HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Ժամանակակից արվեստը մենակ է

Երբ խոսք է լինում ժամանակակից արվեստի զարգացման մասին, շատերը իներցիայով հիշում են «երանելի» ժամանակները, երբ ստեղծագործական միությունները հեշտությամբ լուծում էին այնտեղ ներգրավված արվեստագետների բազում խնդիրները' կենցաղայինից մինչեւ ստեղծագործական:

Անկախության տարիներին գաղափարախոսական կաղապարներից ձերբազատումն օգնեց երիտասարդ շատ արվեստագետների հետեւել համաշխարհային արվեստում ընթացող պրոցեսներին, դիմել նորարարությունների, որոնել եւ գտնել սեփական ոճը, կապեր ստեղծել արտերկրում:

Արվեստի ապագաղափարականացումը եւ ազատ մտածողությունը որքանո՞վ նպաստեցին մշակութային բազմակարծության ապահովմանը: Մշակութային առաջընթացի համար ի՞նչ խնդիրներ են դրել իրենց առջեւ Հայաստանի նկարիչների միությունը եւ «Հայ արտ» մշակութային կենտրոնը եւ ինչպե՞ս են լուծում դրանք:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կարծիքով' ՙամենամեծ աջակցությունը նկարչին ցուցադրվելու հնարավորություն տալն է: Իսկ նկարիչների միությունն անվճար ցուցադրվելու հնարավորություն է տալիս արվեստի տարբեր ուղղություններ դավանող նկարիչների: Միակ չափանիշը բարձր պրոֆեսիոնալ մակարդակն է, եւ նկարիչների միության ցուցասրահում հավասարապես ցուցադրվում են ինչպես ռեալիստական, այնպես էլ ամենահամարձակ փորձարարական արվեստը՚:

Այնուամենայնիվ, պարոն Աղամյանը չի հերքում այն փաստը, որ մշակույթի ոլորտը ներկայացնող մարդիկ հայտնվել են բոլորովին այլ իրավիճակում, եւ այսօր Հայաստանի կերպարվեստը ներկայացնում են ոչ թե լավագույն արվեստագետները, այլ նրանք, ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն:

Հայաստանի նկարիչների միությունը ԱՊՀ նկարիչների միությունների կոնֆեդերացիայի անդամ է եւ այդ կապերը փորձում է օգտագործել:

Այս տարվա մարտի 18-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ միջազգային փառատոնի բացումը, որին մասնակցելու համար հեղինակը նախ պետք է հայց ներկայացնի, վճարի դահլիճի վարձը (մեկ գծամետրը' 300-350 ԱՄՆ դոլար) եւ վճարի գրացուցակում (կատալոգում) տպագրվելու համար (էջը' 400 ԱՄՆ դոլար):

Եթե այս ամենին գումարենք Մոսկվա մեկնելու եւ վերադառնալու ծախսը, ապա փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի մոտ 5000-6000 ԱՄՆ դոլար: Սրանից ելնելով էլ կարելի է հաշվարկել, թե փառատոների եւ ցուցահանդեսների հրավերներից քանիսին են արձագանքում մեր նկարիչները: Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնին Հայաստանի նկարիչների միությունը ներկայացվելու է Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով:

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանի հավաստմամբ արվեստագետներին հովանավորելու համար «լողացող» ֆինանսներ չկան: Իսկ նախարարությունը ֆինանսավորում է միայն իր ենթակայության ներքո գործող Ազգային պատկերասրահին (իր մասնաճյուղերով հանդերձ), Ստեփանավանի մշակույթի կենտրոնին եւ Մինաս Ավետիսյանի Ջաջուռում վերաբացված տուն-թանգարանին:

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Էդուարդ Պալասանյանի հավաստմամբ' ՆՓԱԿ-ը գոյատեւում է իր, կնոջ' Սոնյա Պալասանյանի եւ սփյուռքահայ բարերարների ֆինանսական միջոցներով: 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ կենտրոնի տարածքն անհատույց եւ անժամկետ հատկացվել է ՆՓԱԿ-ին:

Այժմ տարածքի համար նրանք վճարումներ չեն կատարում: 13 տարի գործող կենտրոնը պետական որեւէ այլ աջակցություն չի ստացել եւ չի էլ ակնկալում: Իսկ աջակցությունը Էդուարդ Պալասանյանը զարգացած երկրների օրինակով է պատկերացնում£ Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում պետությունը սուբսիդիաներ է հատկացնում կայացած մշակութային կենտրոններին (Փարիզում' «Պոմպիդու» կենտրոնին, ժամանակակից արվեստի թանգարանին) իրենց գործունեությունը շարունակելու համար:

ՆՓԱԿ-ից բացի ժամանակակից արվեստի ցուցադրությամբ Հայաստանում զբաղվում են նաեւ «Հայ արտը» եւ Գյումրիի ժամանակակից արվեստի թանգարանը, որը բիենալեներ է կազմակերպում Գյումրիում: Իսկ առաջատար արվեստի (ժամանակակից, մոդեռն, ավանգարդ) զարգացման համար, ըստ պարոն Պալասանյանի, շատ կարեւոր է, որ արվեստագետները ֆինանսական կամ որեւէ այլ նախապայմանի չենթարկվեն: ՆՓԱԿ-ը պատրաստվում է այս տարի վեցերորդ անգամ մասնակցել Վենետիկի արվեստի փառատոնին (բիենալեին): Իսկ այդպիսի ամեն մի մասնակցություն արժենում է 30-60 հազար ԱՄՆ դոլար:

«Հայ արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Նորայր Այվազյանն այս հարցի նկատմամբ իր մոտեցումն ունի. որքանով որ պետությունն ու հասարակությունն արժեւորում են մշակույթը, նույնպիսի վերաբերմունք էլ ցուցաբերում են նրա նկատմամբ:

1997թվականին Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ հիմնադրված «Հայ արտ» մշակութային կենտրոնը նպատակ ուներ արվեստի (տվյալ դեպքում' կերպարվեստի) միջոցով նպաստել ժողովրդավարական-ազատական արժեքների տարածմանը, արվեստում մտածողության որոշակի ուղղությունների ձեւավորմանը: Միով բանիվ, խնդիր էր դրված, չհակադրվելով նկարիչների միությանը, լրացնել մշակութային դաշտը:

Երկու տարի Երեւանի քաղաքապետարանը միայն սուբսիդիաներ (պահպանման ծախսերի համար) է հատկացրել «Հայ արտին»: Կենտրոնն իր մշակութային ծրագրերն իրականացրել է հիմնականում դրամաշնորհների միջոցով: Այս ընթացքում «Հայ արտը» Հայաստանում եւ արտերկրում կազմակերպել է մի շարք միջազգային ցուցահանդեսներ:

Նորայր Այվազյանի հավաստմամբ, «Հայ արտն» այս տարիների ընթացքում հասցրել է մշակութային լուրջ կապեր հաստատել ՌԴ-ի, Վրաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հետ եւ տարածաշրջանային մշակութային կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի: «Հայ արտի» երեսուն արվեստագետներ մասնակցել են վերը նշված երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին:

Սկսած 2004-ից «Հայ արտը» սուբսիդավորում չստանալու պատճառով դադարեցրել է իր գործունեությունը, իսկ նախկինում արտասահմանի հետ հաստատած կապերը «սառեցվել» են:

Պարոն Այվազյանը քանիցս ծրագրեր է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Դրանք չեն մերժվել, սակայն ընթացք էլ չեն ունեցել:

«Եթե պետությունն իր մշակութային քաղաքականության մեջ կարեւորի ժամանանակակից արվեստի լուսաբանումը, եւվրոպական մշակույթին ինտեգրվելը, ապա ֆինանսավորման հարցն ինքնըստինքյան դուրս կգա օրակարգից: Ինչու՞ Հայաստանում բիենալեներ չեն կազմակերպվում: Կարելի է, չէ՞ մշակութային բիենալեներ կազմակերպել, որոնց գոնե տարածաշրջանի երկրները մասնակցեն»,- հարցնում է Նորայր Այվազյանը եւ հավելում' «եթե ես արտերկրից գամ եւ օտարերկրացու հայացքով նայեմ մեր իրականությանը, ապա կհասկանամ, որ ժամանակակից արվեստը Հայաստանում կամ բլեֆ է, կամ «օտար մարմին»:

«Ես ինքս խիստ շահագրգռված եմ, որ «Հայ արտն» աշխատի»,- մեր զրույցի ընթացքում նշեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանը: Նա ասաց, որ սուբսիդիաների հատկացումը բացառապես կախված է քաղաքապետարանի բարի կամքից, քանի որ «Հայ արտը» շահույթ հետապնդող ՓԲԸ է: Իսկ մշակութային կենտրոնը կանոնավոր չի գործում, որովհետեւ ձմռանը հնարավոր չէ ջեռուցել, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից:

Պարոն Նիկողոսյանի հավաստմամբ' քաղաքապետարանն առաջիկայում ծրագրել է վերանորոգել կենտրոնի առաջին հարկի հարթակը, ստեղծել ցուցահանդեսների համար նպաստավոր մթնոլորտ: Տեղեկացանք նաեւ, որ «Հայ արտի» ներկայացրած ծրագրերը քննարկվում են, եւ հավանաբար քաղաքապետարանը կաջակցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter