
Գնաճը՝ ապրիլին
Այս տարվա ապրիլին, 2017 թվականի ապրիլի համեմատ, Հայաստանում արձանագրվել է սպառողական ապրանքների 2.4% գնաճ։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները։
Մասնավորապես, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 1.5%-ով։ Օրինակ՝ կաթնամթերքի, պանրի ու ձվի ապրանքախմբում արձանագրվել է 2% գնաճ, մսամթերքը թանկացել է 11.8%-ով, միրգը՝ 4.5%-ով և այլն։
Ոչ պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը (2018թ. ապրիլը` 2017թ. ապրիլի համեմատ) կազմել է 5.1%, իսկ ծառայությունների ոլորտի գնաճը՝ 1.7%:
Ըստ 12 խոշորացված խմբերի՝ միայն կապի ծառայություններն են, որ փոքր-ինչ էժանացել են այս տարվա ապրիլին 2017-ի նույն ամսվա համեմատ։ Մյուս ապրանքների ու ծառայությունների մասով գնաճ է արձանագրվել։
Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2018թ. ապրիլին
Ինֆոգրաֆիկայի երկրորդ սյունակում ներկայացված է ապրիլի գնաճը 12-ամսյա կտվածքով։ Քանի որ ապրանքների ու ծառայությունների գները սեզոնայնություն ունեն, հաճախ, գների իրական դինամիկան հասկանալու համար հիմք է ընդունվում հենց 12-ամսյա գնաճը։ Բացի այդ, 12-ամսյա գնաճն գլխավոր մակրոտնտեսական այն ցուցանիշներից է, որը հաշվի է առնվում բյուջետային պլանավորման ժամանակ: Կենտրոնական բանկը Հայաստանում որպես 12-ամսյա գնաճի նպատակային թիրախ է սահմանել 4±1.5%-ը։
Իսկ չորս ամիսների կտրվածքով՝ այս տարվա հունվար-ապրիլին, 2017 թվականի հունվար-ապրիլի համեմատ, սպառողական գներն աճել են 3.1%-ով։ Մասնավորապես, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախումբը թանկացել է 3.6%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 3.7%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 4.6%-ով, ծառայությունները՝ 1.5%-ով:
Մարտի համեմատ էլ ապրիլին հանրապետությունում գնանկում է գրանցվել։ Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.3%-ով։ Մասնավորապես, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը էժանացել են 1.2%-ով, ինչով էլ հիմնականում պայմանավորված է մարտի համեմատ արձանագրված գնանկումը։ Իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների՝ համապատասխանաբար 0.2% և 0.4% գնաճ:
Ինֆոգրաֆիկայի երկրորդ սյունակում գների փոփոխությունն է մարտի համեմատ։ Ըստ 12 խոշորացված խմբերի անկում է գրանցվել, ինչպես նշեցինք, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի մասով, ինչպես նաև՝ կոմունալ ծառայությունների, կապի, հանգստի ու մշակույթի ոլորտներում։ Մնացած խմբերում գնաճ է արձանագրվել։
Մեկնաբանել