալաշվիլին: 

Որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, որ մայրաքաղաքի բարեկարգման ծրագիրն իրականում մամուլի ազատությունը ճնշելու նպատակ է հետապնդում:

«Լրատվամիջոցների դեմ այսպիսի դիտավորյալ հարձակման որեւէ դեպք չեմ հիշում: Եղել են առանձին դեպքեր, սակայն այս պահին լրատվամիջոցների դեմ պատերազմը կատաղի բնույթ է ձեռքբերել», - նշում է www.humanrights.ge կայքի խմբագիր Ալեքո Ցկիտիշվիլին:

Դեկտեմբերի 19-ին մի շարք վրացական թերթեր նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն ուղղված դիմում հրապարակեցին`կոչ անելով «Չսպանե´լ մամուլը»: Հաջորդ օրը լրագրողները բողոքի ցույց կազմակերպեցին նախագահի պաշտոնական նստավայրի առջեւ:  

Ավելի վաղ ներկայացված դիմումներն ընդհանրապես անարձագանք էին մնացել. նրանց թվում էր նաեւ նոյեմբերին Վրաստանի Մամուլի ասոցիացիայի կողմից հրապարակված հայտարարությունը, որտեղ Թբիլիսիի քաղաքապետարանը մեղադրվում էր «տպագիր մամուլի տարածման գործող համակարգը ոչնչացնելու եւ խոսքի ազատության համար իրական սպառնալիք ստեղծելու մեջ»:

Թբիլիսիի քաղաքապետարանը հնչեցված քննադատությանը պատասխանեց միայն այն հայտարարությամբ, որ չպետք է քաղաքականացնել «ազնիվ մրցակցության, բիզնեսի զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման» գործընթացը: Մայրաքաղաքի իշխանությունները պնդում են, որ աճուրդն անցկացվել է ազնիվ մթնոլորտում, առանց թերացումների, իսկ եթե կրպակներին թույլատրվեր գործել համակարգից դուրս, ապա համապատասխան ընթացակարգով արտոնագրեր ստացողների գործունեությունը կխափանվեր:

«Լսել ենք … որ թերթի կրպակների տերերը ի վիճակի չեն այլ առեւտրականների հետ մրցելու: Կարծում եմ`այս մոտեցումը սխալ է: Թերթի կրպակների տերերը նույնպես տնտեսվարող սուբյեկտներ են եւ մրցակցության մեջ են այլ սուբյեկտների հետ: Հետեւաբար, եթե մենք նախապատվությունը տանք մի խմբի, ապա մյուսները դժգոհ կլինեն», - հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամլո խոսնակ Բաչո Դոլիձեն:

Լրատվական կազմակերպություններն իրենց հերթին թերթի վաճառքի այլընտրանքային ուղիներ են փնտրում: Դեկտեմբերին նրանք հիմնեցին «Ազատ մամուլի աջակցության կազմակերպությունը», որը կփորձի մայրաքաղաքում թերթերի տարածման նոր ցանց ստեղծել:

Կազմակերպության հիմնադիրներից մեկի`Լաշա Տուգուշիի խոսքերով, հավանաբար հնարավոր կլինի խուսափել առեւտրային սահմանափակումներից`շարժական սայլակների միջոցով թերթեր վաճառելով:

«Ազատ մամուլի աջակցության կազմակերպությունը» ոչ առեւտրային կազմակերպություն է եւ ծրագրում է գոյատեւել դրամաշնորհների եւ նվիրատվությունների հաշվին: Այն արդեն իսկ մեկ դրամաշնորհ է շահել վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն պատկանող «Kartu» հիմնադրամի շրջանակներում: Իվանիշվիլին [վերջերս] մուտք է գործել քաղաքական ասպարեզ եւ հայտնի է իշխանափոխության իր նկրտումներով:

Շորենա Լաթաթիա, Կովկաս 

Կովկասյան լրատու # 624

6-ը հունվարի, 2012թ.   

Շորենա Լաթաթիան IWPR-ի կողմից վերապատրաստված լրագրող է Վրաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter