HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սպանությունների շղթան ձգվում է

Հուլիսի 7-ին Երեւանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենային կրակոցներից սպանվել են 3 հոգի՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանը (մականունը՝ «Քաղցրիկի» Արտյոմ), նրա աներորդին՝ 30-ամյա Վարդան Մելիքյանը, եւ վարորդը՝ 43- ամյա Գրիգոր Ստեփանյանը: Արտյոմի դիակը եղել է հոր՝ Աշոտ Վարդանյանի շիրմաքարի մոտ: Վերջինս մոտ մեկ տարի առաջ Երեւանի Սայաթ-Նովա փողոցում սպանվել էր օրը ցերեկով:

Այս սպանությունները տրամաբանական շարունակությունն են մի քանի տարի առաջ սկսված հանցագործությունների, որոնք որոշ բարձրաստիճան իրավապահների հովանավորչությամբ մնացել են չբացահայտված: Արդյունքում շուրջ երեք տարի է՝ վրեժխնդրության հողի վրա մեկը մյուսին հաջորդում են աղմկահարույց սպանությունները:

Ողբերգությունների սկիզբը

Հորեղբորորդիներ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանների միջեւ համատեղ բիզնեսը կիսելիս առաջացել է խորը թշնամանք, որը փոխանցվել է նաեւ նրանց որդիներին: Հակառակ ճամբարներում են հայտնվել մի կողմից Գ. Վարդանյանի որդին՝ «Բոլերո» շոգեբաղնիքի սեփականատեր Ստեփանը, մյուս կողմից՝ «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Վարդանյանի երկու տղաները՝ Արտյոմը եւ Արթուրը:

Գագիկ Նիկողոսյանը պատմում է, որ այս երկու ընտանիքների միջեւ սկիզբ առած վեճ ու կռիվների ժամանակ իր որդին՝ Էդիկը, միշտ «կանգնել է ընկերոջ՝ Ստեփանի թիկունքին»:

Եվ ահա, 2004 թ. հոկտեմբերի 5-ի գիշերը Էդիկին զանգում է իր մի քանի օրվա ծանոթ Կարեն Գեւորգյանը եւ դուրս կանչում:

Հետագայում տաքսու վարորդը ցուցմունք է տվել, որ նրանց Էդիկի տան մոտից՝ Բուզանդի 22 հասցեից, տեղափոխել է 15-րդ թաղամաս, որտեղ էլ վերջիններս մեքենայից իջել ու հանգիստ զրուցելով հեռացել են:

29-ամյա Էդիկին այլեւս ոչ ոք չի տեսել, իսկ Կարենը հաջորդ օրը երեկոյան Երեւան-Մոսկվա չվերթով Հայաստանը լքել է:

Կարենի ծնողները ոստիկանությունում տված ցուցմունքում նշել են, որ այդ օրը նա անընդհատ կրկնել է՝ «ինչի՞ տարա Էդիկին գցեցի դրանց ձեռքը»: Ինչպես պարզվել է հետագայում, «դրանց»-ը Արտյոմ եւ Արթուր Վարդանյաններն են:

Կարենի բջջային հեռախոսահամարի զննումը ցույց է տվել, որ ամեն անգամ Էդիկին զանգելուց առաջ եւ հետո նա բավականին երկար խոսել է Արտյոմի հետ: Իսկ դեպքի օրը վերջինս եղբոր ու վարորդի հետ տանը չի եղել:

Շուտով այս երեք անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, որի պետն այն ժամանակ Հովիկ Թամամյանն էր: Վարդանյան եղբայրները խոստովանել են, որ Կարենին իրենք են ուղարկել Մոսկվա: Սակայն ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի եւ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի միջամտությամբ կասկածյալներն ազատ են արձակվել: Իսկ գործի քննությունը, որը մինչ այդ արդեն իսկ տեղափոխվել էր Մաշտոցի ոստիկանություն, մտել է փակուղի:

«Որդիս Կենտրոնի բնակիչ էր: Նրա անհետանալու կապակցությամբ ես հայտարարությունը տվել էի Կենտրոնի ոստիկանությունում: Բայց գործը տարան Մաշտոցի բաժին, որ կոծկեն: Սրա հետեւում կանգնած էր Շահումյանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ (այժմ՝ բաժնի պետ – Ա. Դ.) Մայիս Անտոնյանը: Առաջ Շահումյանի եւ Մաշտոցի ոստիկանությունները նույն շենքում էին: Հիմա առանձնացվել են: Բայց Մաշտոցում Անտոնյանի կապերն ու ազդեցությունը մնացել են, ու այս գործի շրջանակներում հենց նրա հրահանգով էլ շարժվում են»,- ասում է Գ. Նիկողոսյանը ու նշում, որ Մ. Անտոնյանը բարեկամական կապի մեջ է Ա. Վարդանյանի ընտանիքի հետ:

«Կարեն Գեւորգյանը գաղութից նոր էր ազատվել: Նրա անձնագրում վավերացման կնիք չի եղել: Ու Արտյոմենք նրան փախցրել են հենց Անտոնյանի օգնությամբ»,-ավելացնում է Գ. Նիկողոսյանը:

Մաշտոցի (Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ) դատախազության ավագ քննիչ Հայկ Էյրամջյանը Գ. Նիկողոսյանին վստահեցրել է, որ Կարենի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Որպես հիմնավորում՝ նա ցույց է տվել Ինտերպոլի կայքէջից արտատպված մի թուղթ, որի վրա պատկերված անձը, ինչպես Գ. Նիկողոսյանն է հավաստիացնում, Կարենը չի եղել: Նա պատրաստակամություն է հայտնել տրամադրել Կարենի իսկական լուսանկարը: Սակայն, այդ առաջարկը չի ընդունվել:

Գ. Նիկողոսյանը փորձել է Ինտերպոլի կայքէջում Հայաստանից հետախուզվող անձանց ցանկում գտնել Կարեն Գեւորգյան անուն-ազգանունը, բայց դա նրան չի հաջողվել:

«100 տոկոսով կա, հո տուն-տունիկ չե՞նք խաղում»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Էյրամջյանը: Սակայն այն գտնելու մեր ջանքները եւս հաջողությամբ չպսակվեցին:

«Բացի այդ, մոտ 2 տարի՝ մինչեւ 2006 թ. վերջը, Էյրամջյանն ինձ ասում էր, որ Կարենի կինն ու երեխաները գտնվում են հսկողության տակ: Ու հենց նա փորձի կապ հաստատել ընտանիքի հետ, անմիջապես տեղը կիմանան,- պատմում է Գ. Նիկողոսյանը:- Բայց սա խայտառակ սուտ է: Որովհետեւ դեռ 2005 թ. փետրվարի 27-ին Կարենի կինը երկու անչափահաս երեխաների հետ կեղծ փաստաթղթերով մեկնել էր Մոսկվա: Էս մասով հետո գործ հարուցվեց ու մտավ դատարան: Բայց մեղավորներին ձեւի համար նույնիսկ 50 դրամ չտուգանեցին: Էդ էլ մեր «արդար» դատարանը»:

Նշենք նաեւ, որ 2006 թ. սեպտեմբերին Գ. Նիկողոսյանի բջջային հեռախոսին զանգել է անծանոթ մեկը եւ հայտնել, որ Էդիկի դիակը գտնվում է Ա. Վարդանյանի ամառանոցում: Ըստ զանգողի՝ դիակը սկզբում ծածկվել է բետոնով, հետո նոր՝ հողով: Անծանոթը հորդորել է տեղեկությունը հայտնել միայն Հովիկ Թամամյանին, քանի որ «բացի նրանից` այս գործն ուրիշ ոչ ոք չի բացահայտի»: Որդեկորույս հայրն այդպես էլ վարվել է:

«Թամամյանն անակնալի չեկավ: Ոնց որ արդեն էս ամեն ինչը գիտեր: Ասաց, որ պիտի անպայման դիմեմ դատախազություն»,- հիշում է Գ. Նիկողոսյանը: Նա դիմել է գլխավոր դատախազի տեղակալ Մնաց Սարգսյանին: 10 օր անց քննիչ Հ. Էյրամջյանը Գ. Նիկողոսյանին կանչել է իր մոտ ու պահանջել, որ հեռախոսազրույցի բովանդակությունը գրավոր շարադրի: Այդ ընթացքում, սակայն, Գ. Նիկողոսյանն իր կապերի միջոցով հասցրել է ճշտել, թե ինչ հեռախոսից են իրեն զանգել, որ համարի քարտով, եւ բացի իրենից` տվյալ քարտով ուրիշ ի՞նչ համարների են զանգահարել: Այս տվյալները նա փոխանցել է իրավապահներին: Սակայն անծանոթին գտնելու ուղղությամբ այդպես էլ քայլեր չեն ձեռնարկվել:

Ի վերջո, մոտ երկու ամիս անց իրավապահները Գ. Նիկողոսյանի հետ ուղեւորվել են Ապարանի Քուչակ գյուղի մոտ գտնվող Արտյոմ Վարդանյանի ամառանոցը:

«Նախօրոք պայմանավորվել էինք, որ պիտի տեխնիկա տանեինք ու ամբողջ հողամասը քանդեինք: Բոլոր ծախսերը ես վերցրել էի ինձ վրա: Բայց հետո թույլ չտվեցին, ու խոսքները փոխեցին»,- պատմում է որդուն գտնելու համար տուն ու տեղ ծախած Գ. Նիկողոսյանը: Ըստ նրա՝ 1400 քմ տարածք ունեցող ամառանոցում 2-3 ոստիկաններ խորովածի շիշը մի քանի տեղ խրել են հողի մեջ ու հայտարարել, թե տեղեկությունը սուտ է: Մինչդեռ Նիկողոսյանը համոզված է, որ որդու դիակը գտնվում է հենց այդ ամառանոցում: Նա անծանոթի հետ ունեցած հեռախոսազրույցից այնպիսի տպավորություն է ստացել, որ վերջինս անձամբ մասնակցել է Էդիկի «թաղման արարողությանը»:

Նշենք, որ մինչ իրավապահները ճիգեր են գործադրել Էդիկի անհետացման գործը քնեցնելու եւ մեղավորներին չբացահայտելու ուղղությամբ, այս գործի շրջանակներում հնչել են նոր կրակոցներ ու խլել նոր կյանքեր:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ

2006 թ. հունիսին Աշոտ Վարդանյանի փոքր տղան՝ Արթուրը, կրակում է Արմեն Հակոբյանի ոտքին: Վերջինս Ստեփանի եւ անհետացած Էդիկի ընկերն է:

«Վիճաբանությունը եղել է տղայիս հարցով: Արմենն ուզեցել է Էդիկի տեղն իմանալ»,- պարզաբանում է Գ. Նիկողոսյանը: Նրա խոսքերով՝ այս կրակոցից հետո հարուցվել է քրեական գործ. «Միլիցեքին ի՞նչ է պետք` գործը փակել: Փողով ամեն ինչ կանեն: Ձեւի համար հետախուզում հայտարարեցին, ու դրանով ամեն ինչ վերջացավ»,- ասում է նա:

Ըստ Ա. Վարդանյանի շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանի` իրականում Արթուր Վարդանյանի վրա հարձակում է եղել: Եվ նա «պաշտպանվելու նպատակով գործի է դրել գազային ատրճանակը՝ կրակելով դիմացինի ոտքին: Բայց ոստիկանությունը հետագայում այդ մարդու վրա հայտնաբերել է նաեւ հրազենային վնասվածք եւ ուզում էին հիմնավորել, որ այն Արթուրի ձեռքով է կատարվել»,- ասում է փաստաբանը:

Նշենք, որ մինչ այս դեպքը, 2006 թ. մարտի 4-ին Երեւանի Սայաթ-Նովա փողոցի 37 շենքի մոտ հրազենային կրակոցներից օրը ցերեկով սպանվել էր «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը: Սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզում հայտարարվեց 2 երիտասարդների՝ Հայկ Կարապետյանի եւ Վահան Տոնոյանի նկատմամբ: Ավելի ուշ փաստաբան Ա. Գրիգորյանը մամուլի միջոցով ոստիկանությանը մեղադրեց «մատը մատին չխփելու մեջ: Քանի որ հետախուզվողները գտնվում են Երեւանում եւ առանց որեւէ հետեւանքի»:

Մամուլում գրվեց նաեւ, թե վերոնշյալ երկու անձինք Ստեփանի մանկության ընկերներն են:

Գ. Նիկողոսյանը պատմում է, որ Ա. Վարդանյանի սպանությունից հետո Ստեփանը լուրջ միջոցներ է ձեռնարկել հոր անվտանգությունն ապահովելու համար: Նրա ընկերները, իբրեւ թիկնազոր, միշտ շրջել են Գագիկ Վարդանյանի հետ: Սակայն հաջորդ կրակոցների համար որպես թիրախ ընտրվել է հենց ինքը՝ Ստեփանը:

2007 թ. մայիսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում երկու երիտասարդներ Ստեփան Վարդանյանի դիակը քարշ տալով տարել են «Երեւան» բժշկական կենտրոնի ընդունարան եւ, առանց բացատրության, հեռացել: Ստեփանի վրա կրակել են Շենգավիթ համայնքի 3-րդ մաս թաղամասում գտնվող «Պանդոկ» ռեստորանի դիմաց:

Գ. Նիկողոսյանը վստահ է, որ այս սպանությունը եւս կազմակերպել են Արտյոմ եւ Արթուր Վարդանյանները, քանի որ «Ստեփանը նրանցից բացի ուրիշ թշնամի չի ունեցել»:

Իսկ փաստաբան Ա. Գրիգորյանը մամուլին տված հարցազրույցում մի կողմից կատարվածում բացառել է Վարդանյան եղբայրների մասնակցությունը, բայց մյուս կողմից էլ չի բացառել կապը Ստեփանի եւ Աշոտ Վարդանյանի սպանությունների միջեւ:

Ստեփանի սպանությունից 3 օր անց ոստիկանության շենքում կասկածելի հանգամանքներում մահանում է «Պանդոկ» ռեստորանի սեփականատեր, 31-ամյա Լեւոն Գուլյանը: Նա հարցաքննվել է Ստեփանի սպանության գործի շրջանակներում: Լեւոնի հարազատները համոզված են, որ նրան սպանել են, եւ դրանում մեղադրում են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանին:

Գ. Նիկողոսյանը նշում է, որ Լեւոնի կինն ազգակցական կապի մեջ է Ա. Վարդանյանի ընտանիքի հետ: Ու հենց այս ընտանիքի ուղղորդմամբ էլ Հ. Թամամյանը դարձել է թիրախ:

«Միակ մարդը, որ շահագրգիռ է այս սպանությունների բացահայտմամբ, Թամամյանն է: Դրա համար նա չէր ուզի, որ Գուլյանի մատը փուշ մտներ: Որովհետեւ Ստեփանի սպանության բացահայտողը պիտի Գուլյանը լիներ, միակ վկան նա էր»,- ասում է Գ. Նիկողոսյանը:

Ինքը՝ Հ. Թամամյանը, Գուլյանի մահվանից հետո մամուլին տված հարցազրույցում բառացիորեն նշել է. «Սրանք շարունակական սպանություններ են: Առաջինը Էդիկն է, որ չկա: Երկրորդը՝ «Քաղցրիկի» Աշոտը, ում զավակների ձեռքով է Էդիկն անհետացել: Երրորդը՝ Ստեփան Վարդանյանի ընկերոջ վրա կատարված մահափորձը (խոսքն Արմեն Հակոբյանի մասին է – Ա. Դ.): Չորրորդը՝ Աշոտ Վարդանյանի տղայի ընկերների կողմից սպանված Ստեփանն է… Էլի են սպանություններ լինելու, եթե բարձրաստիճան ոստիկանները սրա առաջը չառնեն ու էս սպանությունների շարանը չբացեն»:

Բարձրաստիճան ոստիկանի նման բացեիբաց հայտարարությունից հետո անգամ իրավապահ մարմինները սպանությունների այս շղթան քանդելու կամք չդրսեւորեցին: Եվ Հ. Թամամյանի միանգամայն տրամաբանական կանխատեսումն իրեն երկար չսպասեցրեց:

Նախորդ շաբաթ` հուլիսի 7-ին, հոր գերեզմանին այցելած Արտյոմն իր երկու ուղեկիցների հետ սպանվեց: Նա չի հասցրել նույնիսկ իր հետ գերեզման տարած խունկը ծխեցնել եւ ծաղիկները դնել տապանաքարին: Իսկ մարդասպան(ներ)ը դեպքի վայրում թողել է արյունոտ ռետինե ձեռնոցներ:

Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը կատարված այս սպանությունների բացահայտումը վստահվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազության ավագ քննիչ Հայկ Էյրամջյանին: Սա նույն քննիչն է, ում համառ ջանքերով Էդիկ Նիկողոսյանի անհետացման գործը մտել է փակուղի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter