
Կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է Ախալքալաքի շուկայի գլխավոր տեսուչը. ընտանիքը պնդում է՝ նրա գլխին սարքել են
Կաշառք վերցնելու կասկածանքով մայիսի 16-ին ձերբակալվել է Ախալքալաքի շուկայի գլխավոր տեսուչ Մերուժան Հովհաննիսյանը: Այսօր Ախալցխայի դատարանը որոշել է նրա նկատմամբ երկամսյա կալանք կիրառել:
Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մայիսի 16-ին նրան ձերբակալել էր այն բանի համար, որ վերջինս մի քաղաքացու Ախալքալաքի ագրարային շուկայում տարածք տրամադրելու համար 1000 լարի (200 հազար դրամ) է վերցրել և այդ անձի հետ պայմանագիր չի կնքել:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ կոմերցիոն կաշառք, որը կատարվել է մեկից ավելի անձանց կողմից, մի քանի անգամ, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ առավելագույնը չորս տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ երկուսից չորս տարի ժամկետով, պաշտոնեական դիրքի կամ որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքից զրկմամբ՝ մինչեւ երեք տարի ժամկետով:
Մերուժան Հովհաննիսյանի եղբայրը՝ Սիփան Հովհաննիսյանը, ով այս րոպեներին վերադառնում է Ախալցխայի դատարանից, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր դեմ որևէ ապացույց չունենալով և շինծու մեղադրանքներով՝ դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց:
«Դատարանում նա բոլոր մեղադրանքները հերքեց, նման բան չի եղել: Ոչ մի փող իր մոտ չի եղել: Մենք բողոքարկելու ենք կալանքի սանկցիան»,- ասաց Սիփանը:
Ախալքալաքի շուկայում 1 քմ-ը տրամադրվում է 2 լարի օրավարձով: Եղբոր խոսքերով, քաղաքացին, ով իբրև թե 1000 լարին վճարել է, վրացի է և անհետացել է: Չի պատասխանում հեռախոսազանգերին, և գործում չկա նրա անուն-ազգանունը:
«Սա 100 տոկոս կազմակերպված է իմ եղբոր դեմ: Անուններ դեռ չեմ կարող ասել, բայց վստահ կարող եմ ասել, որ կազմակերպված է»,- ասաց Սիփանը:
Մերուժան Հովհաննիսյանն այդ պաշտնին աշախտել է 2017 թվականից:
Այս ամենը, ըստ ընտանիքի անդամի, եղբոր «գլխին սարքվել է», որովհետև Մերուժանը մշտապես հասարակական-քաղաքական ակտիվություն է ցուցաբերել:
Մերուժան Հովհաննիսյանը ծնվել է 1988 թվականին Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղում:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը պատմեց, որ դեռևս պատանի տարիներից Մերուժանն իսկապես եղել է Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (ՋԵՄՄ) անդամ, ակտիվորեն մասնակցել է հոգևոր մշակութային միջոցառումներին՝ իր մասնակցությունը բերելով հայապահպանության գործին:
2006-ից անդամակցել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք հասարակական կազամակերպությանը, իսկ 2008 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ ենթարկվել է քաղաքական հալածանքների: Ընտրությունների ժամանակ նույնպես ակտվություն է դրսևորել քաղաքական գործընթացներում:
«Չեմ շտապում գնահատականներ տալ: Այս գործում հարցականներ դեռ շատ կան»,- ասում է Վ. Չախալյանը:
Մեկնաբանել