ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են
Վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողություն:
Արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է գլխավոր դատախազություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել քրեաիրավական, գույքային և կազմակերպաիրավական բնույթի խախտումներ: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։
Արդեն տեղեկացվել է, որ գլխավոր դատախազությունում քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ՝ խաբեության եղանակով վարչական տուգանքները վճարելուց խուսափելու, այդ կերպ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու և պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ:
Հարուցված քրեական գործերը նախաքննություն կատարելու համար ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Արձանագրված մյուս խախտումների հետ կապված՝ գրություններ են ուղարկվել հաշվեքննիչ պալատ, ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» և արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ՝ դրանք հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով:
Ի պատասխան՝ դատախազությունը տեղեկացնում է, որ դրանց ստացված լրացուցիչ փաստաթղթերը և նյութերը կուսումնասիրվեն և դրանց հիման վրա արձանագրված մյուս խախտումներին ևս կտրվեն անհրաժեշտ գնահատականներ: Բացի այդ կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես՝ պետական շահերի խախտման պատճառները և նպաստող պայմանները վերացնելուն ուղղված միջնորդագրեր կներկայացվեն ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» և արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, որոնց վերաբերյալ ևս հասարակությանը պատշաճ կտեղեկացվի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել